Մայիսի 2-ին Գյումրու նորընտիր ավագանու հերթական նիստն է։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է բոյկոտել ավագանու նիստերը։ Իշխող կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ Իշխանականները կարծում են, որ Գյումրիում նոր ընտրություններ պետք է անցկացնել։
ՔՊ-ն կմասնակցի՞ ավագանու նիստին, թե՞ նախորդի նման կբոյկոտի, ՔՊ ավագանու անդամ, Գյումրիի քաղաքապետի նախկին ԺՊ Սարիկ Մինասյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց.
«Մենք չենք խուսափում մեր պատասխանատվությունից։ Նիստը կլինի, և մենք կմասնակցենք։ Օրակարգին կծանոթանանք: Իշխանության ձևավորմանը չենք մասնակցի, բայց մնացածը օրակարգին ծանոթանալուց հետո, իհարկե, կորոշենք»։
Մեր տեղեկություններով՝ մայիսի 2-ի ավագանու նիստի օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն է։ Կոմունիստական կուսակցության ցուցակով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը չեն զիջելու, թեկնածուն փեսան է՝ դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը։
Այս անառողջ մթնոլորտում ավագանու արդյունավետ աշխատանքը կասկածի տակ է դրվում։
«Այսօրվա իրականության մեջ Գյումրին, հետընտրական ընթացքը Հանրապետության թիվ մեկ խնդիրը չէ, բայց դա չի նշանակում, որ իշխանության ու ընդդիմադիր ուժերի համար այս հարցը մի կողմ թողնելու է կամ որպես իրողություն՝ ընդունելու են՝ Վարդան Ղուկասյանն ընտրվել է քաղաքապետ եւ վերջ։ Ամեն ինչ անելու են, որ խախտեն այս իրողությունը, բայց կոնկրետ ինչ քայլերով, անկանխատեսելի է։Ուշագրավ է, որ հիմա բոլոր խաղացողների մոտ լռություն է։ Եթե օրեր առաջ նրանց հարցազրույցներից կարելի էր որոշ տրամադրություններ հասկանալ կամ ինֆորմացիա քաղել, հիմա հնարավոր չէ»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի հայտնի արվեստագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը։ Գևորգյանի կարծիքով ՝ այս պահին Գյումրու նորընտիր ավագանու հետագա գործունեությունը, ավագանու անդամների հարաբերությունները զարգացման նոր թափ են հավաքում․
«Մոտակա առաջիկա 2-3 նիստին պարզություն կամ հստակություն չենք տեսնի։ Ամեն դեպքում, փորձենք համբերատար հետևել եւ հուսալ, որ գոնե մայիսի 2-ի նիստից տպավորություն կստանանք, որևէ կանխատեսում կարող ենք անել։ ՔՊ-ն բնական է՝ պիտի փորձի խանգարել բնականոն զարգացումը, կստեղծի արհեստական մի իրավիճակ, երբ քաղաքի կառավարումը կմտնի փակուղի, բայց մյուս կողմից, Ղուկասյանի՝ ընտրված թիմի կողմից ենթադրվում է, որ բոլոր խոչընդոտները հաղթահարման ռեժիմի մեջ են , փորձելու են քայլ առ քայլ այդ ամբողջը կառավարլի վիճակում պահել։ Այ, էստեղ է, որ այդ երկկողմանի համառությունների եւ ընդդիմադիր մյուս թևերի դաշինք չկազմելու հանգամանքով պայմանավորված, ամենատարբեր տարաձայնությունները կարող են ունենալ իրենց ազդեցությունները հետագա զարգացումների վրա։ Տրամաբանությունը հուշում է, որ գոնե մինչև հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, այս հարցով հստակություն դեռևս չի լինի, քանի որ իշխանությունն իր հաշվարկներ է անում ՝ երկրի եւ արտաքին քաղաքական զարգացումների մակարդակով։ Այ, էստեղից պետք է հասկանալ, թե ինչ կանի Գյումրիում իշխանությունը, այլ ոչ թե Գյումրիից կորոշվի, թե ինչ տեղի կունենա 2026թ-ի ընտրություններին Հայաստանում»,-ասաց Գևորգյանը։