Քաղաքականություն

«Հրապարակ». 9-ամսյա շրջափակումից հետո՝ հյուծված, սոված, պատվի կռիվ տվեցինք` 236 զոհ տալով

«Հրապարակ». 9-ամսյա շրջափակումից հետո՝ հյուծված, սոված, պատվի կռիվ տվեցինք` 236 զոհ տալով

Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու նպատակով ընդունված, ապա չեղարկված ԼՂ-ի լուծարման հրամանագիրը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանի ԱԳՆ-ն այն պատճառն է համարում, որի հետեւանքով, իբրեւ թե, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից դուրս է եկել արցախահայերի իրավունքների հարցը:
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, այդ թվում եւ՝ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաեւ միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- ԱԳՆ-ի այս հայտարարությունը հերթական ինֆորմացիոն շարժառիթն է դարձել՝ հիշելու այն քաղաքականությունը, որի վերջնարդյունքը եղավ Արցախի հանձնումն Ադրբեջանին ու էթնիկ զտման միջոցով ցեղասպանության իրականացումը:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության համար իր պատասխանատվությունից հրաժարվելու եւ մեղավորներ կարգելու փորձ: Արխիվը՝ համացանցում Փաշինյանի արած հայտարարություններով, մնում է: 2023թ․ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել էր․ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։ Հաջորդ օրը կառավարության  նիստին վերահաստատել էր իր այս խոսքերը. «Գնահատականը նույնն է․ ուղիղ սպառնալիք՝ ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին, այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է»: Իսկ դրանից առաջ՝ 2022թ․ հոկտեմբերին, Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, եւ ինքն իրավասու չէ նրա անունից որոշումներ կայացնելու, Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս: Այսօր արդեն Փաշինյանի իշխանությունը ոչ միայն ջանք չի խնայում՝ փակելու Արցախի էջն ու տեղահանված ժողովրդի վերադարձի հույսերի վրա խաչ քաշելու, այլեւ նրանց անունից որոշումներ է կայացնում, օրինակ, հետ կանչելով ադրբեջանցի մարդասպան Քյաիլ Զեյնալիի դեմ հայցը, որը կցվել էր ՄՔԴ Բաքվի դեմ ներկայացված Հայաստանի բողոքին:

«Արցախի հարցը որեւէ  մարդու, խմբի, կուսակցության կամ նույնիսկ Արցախի ժողովրդի մի մասի որոշելիքը չէ, որ այն փակված կամ չփակված ճանաչեն: Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ միայն հավաքական հայ ժողովուրդը կարող է որոշել՝ շարունակե՞լ պայքարել նրա համար, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով, Արցախի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելու սահմանադրական իրավունք որեւէ պաշտոնյա չունի, անգամ՝ Արցախի նախագահը, եւ այդ որոշումն  իրավական ուժ չունի, ինչի մասին շատ է խոսվել, եւ ինքը՝ Շահրամանյանն է հայտարարել՝ անվավեր ճանաչելով Արցախի բնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու նպատակով կայացրած որոշումը: 

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ հնչող ակնարկին, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են բանակցել, Բալայանը հիշեցնում է. «Արցախի Հանրապետության նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանը 2023թ․ հունիսին ԱԺ-ում հայտարարեց, բառացի հիշում եմ, թե` ինձնից շատ բանակցող չկա: Խոսքը վերաբերում էր Ադրբեջանին: Նույնիսկ խոսակցություն կար, թե որտեղ էին ընթանում բանակցությունները, Շուշին էր նշվում, իսկ ավելի ուշ արդեն հրապարակային դարձան Իվանյանում եւ ապա Եվլախում Արցախի ներկայիս նախագահի հանդիպումները: Այստեղ հարցն այն չէ, որ Արցախի իշխանությունները չէին բանակցում, հարցն այն է, թե ինչ խնդիրներ էր բարձրացնում Ադրբեջանը՝ Արցախի պաշտպանության բանակի կազմալուծում, պետական ինստիտուտների կազմալուծում եւ Արցախի ժողովրդի ինտեգրում, այսինքն՝ Ադրբեջանի կանաչ անձնագրերի ընդունում: 1945 թվականին էլ թուրքերն էին ասում՝ զինաթափվեք: Տեսանք՝ ինչ եղավ»,- ասում է Վահրամ Բալայանը՝ հիշեցնելով նաեւ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ բնակչությունն այլընտրանք չունի, քան Ադրբեջանի հպատակությունն ընդունելը:

Բալայանն անդրադարձավ Սոֆիայում բանակցությունների մասին առաջարկին, որին Արցախի իշխանությունը դեմ չէր, բայց Ադրբեջանը վերջին պահին պնդեց, որ դրանք պետք է Բաքվում տեղի ունենան: Վահրամ Բալայանը նաեւ շեշտում է՝ Արցախի ժողովուրդը, անգամ իննամսյա շրջափակումից հետո՝ հյուծված ու սոված, ընդունեց, այսպես ասած, պատվի կռիվն ու պայքարեց՝ տալով 236 զոհ, սակայն Հայաստանի իշխանությունը, որ Արցախի անվտանգության երաշխավորն էր` փաստաթղթով, իրենց մենակ թողեց:

«Մենք գիտենք, թե ինչ եղավ, հայտարարվեց, որ Հայաստանն Արցախին որեւէ օժանդակություն ցույց չի տալու, Հայաստանը մենակ թողեց Արցախին: Կա փաստաթուղթ, որով ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, եւ կան գործողություններ, իսկ Պրահայում ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Սա է ճշմարտությունը»,- շեշտում է Վահրամ Բալայանը։

Հայաստանի իշխանության քաղաքականությունն ու ԱԳՆ-ի խայտառակ հայտարարությունը, ըստ մեր զրուցակցի, արցախահայությանը մասնատելու եւ պառակտելու նպատակ են հետապնդում: «Մեղադրել, որ քո հայրենակիցը սա չի արել, նա չի արել, դրա համար էլ դու դարձել ես բռնատեղահանված, բայց մենք գիտենք, որ դա տեղի ունեցավ աշխարհաքաղաքական զարգացումների եւ ՀՀ իշխանությունների կողմից մեզ մենակ թողնելու հետեւանքով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image