Քաղաքականություն

«Փաշինյանը գրավեց Էջմիածինը եւ հարված հասցրեց եկեղեցական ընդդիմությանը». Բաքվում ցնծություն է

«Փաշինյանը գրավեց Էջմիածինը եւ հարված հասցրեց եկեղեցական ընդդիմությանը». Բաքվում ցնծություն է

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տարավ»,- ուրախությամբ «ավետում» է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, որն իշխանական «խոսափող» է ու նաեւ վերջերս Հայաստանում էր՝ մասնակցում էր քաղհասարակության շրջանակներում փակ հանդիպմանը եւ արժանացել էր ծնունդով Արցախից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ընդունելությանը: «Մոտ 70 հազար ընտրողներից ավելի քան 25 հազարը մասնակցեց քվեարկությանը։ Քաղաքի ձայների համար մրցում էին երեք հիմնական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցվող ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը եւ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունը։ Այսպիսով, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին այս արդյունքը «փոքր հաղթանակ» էր Նիկոլ Փաշինյանի համար, որը խոստանում էր ավելի մեծ նվաճում։ Վաղարշապատում հաջողությունը խոսում է Փաշինյանի կուսակցության հաղթանակի հնարավորությունների մասին նաեւ համապետական ընտրություններում։ Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքային խորհրդի 33 տեղերից 19-ը բաժին հասավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12-ը՝ «Հաղթանակ» դաշինքին, իսկ «Մայր Հայաստանը» ստացավ ընդամենը երկու մանդատ»,- գրում է մոլորյալը։

«Ընտրությունների ընթացքում թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության դիտորդները պարբերաբար գրանցել են խախտումներ, այդ թվում՝ ընտրողների կազմակերպված տեղափոխում ընտրատեղամասեր, ընթացակարգային խախտումներ, անպատշաճ կազմված ընտրողների ցուցակներ եւ դրանցում մահացած քաղաքացիների անունների ներառում։ Ընտրատեղամասերից մեկում ընդդիմության ներկայացուցիչը պնդել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը պահում է ընտրողների ցուցակ եւ պարբերաբար նշումներ է անում դրա վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ իր մոտ եղած ձեւաթուղթն օգտագործվել է միայն ընտրատեղամաս ներկայացած քաղաքացիների թիվը գրանցելու համար, եւ որ հետագայում ոչնչացրել է այն»,- պաշտպանում է ադրբեջանցին Նիկոլին։ «Այս բոլոր խախտումներից անկախ, ընդդիմությունը կասկածի տակ չի դնում ընտրությունների արդյունքները, քանի որ չեն գրանցվել լուրջ խարդախության դեպքեր, որոնք կարող էին էականորեն ազդել արդյունքի վրա (քվեաթերթիկների լցոնում, կեղծ քվեարկության արձանագրություններ, ոչ թափանցիկ ձայների հաշվարկ եւ այլն): Այս առումով բոլորն ընդունում են, որ Վաղարշապատում ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, արտացոլում են քաղաքի բնակիչների կամքը»,-եզրափակում է Նիկոլի համերկրացու սազանդարը։

«Հայաստանը բախվում է ներքին քաղաքական կարեւոր նորությունների, որոնք կարող են եւ, ամենայն հավանականությամբ, կլինեն կարեւորագույնը՝ տարածաշրջանում խաղաղության գործընթացի առաջխաղացման համար: Վաղարշապատի տեղական համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը ստացավ ձայների 48%-ը, իսկ Դաշնակցությունը եւ նրանց մերձավոր դաշնակիցները երկրորդ տեղում են՝ 31%-ով: «Մայր Հայաստան» դաշինքը ստացավ ձայների 5%-ը: Արդյունքում, Խորհրդի 33 տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Մայր Հայաստան»-ը՝ 2 մանդատ: Սա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին իրավունք է տալիս ձեւավորել «միակուսակցական» տեղական գործադիր մարմիններ»,- ցնծում է ադրբեջանական մամուլը, որն ակնդետ հետեւում էր Վաղարշապատի ընտրություններին՝ Փաշինյանին սատարելու բացահայտ դիրքորոշմամբ:

«Իհարկե, այն բանից հետո, երբ Փաշինյանի կողմնակիցները պարտվեցին մի քանի համայնքում, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նման ընտրությունների արդյունքները բավարար են շամպայնի բաժակաճառի համար։ Սակայն կան այլ, շատ ավելի հետաքրքիր հանգամանքներ։ Վաղարշապատը, որն ավելի հայտնի է որպես Էջմիածին, Հայաստանի «եկեղեցական մայրաքաղաքն» է։ Այստեղ է գտնվում Գարեգին Բ կաթողիկոսի նստավայրը՝ Էջմիածնի վանքը, եւ այստեղ են պահվում Հայ եկեղեցու հիմնական մասունքները՝ սկսած «Ճակատագրի նիզակից», ըստ տեղի հոգեւորականների, մինչեւ հսկայական ոսկե խաչ, այն ոսկին, որի համար հայ զբոսաշրջիկներն ու ուխտավորները խորհրդային դարաշրջանում արտասահմանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էին ներմուծում»,- զառանցում է ադրբեջանական կայքը։

«Մինվալը» նաեւ հավելում է․ «Ներկայիս իրավիճակում Վաղարշապատում հաջողությունը կրկնակի հաղթանակ է Փաշինյանի համար։ Նրա կառավարությունը, պետք է նշել, վաղուց պատերազմ է մղում Հայ եկեղեցու, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության դեմ։ Սկզբում հոգեւորականությունը փորձեց գլխավորել վարչապետի դեմ ժողովրդական բողոքի ցույցը, որին մեղադրում էին դավաճանության մեջ։ Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց Գարեգին Բ կաթողիկոսին (ավազանի անվամբ՝ Կտրիճ Ներսիսյան) Հայ եկեղեցու ղեկավարի պաշտոնից հեռացնելու մտադրության մասին: Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն չունի դա անելու լիազորություններ: Դատելով բազմաթիվ անուղղակի ցուցումներից, նոր սահմանադրության նախագիծը, որը Փաշինյանը նախատեսում է հանրաքվեի դնել 2026 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ, ինչպես արդեն նշել է վարչապետը, կներառի մի կետ, որը կառավարությանը կտա կաթողիկոսի թեկնածուին որոշելու վերջնական իրավունքը: Սա նշանակում է, որ այդ ժամանակ պաշտոնը պետք է թափուր լինի»։

«Տեսականորեն, այս ամենը Հայաստանի ներքին գործերն են: Բայց իրականում եկեղեցու ղեկավարությունն է, որը ներկայում վրեժ է լուծում: Կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են դա: Սա ներառում է «Արցախյան թեմի» պահպանումը եկեղեցական կառուցվածքում, որը ստեղծվել է ադրբեջանական հողերի օկուպացիայից հետո, քարոզներում «Արցախ» անվան պարբերաբար հիշատակումը եւ, այսպես ասած, աշխարհիկ ռեւանշիստների, հիմնականում դաշնակցականների, բացահայտ քաղաքական աջակցությունը: Անկեղծ ասած, շատ եկեղեցական հոգեւորականներ նույնպես դեմ են գործող կաթողիկոսին: Գարեգին II-ը նրանց կարգալույծ արեց, բայց նրանք հրաժարական չեն տալիս, նրանք պատարագներ են մատուցում, եւ Փաշինյանը մասնակցում է այդ պատարագներին»,- գրում է Նիկոլին սատարող ադրբեջանական կայքը։
Մնացածը՝ դուք խորհեք...
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image