Թուրքիայի քաղաքական-հասարակական կյանքի հիմնական ինտրիգը` մայիսի 14-ի համապետական (նախագահական եւ խոհրդարանական) ընտրություներին ընդառաջ հանգուցալուծվեց: Տարեսկզբից ավելի եւ ավելի լարվող ինտրիգը մայիսի 14-ի ընտրություններում նախագահի ընդդիմադիր թեկնածուի շուրջ հանգուցալուծվեց մարտի 6-ին, եւ հարգանք ներշնչելու չափ` խելացի լուծմամբ:
Ընդդիմադիր 6-ի դաշինքը` National Alliance-ը երկրի նախագահի պաշտոնի համար առաջադրում է CHP ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուի թեկնածությունը` միաժամանակ Պոլիսի (Ստամբուլի) քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուին եւ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին առաջադրելով որպես գործադիր փոխնախագահների թեկնածուներ:
Այսպիսով, Ռեջեփ Թայիբ Էրդողանի կարապի երգը` քսանամյա կառավարումից հետո կարելի է համար երգված, կարելի է նույնիսկ արդեն Էրդողանի քաղաքական դամբանականը գրել: Ի դեմս Քիլիչդարօղլուի առաջադրման` CHP-ի անցյալի, Թուրքիայում ունեցած կշռի, ծառայությունների, աստիճանակարգության հանդեպ հարգանք դրսեւորելով, կուսակցական բյուրոկրատիային եւ շարքային անդամներին սիրաշահելով՝ միաժամանակ ամբողջովին նախընտրական պայքարի առաջնաբեմ է բերվում Թուրքիայի քաղաքական դաշտի անվիճարկելի ֆավորիտը` Էկրեմ Իմամօղլուն: Մանսուր Յավաշին էլ որպես երկրորդ փոխնախագահ առաջադրելը գործընթացը լիովին տրամաբանական եւ հավասարակշռված է դարձնում: Ի վերջո որքան էլ ֆավորիտը Իմամօղլուն է, Յավաշն էլ Էրդողանի AK կուսակցությանը հաղթել է երկրի
մայրաքաղաքում եւ ճիշտ է այդ երկու անձանց հավասարապես «բարձրացնելը»:
Այդուհանդերձ, հետաքրքիրն այն է, որ այս խելամիտ լուծմանը CHP-ն կամ 6-ի դաշինքը չհասան ներքին քննարկումների կամ փնտրտուքների արդյունքում, այլ ուղղակի դաշինքին մաս կազմող կուսակցություններից մեծությամբ երկրորդի`IYI-ի (կամ այլ կերպ` Good Party-ի) առաջնորդը` Մերալ Ակշեները, որ միակ կինն է այդ վեց կուսակցություների առաջնորդների ձեւաչափում, մարտի 3-ին դաշինքից հեռանալու մասին հայտարարելուց հետո մարտի 6-ին դաշինքի կազմ վերադառնալու համար ուղղակի պայման հարկադրեց ` CHP-ի եւ ընդդիմադիր ճամբարի ակնհայտ ֆավորիտը` Էկրեմ Իմամօղլուն, ապա նաեւ Մանսուր Յավաշը, բարձրանան առաջնաբեմ: Մայիսի 3-ին, դաշինքից հեռանալու մասին հայտարարելիս Ակշեները շատ ճիշտ ընդգծել էր, որ Քիլիչդարօղլուն ցանկացած հարցումով Իմամօղլուից կամ Յավաշից ցածր վարկանիշ ունի եւ հաղթելու ունակ ֆիգուրներին ետնաբեմում թողնելով միայն հաղթելու շանսերն են նվազում: Իր հեռանալու մասին հայտարարելուց հետո Ակշեները կոչ էր արել, որ կամ Իմամօղլուն, կամ Յավաշը առաջադրվեն նախագահի թեկնածու:
Մարտի 6-ի կեսօրին Իմամօղլուն եւ Յավաշը այցելեցին IYI-ի գրասենյակ, որտեղ էլ Ակշեները նրանց հայտնել էր, որ կվերադառնա դաշինք միայն եթե իրենք` Իմամօղլուն եւ Յավաշը, Քիլիչդարօղլուի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ միաժամանակ հայտարարեն եւ առաջադրվեն որպես գործադիր փոխնախագահի թեկնածուներ: Ակշեների քաղաքական իմաստնությունը, իրականությունը, հանրային տրամադրությունները ճիշտ ընկալելը եւ ճնշում գործադրելը արդյունք տվեցին: Այդ կինը, ըստ էության, գրեց Էրդողանի դամբանականը` բոլոր զինակից տղամարդկանց ճիշտ քաղաքական դիրքերում կանգնեցնելով:
Դե ինչ, Cherchez la femme, ինչպես հազարամյակներ շարունակ, այնպես էլ այսօր: