Հասարակություն

Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել նախագծերը

Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել նախագծերը

Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել ՀՀ քաղաքացու անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին նախագծերը․ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում e-draft-ում հրապարակվել է ՀՀ ոստիկանության հեղինակած «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»[1] (այսուհետ՝ Նախագիծ 1) և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»[2] (այսուհետ՝ Նախագիծ 2) ՀՀ կառավարության որոշումների նախագիծը։

Նշենք, որ Նախագիծ 1-ը վերաբերում է  «ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմանը, իսկ Նախագիծ 2-ը` ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին որոշմանը։

Նախագիծ 1-ով նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

Որոշման հավելվածով հաստատված կարգի 22.2-րդ կետում «10» թիվը փոխարինել «2» թվով:

Նախագծով 2-ով նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները․

1) որոշմամբ հաստատված  կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի  վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։».

2) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված  կանոնադրության 3-րդ կետի 1-ին պարբերությունը.

3) որոշմամբ հաստատված  կանոնադրության 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «2» թվով.

3) որոշման և որոշմամբ հաստատված  կանոնադրության ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

Նախագիծ 2-ով սահմանված փոփոխության գործող կարգավորումը այսպիսինն է․

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով նախագիծը և դա հիմնավորումները, գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են և ռիսկային, հակասում են ՀՀ սահմանադրությանը և ՀՀ միջազգային պարտավորություններին, իսկ հիմնավորումները առհասարակ չեն արտացոլում այս փոփոխությունների կատարման անհրաժեշտությունն  ու նպատակահարմարությունը։

Մասնավորապես, փոփոխությունները փաստացի վտանգի են ենթարկելու ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ մուտք գործելու իրավունքը։ Ընդ որում, ըստ ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի՝ այս իրավունքները կարող են սահմանափակել միայն որոշ բացառությունների դեպքում, դրանք են՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Այս բացառիկ դեպքերից որևէ մեկը առկա չէ այս իրավիճակում, համենայնդեպս նախագծի հիմնավորումները և առաջարկվող փոփոխությունները այդ մասին չեն վկայում։

ՀՀ քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար («ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։

Փաստացի, համադրելով անձնագրի հասկացությունն ու ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, ստացվում է վտանգի տակ է դրվում ՀՀ քաղաքացու ինքնության հաստատման/ճանաչման գործընթացը,  հատկապես այն դեպքում, երբ վերջինս գտնվում է օտարերկրյա պետություններում։ Ավելին, սա լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու նաև քաղաքացիների վրա՝ երկու տարին մեկ անգամ անձնագիրը թարմացնելու համար, ինչի հետևանքով էլ ավելի է ծանրաբեռնվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանումները։

Քաղաքացու և միջազգային կազմակերպությունների համար առաջադրվող մեկ այլ բեռ է անձնագրում առկա երկարաժամկետ վիզաների (օրինակ՝ 3 տարի, 10 տարի) փոխադրումը նոր անձնագիր։

Նախագծի բացասական կողմերից է նաև առաջացող ֆինանսական բեռը երկու տարին մեկ անգամ անձնագրի նորացման համար տրվող պետական տուրքերի տեսքով։ Շատ դեպքերում, անձնագրերի ստացումը պետք կլինի կարճ ժամկետներում, ինչի համար քաղաքացին ստիպված վճարում է լրացուցիչ՝ ավելի մեծ գումարներ, և այս նախագծով փաստացի քաղաքացուն ստիպում են այս գործընթացը կատարել երկու տարին մեկ անգամ։

Ոստիկանության կողմից տրված լրացուցիչ պարզաբանումը այն մասին, որ վավերականության ժամկետի կրճատումը վերաբերում է միայն այսպես կոչված «կապույտ անձնագրերին», և ոչ թե՝ կենսաչափականներին, ևս խոսում է այն մասին, որ այս նախագծերով լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվում քաղաքացու վրա, նկատի ունենալով կապույտ և կենսաչափական անձնագրերի ստացման համար պետական տուրքի էական տարբերությունը։

2021 թվականի մարտի ամսին ուժի մեջ մտավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի 15-րդ հոդվածով նախատեսվում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի լիարժեք կատարումը։ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը (վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ է 2014 թվականի հունվարի 1-ին։ Ստացվում է, որ մի կողմից ՀՀ-ը ձեռք է բերում վիզաների դյուրացման պարտավորություն, մյուս կողմից ստեղծում է արհեստական խոչընդոտներ այդ պարտավորության լիարժեք կատարման համար։

Այսպիսով, գտնում ենք, որ նախագծերը խախտում են ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը, իրենից ներկայացնում է անհարկի վարչարարություն  և քաղաքացիների համար ավելացնում է լրացուցիչ ֆինանսական բեռ։

Նախագծի վերաբերյալ առկա հանրային մեծ դժգոհության մասին է վկայում նաև e-draft կայքում կողմ և դեմ ձայների քանակը, որոնք սույն հայտարարության պահին ունեն հետևյալ պատկերը․

Նախագիծ 1

Նախագիծ 2

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image