Քաղաքականություն

99 տարով «Զանգեզուրի միջանցքի» կորուստն ամրագրող փաստաթղթով «ամրապնդվել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»

99 տարով «Զանգեզուրի միջանցքի» կորուստն ամրագրող փաստաթղթով «ամրապնդվել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»

ՌԴ-ի վերահսկողությամբ Սյունիքով ադրբեջանական անխոչընդոտ կապը վերածվեց ԱՄՆ-ի վերահսկողությամբ ադրբեջանական անխոչընդոտ կապի: Գերիները, որ մի երկու-երեք ամիս էլ կսպասեին հանուն ՀՀ շահերի, իրականում կսպասեն երկու-երեք տասնամյակ: Եթե, իհարկե, այդքան ժամանակ վարչապետի պաշտոնին մնա «մեծարգո վարչապետը»: Եվ ի տարբերություն եռակողմ հայտարարության անժամկետ 9-րդ կետի՝ «Թրամփի ճանապարհը» ձևակերպվեց 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգվելու հնարավորությամբ: Հա, մեկ էլ դիմում հղվեց Մինսկի խումբը լուծարելու առաջարկով: Դա մոռացել էի, քանի որ այն մնացել էր որպես ձևական կողմ:

Բովանդակային առումով Մինսկի խումբը, կարելի ասել, լուծարվեց դեռևս երեք տարի առաջ Պրագայում: Իսկ Հայաստանում էլ դա ամրագրվեց պետական կառույցներում Արցախի անվան պաշտոնական արգելքի տեսքով: Ճիշտ այնպես, ինչպես սուլթան Աբդուլ Համիդի 2-րդի (1876-1909) օրոք Օսմանյան կայսրությունում արգելված էր «Հայաստան» անվանումը:

Այնպես որ Վաշինգտոնում չպատահեց մի այնպիսի բան, որն անսպասելի էր: Ուղղակի մենք սպասում էին, որ հրաշք կպատահի ու տեղի չի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում: Հա, մի բան էլ թերի մնաց՝ չմասնավորեցվեց «Թրամփի ճանապարհի» անվտանգության ապահովման՝ մեզ արդեն հայտնի տարբերակը: Երևի դա թողեցին ապագային, որպեսզի չափից շատ նորություններից մեր արևմտամետները չխենթանան:

Մեկ էլ լրացուցիչ ոչինչ չասվեց մեդալի մյուս կողմի՝ «Թրամփի ճանապարհը» կառուցելու մասին: Դա բացահայտվել էր մի փոքր ավելի վաղ. ՀՀ իրավասության ներքո գտնվող նախագծով Ամերիկայի Միացյալ Նահանգները վարձակալության կտա հողը շինարարության և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին։ Չնայած, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է տարածքը մնալու Հայաստանի իրավասության ներքո, եթե դրա վարձակալության տալու իրավունքը պատկանելու է ԱՄՆ-ին: Ինչն ապահովելու է ադրբեջանցիների անխոչընդոտ տեղաշարժը: Վերահսկողությունն էլ ԱՄՆ-ի կողմից պատվիրակվելու է ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպությանը:

Որն էլ ենթարկվելու է ոչ թե հայաստանյան, այլ ամերիկյան օրենսդրական կարգավորումներին:

Որքան հասկանում եմ, ամերիկյան փորձագետներն առաջնորդվել են 2020 թվականի եռակողմ հայտարարության տեքստով:

Ու երևի մոռացել են, որ դրա 9-րդ կետն Իլհամի պահանջով մտցվել էր, որպեսզի հավասարակշռեր Լաչինի միջանցքի առկայությանը: Ինչը, որքան էլ տհաճ լիներ, տրամաբանական պահանջ էր:

2025-ին չկա թե՛ Արցախը և թե՛ Լաչինի միջանցքը, սակայն նախորդ հայտարարության 9-րդ կետը վերածվեց 3-րդ կետի՝ մոռացության մատնելով Լաչինի միջանցքի հանգամանքը:

Ի դեպ, 1878-ի Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը՝ նվիրված Օսմանյան կայսրության հայկական տարածքներում իրականացվելիք բարեփոխումներին, Բեռլինում վերածվեց 61-րդ կետի:

Պահանջների հերթականության առումով «Հայկական հարցի» տեսակարար կշռի նվազեցումը բերեց նաև խոստացված բարեփոխումների թուլացմանը: Այս օրերին տեղի ունեցավ մոտավորապես նման գործընթաց. ունեցանք տարածքային կորուստ՝ մեր շահերի դեմ գործող թվային առումով բարձացմամբ հանդերձ:

Բայց որպեսզի ՀՀ «մեծարգո վարչապետը» կարողանա 2026-ի ԱԺ ընտրության քարոզարշավում օգտագործել ամերիկյան հովանավորությամբ ստորագրված եռակողմ հայտարարության թղթի կտորը՝ նրանում, խաղաղության մասին հայտարարությունից բացի, միջանցքի հետ միասին ներառվեց ոչինչ չասող այսպիսի արտահայտություն (վերջին մասը). «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»:

Թե ինչ է նշանակելու «Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» արտահայտությունը՝ կիմանանք այն ժամանակ, երբ հերթական անգամ կբախվենք իրականությանը: Այսինքն, կտեսնենք, որ դա ոչինչ չի նշանակում:

Չեմ կարող հերթական անգամ չհիշել Ալիսայի «ծուռ հայելիների թագավորությունը». 99 տարով «Զանգեզուրի միջանցքի» կորուստն ամրագրող փաստաթղթով, ԱԽՔ Գրիգորյան Արմենի ասելով, իրենք «ամրապնդել են Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image