Հասարակություն

Ովքեր են հերոսի կոչմանն արժանացել 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո

Ովքեր են հերոսի կոչմանն արժանացել 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) 44-օրյա պատերազմի ընթացքում ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո «Ազգային հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Ադրբեջանում։

Հայաստանում «Ազգային հերոսի» կոչում է շնորվել 7, Արցախում՝ 14, Ադրբեջանում՝ 3 հոգու։ 

ՀՀ ազգային հերոս

ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին կոչումը շնորհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին։ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ մասնակցել է Հադրութ քաղաքում ու դրա մերձակայքում մղված մարտերին։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։ Զոհվելու մասին հայտարարվել է հոկտեմբերի 12-ին։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում է շնորհվել հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը հերոսի կոչման են արժանացել Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր (44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր) Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ ՊՆ Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը։

Իջևանի զորամասի նախկին հրամատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանին նախագահի հրամանագրով հերոսի կոչում է շնորհվել 2021-ի հունվարի 27-ին՝ հետմահու։ Զոհվելու օր նշված է 2020-ի հոկտեմբերի 19-ը, զոհվել է Արցախում մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս։ 

Նույն օրը հերոսի կոչումներ են շնորհվել (հետմահու) նաև նախկին ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, ՀՀ նախկին Պնախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ ԳՇ պետ (1992-94), գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանին (մահացել է 1999-ի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնություն), 1991-1992 թթ. -  ՀՀ Պնախարարի նախկին առաջին տեղակալ-ԶՈՒ ԳՇ պետ (1991-92), ՀՀ նախագահի նախկին խորհրդական, Գլխավոր ռազմական տեսուչ (1993-2007) գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին (հետմահու, մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին Երևանում)։

Արցախի ազգային հերոս 

44-օրյա պատերազմի ժամանակ «Ազգային հերոս» կոչմանն արժանացել է Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանը (Քյոխ)։ Կոչումը շնորհելու մասին 2020-ի հոկտեմբերի 2-ին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Արցախի Պաշտպանության բանակի հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը հերոսի կոչման է արժանացել հոկտեմբերի 4-ին՝ կենդանության օրոք։ Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում ծառայակից ընկերների հետ խոցել են 15 տանկ և մեկ միավոր Հետևակի մարտական մեքենա։ Մարտընկերների հետ զոհվել է մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 2-ին, սակայն զոհվելու մասին հայտարարվել է նոյեմբերի 26-ին։ ՊԲ սերժանտ Էդգար Մարկոսյանին հերոսի կոչում է շնորհվել հոկտեմբերի 4-ին։ Պատերազմի ընթացքում Թալիշ գյուղի ուղղությամբ ընկերների հետ խոցել են հակառակորդի 10 տանկ։ Հոկտեմբերի 12-ին ողնաշարի վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Հոկտեմբերի 4-ին հերոսի կոչման է արժանացել նաև շարքային Յուրա Ալավերդյանը (Կարախանբեյլի-Ֆիզուլի հատվածում խոցել են թշնամու 9 տանկ, 1 զրահամեքենա)

Նույն օրը կենդանության օրոք հերոսի կոչում է շնորհվել ՊԲ գնդապետ Սերգեյ Շաքարյանին, ում զոհվելու մասին հայտարարվել է նոյեմբերի 2-ին։ Շաքարյանի հրամանատարության ներքո կասեցվել են ադրբեջանական կողմի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ։

Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը հերոսի կոչման է արժանացել հետմահու՝ հոկտեմբերի 4-ին, զոհվելու մասին հայտարարվել է հոկտեմբերի 2-ին (նրա հարազատներից Գրիշա Համբարձումյանը հայտնել է, որ Ղազարյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին)։ «Աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով, անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, աչքի է ընկել իրեն տրված ստորաբաժանումների ղեկավարման ու վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում», մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով:

Իսպանահայ գործարար Արմեն Կնյազյանը, ով 44-օրյա պատերազմի օրերին Արցախում էր, հոկտեմբերի 12-ին է արժանացել Արցախի հերոսի կոչման։ Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանն Արցախի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ծառայության համար հերոսի կոչման է արժանացել (հետմահու) հոկտեմբերի 17-ին։

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ՝ մարտական առաջադրանք կազմակերպելիս, իսկ հերոսի կոչման է արժանացել հոկտեմբերի 21-ին։ 

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին Արցախի հերոսի կոչում է շնորհվել հոկտեմբերի 28-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ արդեն ծանր վիրվորվել էր և ազատվել ՊԲ հրամանատարի պաշտոնից։ 

Հոկտեմբերի 29-ին «Ազգային հերոս» կոչմանն է արժանացել աշխարհազորային կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն Բարսեղյանը՝ «հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար»։

Հոկտեմբերի 25-ին բարձրագույն կոչմանն են արժանացել ՊԲ Ն զորամիավորման հրամատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանն ու ՊՆ Ն զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հունան Հայրումյանը՝ «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար»։

Պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին (Չոլկա) «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել նոյեմբերի 22-ին՝ «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար‎»։

Ադրբեջանի ազգային հերոս

Ադրբեջանի ազգային հերոս կոչում 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ մեկը չի շնորհվել։ Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 9-ին։ 

Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Իսրայըլօղլու Հաշիմովը զոհվել է 2020 թվականի հուլիսի 14-ին (2020-ին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշ մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված մարտերի ընթացքում)։ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլքար Անզորօղլու Միրզաևը նույնպես զոհվել է հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ժամանակ։ Հետախույզ, պահեստազորի ավագ սերժանտ Իբադ Մովսումօղլու Հուսեյնովը 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է հատուկ գործողությունների։

Երեքին էլ հերոսի կոչումը շնորհվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում հատուկ ծառայությունների և մարտական ​​առաքելությունների կատարման մեջ ցուցաբերած խիզախության համար»։ Նրանց համար նաև հաջորդ օրը նշանակվել է նախագահական կենսաթոշակ՝ 1500 մանաթ ամսական։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image