Քաղաքականություն

Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան․ Վանեցյան

Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ով Մայիսյան եռատոնի առթիվ Հաղթանակի զբոսայգում էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ունենալու է նոր հաղթանակներ, և թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան։

«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել և նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր մեր ժողովուրդը շատ տխուր է, այսօր մենք ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր նահատակված հերոսներ, առյուծ-տղաներ», - լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի» ղեկավարը։ 

Ըստ Վանեցյանի՝ իմքայլական «իշխանությունների ապաշնորհ, ապիկար գործողությունների հետևանքով Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն կարողանում ուղիղ մեջքով  քայլել»։ 

«Բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը։ Ես ուզում եմ, այնուամենայնիվ, շնորհավորել մեզ բոլորիս հաղթանակների առթիվ։ Մեր ժողովուրդը հաղթող ժողովուրդ է, մեր ժողովուրդը պայքարող ժողովուրդ է։ Եվ մեր ժողվուրդն անպայման աշխատանքով, միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը», - ընդգծեց նա։ 

ԱԱԾ նախկին տնօրենը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին և Հադրութը վերադարձնելու հնարավորություններին։

«Ես համոզված եմ, որ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան։ Համոզված եմ, որ այդ հնարավորությունները նաև ճիշտ աշխատանքի մեջ են, քաղաքական ճանապարհով այդ հարցի լուծման մեջ են, բանակցություների ճանապարհով այդ հարցի լուծման մեջ են։ Լուծումը հնարավոր է, բայց այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները։ Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային ուժեր, ունակ ուժեր, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ազգային և պետական շահերը», - ասաց նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image