Մշակույթ

«Հիշողության սլաքներ»․ ցուցադրվել են Թումանյանի, Իսահակյանի, Բակունցի ժամացույցները 

«Հիշողության սլաքներ»․ ցուցադրվել են Թումանյանի, Իսահակյանի, Բակունցի ժամացույցները 

Գրականության եւ արվեստի թանգարանում բացվել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։ 

Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում, կամ երբեմն երբ նրանք այլեւս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը ներկայացված է շուրջ 60 ժամացույց, որոնց շարքում առանձնանում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի եւ այլ մշակութային գործիչների անձնական ժամացույցները։ Այս հավաքածուում միայն Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է շարունակում մինչ օրս աշխատել՝ դառնալով ժամանակի խոսուն վկան։ 

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով, ցուցադրությունը փաստում է այն մասին, որ այստեղ, այս պահին ժամանակը կանգ է առել՝ վերափոխվելով հիշողության։ «Առաջին անգամ է, որ մեկ վայրում ներկայացվում են մեր գրականության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի երեւելիների անձնական ժամացույցները։ Ժամացույցներ, որոնք ուղեկիցն են եղել այս մարդկանց ստեղծագործական ամբողջ կյանքի, եւ որոնց սլաքներն այսօր ցույց են տալիս ոչ թե թվեր, այլ՝ պատմություններ, ապրած պահեր ու հիշողություններ»,- նշել է նա։ 
«Հիշողության սլաքներ» ցուցադրությունը կգործի 1438 ժամ 120 րոպե` մայիսի 31-ից մինչեւ հուլիսի 30-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image