Հասարակություն

Իրենք ծնողի վիճակը պատկերացնո՞ւմ են

Իրենք ծնողի վիճակը պատկերացնո՞ւմ են

Գյումրի-Երեւան ավտոմայրուղին երեկ նորից փակ էր։ Այս անգամ իրենց ձայնը լսելի դարձնելու էին եկել զոհված զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները: Երկու տարի առաջ բանակ զորակոչված Պալյանն այսօր պիտի զորացրվեր, բայց անցած տարվա հուլիսի 16-ին Սյունիքի դիրքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զինծառայողը մահացել էր: Թեպետ 10 օր շարունակ բժիշկները պայքարել էին տղայի կյանքը փրկելու համար, բայց չի հաջողվել դա անել։
Ազատանցի 19-ամյա Պալյան Պողոսյանը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողի վկայականը վերցրել էր, բայց այդպես էլ չհասցրեց լսարան մտնել, բանակ զորակոչվեց: «Ընդհանրապես, իմ գիտենալով, այսինքն՝ ինձ հասած տեղեկություններով, տեղում բուժօգնություն չի ցուցաբերվել: Իմ տղան է ինձ պատմել: Որդիս պատմեց, որ Կարենը սկսեց աղոթել, ու մենք լուռ քարացած ձայն չէինք հանում: Էնտեղ ընդհանրապես բուժօգնություն չի ցուցաբերվել՝ պոստում: Եթե իրանք ժամանակին հենց սկզբից, հենց վերեւից՝ պոստից, ճիշտ կազմակերպեին, իմ երեխու հետ էս դեպքը չէր կատարվի»,- պատմում է զինծառայողի մայրը՝ Գալյա Պողոսյանը։

«Բանակի բարդակության երեսից իմ երեխան այսօր այս վիճակին հասավ։ Սուրեն Պապիկյանն անձամբ ինձ պիտի պատասխան տա։ Պատասխան պիտի տա ինձ, թե ինչի համար իմ երեխեն այդպես էլ տուն չեկավ։ Իրենք գոնե ծնողի վիճակը պատկերացնո՞ւմ են, իրենք հասկանո՞ւմ են, թե զինվորի ընտանիքն ինչ վիճակում կարող է հայտնվել։ Իրենք ամեն ինչին են մատների արանքով նայում, դրա համար էլ այս վիճակն է։ Եթե այս ամենը ժամանակին կազմակերպած լինեին, ամեն ինչին նորմալ հետեւին, այս 15 հոգի զինծառայողների հայտնի դեպքն էլ հաստատ չէր կրկնվի»,- ասաց Պողոսյանի հայրը։ «Այո, Սուրեն Պապիկյանը պիտի գա ու պատասխան տա, ես իր զանգին եմ հենց հիմա սպասում։ Ինձ հստակ պատասխան չի եկել դեպքի վերաբերյալ, լրիվ անտարբեր վիճակ է, անտարբերություն է ու վերջ։ Ի՞նչ են ասում, ասում են՝ քննիչներն են զբաղվում այդ հարցերով, փորձաքննության են սպասում եւ այլն։ Իրականում, սակայն, մենք ոչ մի փորձաքննությունից էլ տեղեկություն չունենք, մենք մեր դեպքից տեղեկություն չունենք, սա է խնդիրը։ Ինչ, մենք հավի ձա՞գ ենք կորցրել, որ էգուց, էգուց եք ասում»,- հավելեց նա։

«Հլը թող մի հատ վարչապետի երեխեն լիներ, կտեսնեիք այն ժամանակ՝ ոնց են արձագանքում։ Ուղղաթիռով, ինքնաթիռով վարչապետի երեխուն կտեղափոխեին հիվանդանոց։ 18 տարի թագավոր ենք պահել, տվել պետությանը, ո՞ւր է այսօր իմ երեխեն, հարց եմ տալիս։ Անողնաշար վիժվածքներն անգամ լսելու ունակություն չունեն, ծնողին չեն ուզում անգամ լսել»,- ասում էին Պողոսյանի հարազատները։

Ի դեպ, դեպքի մասին առաջին լուրը ծնողները տղայի ընկերներից են ստացել, իսկ պաշտպանության նախարարությունը միայն 8 օր անց է հայտնել, երբ զինվորի վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր։ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image