Չնայած նրան, որ այսօր առավոտից լուրեր են պտտվում, թե Գյումրու քաղաքապետը հրաժարական է տվել, Գյումրու համայնքապետարանից, այնուամենայնիվ, հերքում են ՝ նշելով, թե Վարդգես Սամսոնյանն այս պահին հրաժարական դեռ չի ներկայացրել ։ Hraparak.am-ի տեղեկություններով Գյումրու համայնքապետարանում իրարանցում է, քանի որ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, որ անցել էր հեռավար աշխատանքի, ներկայացել է համայնքապետարան եւ հրահանգել հրապարակել իր հրաժականի տեքստը, որը վաղուց պատրաստ էր։ Հրաժարականի հրապարակումն ուշանում է, քանի որ համայնքապետարանում լարված մթնոլորտ է։
Բանն այն է, որ ըստ սցենարի՝ նրա հրաժարականին հաջորդելու է Բալասանյան դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը։ Ինչպես մեր աղբյուրն է վստահեցնում, Բալասանյան դաշինքի ներսում խռովություն է հասունացել, ավագանու մի շարք անդամներ այս պահին ըմբոստացել են եւ հրաժարվում են կատարել քաղաքապետի պահանջը՝ ասելով, որ մանդատները վայր չեն դնելու։ Ավագանու անդամները պահանջում են, որ ԱՄՆ -ում գտնվող Սամվել Բալասանյանն անձամբ գա եւ բացատրություն տա կատարվածին, թե ինչու խաբեց եւ «փուռը» տվեց քաղաքապետին ու իրենց։
Ուշագրավ է, որ եթե «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր չդնեն մանդատները, ստեղծվում է չափազանց բարդ իրավիճակ ․ «Բալասանյան դաշինքը» կշարունակի գործել ։Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջն է, որ «Բալասանյան դաշինքը» ասպարեզից հեռանա, հրավիրվեն նոր ընտրություններ եւ քաղաքի կառավարումը մեկընդմիշտ անցնի ՔՊ-ին։
Այսօր` աշխատանքային օրվա ավարտին, ամեն դեպքում, սպասվում է, որ Բալասանյան դաշինքը հանդես կգա ուղերձով և կհրաժարվի քաղաքի կառավարումից։
Նշենք, որ նախօրեին Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրացուցակի մեջ ընդգրկված ավագանու անդամների 5 թեկնածուներ՝ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը և Սուրեն Ջանոյանը արդեն իսկ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ։ Սուրեն Ջանոյանը ներկայիս փոխքաղաքապետն է, որը գտնվում է տնային կալանքում, իսկ Հասմիկ Սամսոնյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քույրն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:
Նախ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Բալասանյաններին առաջադրած մեղադրանքը վերաբերում է Սև բերդ ամրոցի պատմական տարածքը ապօրինի սեփականաշնորհելուն: