«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն այլեւս չի հեռարձակվում, սակայն հիմա էլ առօրյա կյանքում կան անձինք, ովքեր իրենց անհավասարակշիռ վարքով, արարքներով հիշեցնում են այդ հաղորդաշարի կարկառուն դեմքերին։ Հունվարի 25-ին Իջեւան քաղաքի բազմահարկ շենքերից մեկում Հայաստանի ընկերություններից մեկի իջեւանյան մասնաճյուղում աշխատող՝ բարձրագույն կրթությամբ մի աղջիկ թակել է շենքում իր հարեւանի բնակարանի դուռը, որպեսզի այդ տան տղամարդուց բազմաբնակարան շենքում ընթացող շինարարության մասին խորհուրդ ստանա։
Դուռը բացել է տանտիրոջ երիտասարդ կինը՝ Աննա Խաչատրյանը, եւ վիրավորական արտահայտություններ արել հարեւանուհու հասցեին, նրան էշ է անվանել։ Աղջիկը զարմացել է ու զայրացել գռեհիկ վերաբերմունքից, վիրավորանքից։ Վիրավորանքը չմոռացած՝ հաջորդ օրը նա այդ հարկի հարթակում դժգոհություն է հայտնել հարեւանուհու նախօրեի պահվածքից: Դրանից հետո վերելակ է մտել, հասցրել է մեկ հարկ իջնել, երբ հարեւանուհի Աննան ու նրա տագրը՝ Իջեւան համայնքի Վազաշեն գյուղի բնակիչ, 2000 թվականին ծնված Մհեր Պապյանը, հարձակվել են նրա մոր վրա։ Աղջիկը վերելակով ետ է վերադարձել, պաշտպանել մորը, Մհեր Պապյանը նրա ձեռքն ուժեղ սեղմել է, նրան քաշքշել, գետնին տապալել։ Իսկ վիրավորանք հասցրած, երկու երեխաների մայր, ծագումով Բերդ համայնքից կնոջ ամուսինն այդ ժամանակ գտնվել է Երեւանի օդանավակայանում, որպեսզի արտերկիր մեկնի։ Աղջիկը, որի անունն իր խնդրանքով չեմ հրապարակում, հայտնում է, որ որեւէ լուրջ պատճառ չկար հարեւանուհու կողմից նման թշնամական վերաբերմունքի համար։ Նա հիշում է, որ նախկինում հարեւանների ընտանիքում`ամուսինների միջեւ վեճ է եղել, ջահել կինը խնդրել է տրամադրել իր հեռախոսը, քանզի նրա հեռախոսն աշխատելիս չի եղել: Աղջիկը հարեւանուհուն տրամադրել է հեռախոսը, որպեսզի նա խոսի բարեկամների հետ։ Դրանից հետո հարեւանուհին նորից է աղջկա հեռախոսը խնդրել, որպեսզի դարձյալ հեռախոսազրույց ունենա։ Աղջիկն այս անգամ մերժել է հեռախոսը տրամադրել, քանզի հարեւանուհին իր մոտից չի խոսել, այլ՝ առանձին տեղից, ինքն այդ հեռախոսազրույցների հետեւանքով կարող էր տհաճ իրավիճակում հայտնվել, խնդիրներ ունենալ։
Ձեռքերին կապտուկներ, վնասվածքներ ստացած աղջիկը դեպքի մասին հաղորդում է տվել համայնքային ոստիկանության Իջեւանի բաժին։ Ասում է, որ նման դեպքերը չպետք է անպատիժ մնան, որպեսզի հասարակության մեջ ամենաթողությունը, սանձարձակությունը չտարածվեն։ Հունվարի 27-ին մարմնական վնասվածքներ պատճառած տղայի՝ Մհեր Պապյանի մայրն այցելել է աղջկա տուն, որպեսզի հարթի միջադեպի հետեւանքները, սակայն հոգեկան ծանր ապրումներ, մարմնական վնասվածքներ ստացած աղջիկը չի համոզվել, նա կամենում է, որ ամեն ոք իր կատարած արարքի համար պատասխան տա։