Այսօր առավոտվանից ոստիկանությունը Գյումրիում լայնածավալ գործողությունների է անցել, համայնքի ղեկավարի թեկնածուներից մի քանիսի նախընտրական շտաբ են ներխուժել հակակոռուպցիոնն ու 6-րդ վարչությունը եւ ընտրակաշառքին վերաբերող փաստեր են փնտրում: Դեռևս խուզարկում է ընթանում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակու,մ տեղեկացանք նաև, որ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը ևս շրջափակված է, ոստիկաններն այստեղ էլ որևէ մեկին դուրս ու ներս անելու թույլտվություն չեն տալիս։
Գրիգորյանի մամուլի պատասխանատու Լիզա Գասպարյանից «Հրապարակ»-ը փորձեց տեղեկություն ստանալ։«Գուցե իշխանությանը, ՔՊ-ին հարցնեք, թե ինչ է կատարվում, էսպիսի բան դեռ չէինք տեսել, տասնյակներով մտել են գրասենյակ, ներսից փակ է, մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, հանցագործներ են փնտրում, սա խայտառակություն է, ասաց նա» ։
Քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, այժմ Գրիգորյանի թիմակից, ավագանու թեկնածու Նարեկ Միրզոյանն ասաց, որ տեղեկություններ կան, թե Գրիգորյանի բնակարանն էլ են խուզարկում այս պահին ։
«Սա միանշանակ քաղաքական հետապնդում է, ընդդիմության թեկնածուների շտաբներում իրականացվող այս գործողությունները վառ քաղաքական հետապնդման արդյունք են։ Իշխանությունները ջղաձգումների մեջ են, տեսնում ենք, ինչ են փորձում կազմակերպել դիվիդենտներ շահելու համար, բայց չեն հասկանում, որ սրանով իրենց վարկանիշն են ավելի գցում»,-ասաց նա։
Մեր տեղեկություններով՝ իրավապահները Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն կալանավորելու նպատակով են այնտեղ։