2025 թվականը Հայկական աշխարհագրական մտքի պատմության համար հոբելյանական տարի է։ 330 տարի առաջ՝ 1695 թվականին, Ամստերդամում հրատարակվել է հայկական առաջին քարտեզագիրքը՝ «Համատարած աշխարհացույցը»։ Հայ լուսավորիչների ու հոլանդացի վարպետների ջանքերով հրատարակված առաջին ատլասը դարձել է 17-րդ դարի վերջի ամենից ճշգրիտ քարտեզներից մեկը։ 17-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում ակտիվորեն զարգանում էր գրատպությունը։ Նիդերլանդներն այդ ժամանակ արեւմտաեվրոպական ռեգիոնում համարվում էր գրատպության կենտրոն։ Այստեղ տպագրվում էին քարտեզներ, հատակագծեր, ատլասներ, որոնք պարունակում էին նաեւ տեքստային ու պատկերազարդ նկարագրություններ այն ժամանակվա երկրների մասին։ Ամստերդամը նաեւ դառնում է հայկական գրատպության կենտրոններից մեկը։ Հենց այստեղ է 1666 թվականին հրատարակվում հայերեն Աստվածաշունչը, 1669-ին՝ Առաքել Դավրիժեցու «Պատմագիրքը»։ 1660-ական թվականներին Ամստերդամում ստեղծվում է հայկական «Վանանդեցի» տպագրատունը, որը գործում է մինչեւ 1717 թվականը եւ դառնում լուսավորչական կենտրոն։ Հիմնադիրը Նախիջեւանի Վանանդ գավառից սերված Մաթեւոս Հովհաննիսյանն էր՝ զարմիկների՝ Ղուկաս եւ Միքայել Նուրիջանյանների, ինչպես նաեւ նրանց ազգական Թովմաս եպիսկոպոս Նուրիջանյանի հետ։ Վերջինս 1690-ականներին գլխավորում է ընտանեկան գործը։ Նա է առաջին անգամ հրատարակում հայ պատմագիրների աշխատությունները, 1695-ին՝ առաջին անգամ տպագրելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ 1699-ին տպագրվում է Ղուկաս Նուրիջանյանի «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատությունը, որը հասցեագրված էր հայ վաճառականներին։
1702 թվականին հրատարակվում է հայերենով առաջին քիմիայի դասագիրքը, 1711-ին՝ եվրոպացի հայագետ Յոհան Յոհախիմ Սկորդերի «Հայոց լեզվի գանձարանը», որտեղ առաջին անգամ ներկայացվել է աշխարհաբարի ուղղագրությունը, որն արեւելահայերի գրական լեզուն էր։ 1695 թվականին էլ հրատարակվում է «Համատարած աշխարհացույցը»։ Բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները կատարվել են հայոց լեզվով՝ «Վանանդեցի» տպագրատան հիմնադիրների կողմից։ Քարտեզում առաջին անգամ ներկայացվել են աշխարհի տեղանունների հայերեն թարգմանությունները։ Շատ տեղանուններ կիրառվում են, ի դեպ, մինչ այսօր։ Հեղինակը Ղուկաս Վանանդեցի Նուրիջանյանն է։ Այդ աշխատության համար նա ստանում է Օքսֆորդի համալսարանի մագիստրոսի կոչում եւ դառնում Անգլիական արքայական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրանց աշխատանքներում օգնում են հոլանդացի վարպետներ Ադրիան, Պետեր եւ Դամիան Շխոնեբեկները կամ Սխոնեբեկները։ Ադրիանը մի քանի տարի անց Ռուսաց Պյոտր 1-ին կայսեր կողմից հրավիրվում է Ռուսաստան։ Այն ժամանակ փորագրիչ տպագրիչներն առանցքային դեր ունեին գրատպության ոլորտում, եւ դա է պատճառը, որ «Համատարած աշխարհացույցը» նաեւ ներկայացվում է որպես «Շխոնեբեկ եղբայրների քարտեզ»։
Քարտեզը պատրաստված է եղել եվրոպական քարտեզագրական ոճով, բաժանված՝ ութ մասերի։ Յուրաքանչյուր մասն ունեցել է 150/120 սմ չափ։ Մասերը սոսնձված են եղել բարակ կտավով, որպեսզի վնասվելուց պաշտպանվեն։ Չորս կողմերում պատկերվել են ավանդական, աստղաբանական եւ միֆոլոգիական սիմվոլներ, որոնք խորհրդանշել են տարվա չորս եղանակները։ Ուշագրավն այն է, որ «Համատարած աշխարհացույցն» ունեցել է որոշակի նավիգացիոն էլեմենտներ, եւ այն հնարավոր է եղել օգտագործել նաեւ նավագնացության համար։ Այն պատկերել է նաեւ աստղային երկնքի կիսագնդերը, ունեցել է պատկերներ, որոնք ներկայացրել են աշխարհակենտրոն եւ արեւակենտրոն համակարգերը, 17-րդ դարավերջի համար նորագույն կոորդինատային ցանց՝ զրոյական միջօրեականով, ինչպես նաեւ՝ հատվածներ Հյուսիսային Ամերիկայի այն ժամանակ հայտնի ցամաքային հատվածից։ 1696-ին Վանանդեցին հրատարակում է առանձին ձեռնարկ՝ Աշխարհացույցի «Բանալին», որտեղ տրված էին մեկնաբանություններ եւ բացատրություններ քարտեզի վերաբերյալ։ Մեզ հասել է «Համատարած աշխարհացույցի» 1695 թվականի հրատարակության 12 օրինակ, որոնց մի մասը պահվում է Հայաստանում։ Երկրորդ անգամ «Համատարած աշխարհացույցը» հրատարակվել է 1749 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան հայրերի կողմից։