Ապրիլի 10-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը:
Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը, իսկ 1965 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը:
Ռիմա Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1961 թվականին: Շուրջ 60 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեության 55 տարիներին նա դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարելով Հայաստանի բուժաշխատողների խոշորագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը`Ռ. Խաչատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ուսումնակրթական խնդիրների, բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերի ու իրավունքների ներկայացման ու պաշտպանության գործընթացներին: Տասնամյակների գիտամանկավարժական անբասիր գործունեության ընթացքում Ռ. Խաչատրյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման, դասավանդման մեթոդների կատարելագործման, երկրի միջին բուժանձնակազմի ձևավորման գործում: