Տարվա սկզբին հանրությունը ցնցվեց զարհուրելի մի պատմությունից, որի մասին ոստիկանություն հաղորդում էր տվել Անուշ անունով մի կին։ Ըստ նրան, իր աղջիկ երեխաներից մեկին Երեւանի թիվ 124 մանկապարտեզում խոշտանգել են։ Պատմությունը ներկայացված էր այնպես, որ ընթերցողին թվում էր՝ սարսափ ֆիլմից դրվագներ են։
Մայրը իրավապահներին հայտնել էր, որ երկու տարի՝ 2019-ից մինչև 2021 թվականը այդ մանկապարտեզում իր երեխային խոշտանգել են եւ պատճառը հոր ազգությունն է եղել։ Մասնավորապես, դաստիարակները երեխային ստիպել են հող ու կղանք ուտել, երեխաները պլաստմասե խաղալիքով այրել են մարմնի հատվածներ, վնասվածք պատճառել սեռական օրգաններին։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Եթե պարզվի, որ արարքը կատարվել է ռասայական շարժառիթով, ապա ենթադրյալ մեղավորներին կսպառնա մինչև 7 տարվա ազատազրկում։
Պատմությունը իսկապես ցնցող էր, առաջին հայացքից էլ դժվարությամբ էիր հավատում, որ հնարավոր է նման դաստիարակներ լինեն։ Մինչ համացանցում բզկտում էին դաստիարակ կանանց, մամուլում լուրեր պտտվեցին, որ երեխաների մայրն է հորինել այս պատմությունը՝ արտերկրում ապաստան ստանալու նպատակով։ Դաստիարակներն էլ իրենց հերթին հերքեցին ողջ պատմությունը։
2 ամիս է անցել պատմության հրապարակումից, բայց կարծես հասարակությունը մոռացավ դրա մասին։
Նախատեսվում էր այս գործով առեսերում իրականացնել մոր, երեխայի եւ դաստիարակների միջեւ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում դաստիարակներից Գայանեն, որն ունի մեղադրյալի կարգավիճակ, ասաց, որ առերեսումը տեղի չի ունեցել, ապա ավելացրեց՝ փետրվարից հետո որեւէ քննչական գործողության իրենց չեն հրավիրել։ Մի խոսքով՝ նորություն չկա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, մեղադրյալների պաշտպան Ենոք Ազարյանը մեզ ասել էր, որ կողմերի միջև առերեսումն ուշանում է, քանի որ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին։
Թվում էր, թե իրավապահները պետք է շահագրգռված լինեին այս գործը շուտափույթ բացահայտելու հարցում, բայց ամիսներ շարունակ ոչինչ չանելը հակառակի մասին է խոսում։