Հասարակություն

Կարեն Անդրեասյանը խնայում է կոպեկները, որ դատարան վերանորոգի

Կարեն Անդրեասյանը խնայում է կոպեկները, որ դատարան վերանորոգի

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ցուցաբերելով բացառիկ թափանցիկություն, հարցազրույց է տվել իր ենթակայության ներքո գործող լրատվական ծառայությանը ու անդրադարձել մամուլում, այդ թվում «Հրապարակում», տեղ գտած պնդումներին։ Այսպես․ հարցին, թե ունի՞ նախընտրելի թեկնածու սահմանադրական դատարանի թափուր տեղի համար, Անդրեասյանը պատասխանել է․ «Ոչ, չունեմ ու ընդհանրապես չեմ միջամտում այդ ընտրությանը»։ Կարծես՝ եթե ունենար, պետք է ասեր՝ «Այո, ունեմ, և ամբողջովին միջամտում եմ այդ գործընթացին»։

Հաջորդ հարցը՝ մամուլն ասում է, որ Ձեր թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է: Անդրեասյանը պատասխանել է․

«Մինչ այդ էլ նույն մամուլը ասում էր, որ Դավիթ Խաչատուրյանն իմ անձնական թշնամին է: Ե՛վ այս, և’ նախորդ ստերն ուղղակի տրամադրություն են բարձրացնում իրենց իրարամերժ ու անտրաբանական շղթայով»։

Չեմ հիշում, որ որևէ մեկն ասի, թե Դավիթ Խաչատուրյանը Կարեն Անդրեասյանի թշնամին է, հավանաբար նման լուրերը Անդրեասյանն է հորինել, որ իր տրամադրությունը բարձրացնի։ Երրորդ պնդումը մեր նյութին չի վերաբերում, բայց էլի հետաքրքիր է։

Հարցին, թե ըստ մամուլի դատավորների ընդհանուր ժողովը կառավարության դահլիճում անելն այն պատճառով է, որ ճնշի դատավորներին և նրանք քվեարկեն իր ուզած թեկնածուի օգտին, Անդրեասյանը արձագանքել է․

«Մեր ունեցած դահլիճը փոքր է և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով, վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»։

Փաստորեն մի քանի ժամով դահլիճ վարձակալելը դատական իշխանության բյուջեում մեծ ճեղքված է առաջացնելու, և քանի որ Կարեն Անդրեասյանը խնայում է ամեն կոպեկ, որոշել է կառավարության դահլիճում անել։ Բա Սնուփ Դոգին երբ 6 միլիոն դոլար էին վճարում հենց այնպես, Կարեն Անդրեասյանը կառավարությանը մի բերան չի ասել, որ փողը քիչ է, Սնուփ Դոգի փոխարեն էդ գումարը հատկացրեք ԲԴԽ-ին, տանենք, դատարան նորոգենք։

Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Խաչատուրյանին եւ նրա հետ ունեցած հակասություններին, ապա Կարեն Անդրեասյանը, որպես կարդացած մարդ, պետք է իմանար, որ չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ, իսկ Խաչատուրյանի հետ հակասությունների թեման սպառվեց այն օրվանից, երբ նա հեռացավ ԲԴԽ-ից, հիմա՝ Դավիթ Խաչատուրյանի եղբոր՝ Սասուն Խաչատուրյանի հետ հարաբերություններ կարգավորելու փուլն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image