Երեկ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը։ Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հոկտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, այդ նիստում մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով։
Նիստի ավարտից հետո Ռուբեն Վարդազարյանը, պատախանելով «Հրապարակ»-ի հարցին, թե արդյոք նիստը նախագահող Վահե Դոլմազյանի կողմից կողմնակալ վերաբերմունք նկատո՞ւմ է, քանի որ վերջին միայն մեկ նիստում ներկայացված իրենց 3 միջնորդությունները դատարանը մերժեց, նշեց. «Ես կարող եմ արձանագրել, որ իմ փաստաբանների ներկայացրած բոլոր միջնորդությունները` ուղղված դատարանին, մերժվել են, դատարանը բավարարել է այն միջնորդությունները, որոնք ես խնդրել եմ իմ առողջության հետ կապված՝ այլ վայր մեկնելու վերաբերյալ։ Ակնհայտ նկատում եմ կողմնակալ մոտեցում, պատվերը դեռ ուժի մեջ է, որ Վարդազարյանը պետք է դատվի, հետեւաբար, այս պրոցեսը շարունակվելու է մինչեւ մեղադրական դատական ակտ ունենալը... Այսօրվա իմ նիստում «թաքնված օրակարգի» մասին էր խոսվում։ Ես հայտարարություն եմ արել, որ՝ դատավորներ, չենթարկվեք քաղաքական ճնշումների, Գագիկ Ջհանգիրյանը եթերում հայտարարել է՝ ժամկետներն անցել են, չեն կարող այդ հայտարարության համար իրեն պատասխանատվության ենթարկել, դրա համար այս քրեական գործը հորինեցին։ Մարդը չի էլ ամաչում, չի էլ վախենում, բացահայտ ասում է, պարզ է, չէ՞, որ սրանք գնալու են Եվրոպական դատարան, ու ինչքան էլ այն քաղաքականացված լինի, բայց կան սկզբունքներ, որոնք չեն կարող շրջանցել»։
- Դատարանից ակնկալում եք, որ «դատախազական» վճի՞ռ է կայացվելու։
- Ես գրեթե վստահ եմ, չեմ ուզում այս պահին 100 տոկոս ասել, 99 տոկոս վստահ եմ, որ դատարանը կրկնելու է այն մեղադրանքը, ինչը որ ներկայացրել է դատարան դատախազը։ Դատարանը կրկնում է այն պրոցեսները, ինչ խոսում է մեղադրողը, մի փոքր ավելի որակյալ դրա վերաբերյալ որոշում է կայացվում։
- Դուք այլեւս պաշտոնյա չեք, իշխանությունն իր ուզածին հասել է, ո՞րն է Ձեզ «պատժելու» մոտիվը։
- Ես բազմաթիվ անգամ առաջարկություններ եմ ստացել իշխանություններից, որ հրաժարական տուր, քո դեմ ոչինչ չունենք, հրաժարական տուր գնա, մենք ցանկություն չունենք քեզ քրեական հետապնդման ենթարկելու, բայց, չգիտեմ, իմ համառությունն է, որ ասում եմ՝ ոչ։ Իմ հայտարարությունը շատ ճիշտ է եղել՝ ուղղված դատավորներին։ Ասել եմ՝ քաղաքական ալիքներին մի լսեք, օրինական դատական ակտեր կայացրեք, սա է ձեր անվտանգության երաշխիքը, այսօր եւս ուժի մեջ է։ Շատերը չեն ընկալում իմ ասածի արդիականությունն ու կարեւորությունը։ Ես ցավոք սրտի եմ ասում, այն դատավորները, որոնք օրենքի խախտումով դատական ակտ են կայացնում, դրա պատասխան տալու ժամանակն է գալու։ Դատավորները, ցավոք, չլսեցին իմ կոչը։ Ես փորձում եմ փիլիսոփայորեն մոտենալ՝ ի՞նչ է կատարվում դատական իշխանության հետ։ Ես հասկացա, որ երկուստեք վախն է աշխատում. իշխանությունը վախենում է արդար դատական ակտից, վախենում է իշխանությունից, որ կպատժվի արդար դատական ակտի համար։ Մեր իշխանությունը վախենում է արդար դատական ակտերից, հետեւաբար, սկսում է ճնշել դատարաններին, դատավորներն էլ ուրախությամբ ճնշվում են, արդյունքում մենք ունենք այս ողբալի վիճակը, որը տեղի է ունենում դատարաններում։ Միայն իմ գործով չէ, ես մոնիթորինգի եմ ենթարկում գործերը եւ տեսնում եմ՝ ինչ է կատարվում։
- Այդ գործերից մեկը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գո՞րծն է` Մարտի 1-ի գործը: Հիշեցնեմ․ վճռաբեկն այն հետ է ուղարկել՝ Հակակոռուպցիոն դատարան, նոր քննության, ուսումնասիրե՞լ եք այդ գործը։
- Միանշանակ, ուսումնասիրել եմ, այս պահին զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, քանի որ ես վստահ եմ, որ այս պրոցեսն օրերից մի օր ավարտվելու է, եւ քրեական հետապնդումն է դադարեցվելու, արդարացվելու է` ե՛ւ Եվրոպական դատարանն է արդարացնելու, ե՛ւ իմ լիազորությունները դադարեցնելու գործը, որը հիմա քննվում է Եվրոպական դատարանում, դա էլ է իր արդյունքը տալու։ Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի 2023 թվի` մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում Հայաստանի վերաբերյալ ակնհայտ նշվում է, որ Վարդազարյանը ենթարկվում է հետապնդման, ես վստահ եմ, որ օրերից մի օր իմ` դատավորի եւ ԲԴԽ նախագահի լիազորությունները վերականգնվելու են, այդ իսկ պատճառով ես զերծ կմնամ կոնկրետ պրոցեսներին գնահատական տալուց։
- Պարոն Վարդազարյան, բազմիցս գրվել է, ասվել է, որ կարգապահական վարույթներով ԲԴԽ-ն ազատվում է քաղաքական գործերով ոչ իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորներից, այժմ էլ են նման գործեր ԲԴԽ-ում քննվում․․․․
- Դա, այո, բոլորն էլ տեսնում են։ Այն, որ պարոն Անդրեասյանը քաղաքական անձ է, իր հետագիծը եթե նայեք, կտեսնեք, որ մարդը եղել է նախարար, քաղաքական թիմի անդամ, այժմ էլ դարձել է ԲԴԽ նախագահ ու անդամ։ Վիրահատական միջոցով չի լուծվում, որ քաղաքականությունից դուրս գա ու դառնա դատավոր, որն ապաքաղաքական է: Այդպես չի լինում․ կապերն են մնում, ուղղվածությունը։