Քաղաքականություն

Մոտենում ենք կորոնաֆաշիզմին

Մոտենում ենք կորոնաֆաշիզմին

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը չի բացառել, որ այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել եւ հիվանդացել են քովիդով, ինչ-որ ժամանակ անց վճարովի բուժում ստանան։ Թիվն էլ շրջանառում է՝ 800 հազար դրամ։

Առողջապահական խնդիրների մասին բարձրաձայնող մի շարք գործիչներ արդեն իսկ սոցիալական ցանցերում գրառումներ են անում այս հնարավոր որոշման մասին։ Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ եթե կառավարությունը նման որոշում ընդունի, ապա դա կլինի սովորական կորոնաֆաշիզմ։ «Ավելի լավ կասեն իրավաբանները, բայց չի կարող այդպես լինել, որ մարդկանց չբուժեն, բուժման արգելք դնեն, հիմա մենք տեսնում ենք, եւ Եվրոպայի խորհուրդն էլ է հայտարարել, որ մարդը պիտի պատվաստման համար կամավոր որոշում կայացնի։ Եվ ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական, ո՛չ այլ ճնշումներ չեն կարող մարդու վրա ազդել։ Եվ այս որոշումները, հայտարարություններն արդեն մոտենում են, այսպես կոչված, կորոնաֆաշիզմին, եւ սա դիսկրիմինացիա է»։

Նկատեցինք, որ հակածխախոտային կոշտ քաղաքականություն տանող մի շարք երկրներ նմանատիպ մոտեցումներ ունեն, որ, օրինակ, պետությունն ինչո՞ւ պետք է բուժի ամբողջ կյանքում ծխած եւ թոքերի քաղցկեղ ստացած մարդուն։ Էդուարդ Հովհաննիսյանն ասում է. «Դե, էդ դեպքում եկեք՝ բժիշկը թոքի քաղցկեղով հիվանդին հարցնի՝ ծխո՞ւմ ես, մենք քեզ պետպատվերով օնկոլոգիա չենք բուժի, իսկ եթե չես ծխում, բուժում ենք։ Էդ մակարդակի՞ ենք հասել։ Իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ուր են մտնում։ Դա սարսափելի է։ Ես չգիտեմ՝ ո՞վ է նման մտքեր խորհուրդ տվել, բայց դա դեմ է ամեն ինչին՝ բժշկական, հումանիստական, իրավականներն էլ թողնում եմ իրավաբաններին»։ Բժիշկն ասում է, որ չգիտի նման որեւէ օրենսդրություն, եթե ինչ-որ տեղից էլ վերցրել են, ապա երեւի՝ հյուսիսկորեական փորձից։

Համաճարակաբանը նաեւ աբսուրդ է համարում, ասում է՝ ո՞նց են որոշելու․ հնարավոր է մարդը չի պատվաստվել, որովհետեւ չի հասցրել։ «Ես էսօր եկել եմ, չեմ հասցնում, վարակվել եմ, բայց ցանկացել եմ, ո՞նց են հասկանալու, որ չեմ հասցրել պատվաստվել ու վարակվել եմ։ Ուղղակի անհնարին է պատկերացնել, թե սա ինչեր է ստեղծելու»։

Նշենք, որ Երեւանի կենտրոնի թիվ 2 պոլիկլինիկայում ականատես եղանք, թե ինչպես էին երկու քաղաքացի հայտնում, որ ցանկանում են չինական պատվաստանյութով պատվաստվել, ինչին ի պատասխան ասացին՝ չկա։ Մարդը, փաստորեն, պետք է ինչ-որ բան պատվաստվի, քանի որ չինականը չկա։ Ինչ վերաբերում է «Մոդեռնային», ապա սա առանձին խոսակցության թեմա է։ Հերթագրում իրականացնող ինֆեկցիոնիստն ասում է, որ չի կարող հերթագրել, պետք է հիվանդն անձամբ գա, հանդիպի իր թերապեւտին։ Փակ տարածքում մեծ հերթերից հետո թերապեւտի մոտ հայտնվելուց հետո, ի վերջո, ասվում է, որ սահմանափակ քանակությամբ պատվաստանյութ ունեն, եւ առաջարկում են սպասել անորոշ ժամկետով։

Հակապատվաստումային շարժման մեջ ընդգրկված իրավաբան Էմիլ Մարկոսյանը կառավարության հնարավոր որոշման մասին արտահոսքերն ու բարձրաձայնումները որակեց հանցագործություն, դիսկրիմինացիա ու շանտաժի միջոց՝ մարդկանց պարտադրանքի ենթարկելու համար։ «Որպեսզի մարդիկ վախից գնան ու պատվաստվեն, որպեսզի հետագայում խուսափեն էդ խնդիրներից»։
Իրավական առումով որքանո՞վ է խոցելի այս հայտարարությունը։ Դեռ խոցելի չէ, որովհետեւ, ըստ իրավաբանի, արարքը եթե ավարտին չի հասցվել, դրան հնարավոր չէ միանշանակ իրավական որակումներ տալ։ «Իրենք կարող են հետագայում շատ հանգիստ, սահուն ձեւով ասել՝ դե, դա պոռթկում էր կամ ցանկություն, կամ մտահղացում, էդպես էինք ուզում, բայց քանի դեռ կյանքի չեն կոչել, մենք այս պահին ոչ մի իրավական բան չենք կարող անել։ Ես կարող է ասում եմ՝ վաղը գնում եմ, մեկին սպանում եմ։ Քանի չեմ գնացել սպանելու, ինձ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի կարող ենթարկել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image