Հասարակություն

«Հրապարակ». «Ֆիզգոռոդոկի» չարչրկված շինարարությունը

«Հրապարակ». «Ֆիզգոռոդոկի» չարչրկված շինարարությունը

«Ֆիզգոռոդոկ» կոչված տարածքում, որը Երեւանի ամենագողտրիկ թաղամասերից է, մինչ օրս դաժան մարտեր են ընթանում բնակիչների եւ Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեին հարող հատվածի կառուցապատող «Ռատկո» ընկերության միջեւ։ 

Բնակիչների նախաձեռնությամբ եւ ՊՎԾ ուսումնասիրություններից հետո քրեական գործեր կան հարուցված: «Ռատկոն» էլ բնակիչների դեմ է զրպարտության հայցեր ներկայացրել դատարան ու, ի դեպ, պարտվել է՝ փոխհատուցելով նրանց փաստաբանական ծախսերը: Իսկ նշված տարածքը, որը, ըստ բնակիչների, ապօրինի է զավթվել, ամենայն հավանականությամբ, կվերադարձվի համայնքին։ Բայց թե ինչ է լինելու 12 հարկանի շենքի հետ, որն արդեն կառուցված է, ոչ ոք չգիտի: «Էս շենքի կատլավանում 100 հատ թուղթ ու գիր կա, որ ֆիզգոռոդոկի բնակիչներն արել են, քցել ու սպասում են` ինչ ա լինելու նոր ապրողներին»,- ասում է բնակիչներից մեկը։ 

Պատերազմը սկսվել է դեռ 2018-ից, երբ «Ռատկո» ընկերությունը քաղաքապետ Հայկ Մարությանի «դաբրոյով» տիրացավ անխնամ տարածքին ու  ապօրինի, առանց փաստաթղթերի, 12 հարկանի շենքի հիմք գցեց։ Բնակիչներն ընդվզեցին, ակցիաներ կազմակերպեցին, ոստիկաններ եկան` ծեծեցին բնակիչներին, ՀԿ-ները հայտարարություններ արեցին ոստիկանական ամենաթողության դեմ, բայց տարածքի գնորդները՝ ռուսաստանաբնակ Արթուր Մնացականյանն ու Վահան Մովսիսյանը, այնուամենայնիվ, կառուցեցին շենքը։ Հետո սկսվեց նոր կինո. 23-ին էր նախատեսված շենքի բացումը, հետո՝ 2024-ի հուլիսին: Վերջին ժամկետը, որ դրվել էր, 2024 թ. հունիսն էր, բայց շենքը շահագործման չի հանձնվում, բանվորներն աշխատում են տարածքում, թեեւ դատախազությունում «Ռատկոյի» վերաբերյալ երկու քրեական վարույթ է քննվում: Մեկը հարուցվել է 2023-ի մարտին, այն բանից հետո, երբ ՊՎԾ-ն ուսումնասիրություն սկսեց բնակիչների պահանջով: Հանրային քրեական հետապնդում հարուցվեց Կադաստրի կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ. Հ․-ի՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր, եւ քաղաքացի Տ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): 
«Ռ. Հ.-ն, 2004 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2006 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ. Ս.-ի օժանդակությամբ, 2005 թ. հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թ. մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ. Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի եւ 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությանը հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ» թաղամաս): Հետագայում՝ 2006 թ. ապրիլի 28-ին, գույքն օտարվել է Ա. Բ.-ին, իսկ 2006 թ. հոկտեմբերի 13-ին՝ «Ռատկո» ՍՊ ընկերությանը․․․ Ռ. Հ.-ի արարքի հետեւանքով պետությանը պատճառվել է 117 մլն դրամի գույքային վնաս»,- հաղորդեց դատախազությունը: 

Երկրորդ վարույթը հարուցվել է վերջերս, դատախազության նախաձեռնությամբ: «Այդ տարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տարածք է, այսինքն՝ չի կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Վարույթը դեռ չի ավարտվել, բայց շենքում բանվորներ են աշխատում, մանր-մանր բզբզում են, շինարարություն են  անում, թե ինչպես, եթե վարույթներն ավարտված չեն, չգիտեմ»,- ասում է բնակիչներից Վարդան Հարությունյանը: Նա 2021 թվականի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանական բռնության զոհ է դարձել, քրգործ է հարուցվել, քննությունն ավարտված չէ:  

Այժմ բոլորը սպասողական վիճակում են։ Ֆիզգոռոդոկի հին բնակիչները սպասում են, թե երբ են պատժվելու տարածքն ապօրինի վաճառողներն ու գնողները: Նոր բնակարաններ ձեռք բերողներն էլ հույս ունեն, որ կա՛մ իրենց փողերը հետ կստանան, կա՛մ էլ գոնե մի օր կապրեն այդ շենքում: Իսկ ինչի՞ն է սպասում «Ռատկոն», ընկերության ոչ մի համարի չպատասխանեցին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image