Արդեն քանի օր է՝ ադրբեջանական լրահոսը ողողված է տարբեր տեսանյութերով, թե ինչպես են ռազմական ծանր տեխնիկա, զինատեսակներ կուտակում Հայաստանի եւ Արցախի սահմաններին, մասնավորապես՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածներում։
Ադրբեջանական մեդիա տիրույթը ողողված է նաեւ Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սկսելու մասին քարոզչական նյութերով։
Ի՞նչ է արվում Հայաստանում՝ այս սպառնալից տեղեկատվությանն ի հակակշիռ։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է մարզային այցելություններով՝ տատիկ-պապիկներին պաչպչելու գործով, կամ էլ հակառուսական արշավի հրահրմամբ: Տպավորություն է, թե ՀՀ իշխանությունները «բարենպաստ պայմաններ» են ապահովում թշնամու գործողությունների համար։ Պատերազմից «հինգ պակաս», մի կողմից՝ անտարբերության, անգործության մթնոլորտ, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները խզելու գիտակցված քայլեր են արվում։ Նախ Փաշինյանն իտալական պարբերականի հետ զրույցում կոշտ քննադատության ենթարկեց Ռուսաստանին, ապա օրակարգ բերվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցը, որը նախատեսում է նաեւ Պուտինի ձերբակալում, հետո իր կնոջը գործուղեց Ուկրաինա, որի հետ մեր ռազմավարական դաշնակիցը պատերազմական գործողությունների մեջ է, իսկ երեկ հայտնի դարձավ, որ որոշել են ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնել՝ սեպտեմբերի 10-12-ը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունների նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։ Փոխարենը՝ երեքշաբթի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում մեր երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդերլանդներում դեսպան, եւ այդ պաշտոնը չի համալրվել։ Եթե ամփոփենք, ապա ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցուցադրական քայլեր է ձեռնարկում, որոնք ակնհայտորեն անընդունելի են ՌԴ-ի կողմից։
Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունների նման արկածախնդրությունը՝ վերլուծաբանները տարբեր կանխատեսումներ ունեն: Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ստվերային պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի եւ Արեւմուտքի հետ, որոնց իրականացմանը խոչընդոտում է Ռուսաստանը, ուստի չի բացառվում, որ իրավիճակի սրումը հանգեցնի ռազմական գործողությունների, եւ այդ ճանապարհով կյանքի կոչվեն պայմանավորվածությունները։ Քաղաքագետի կարծիքով՝ թեպետ իշխանությունները հստակ եւ ազնվորեն չեն հայտարարում պայմանավորվածությունների մասին, սակայն տարբեր ինֆորմացիաների, գործողությունների եւ հայտարարությունների համադրումը թույլ է տալիս նման կանխատեսումներ անել․ «Նախ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ունեն պայմանավորվածություն, եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը պետք է գործարկվի, որը լինելու է Բերձորի ճանապարհը բացելու նախապայման, անգամ Շառլ Միշելը հայտարարեց, իսկ Փաշինյանը չհերքեց դա՝ ասելով ընդամենը, որ ինքը չի մասնակցել այդ բանակցություններին։ Երկրորդ՝ մեկ տարի առաջ հայաթափվեցին Բերձորը, Աղավնոն եւ Սուսը, եւ այն ժամանակ ռուսական կողմից եղան ինչ-ինչ հայտարարություններ, որ դա իրենց համար անսպասելի էր, ուստի կարելի է ենթադրել, որ դա հայ պաշտոնյաների նախաձեռնությամբ է եղել: Երրորդ հանգամանքը՝ ռուսական զորախումբը, ի վերջո, թույլ չտվեց, որ Ադրբեջանն իրենց անցակետով Ստեփանակերտ մտցնի «մարդասիրական օգնություն» տեղափոխող երկու բեռնատարները։ Այս ամենի համադրությունից կարելի է փաստել, որ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ, գուցե խոստումներ` միջազգային կենտրոններին տված, որոնք Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ի կատար ածել, քանի որ Արցախում եւս իրավիճակ է փոխվել, ռուսներն էլ, հավանաբար, դեմ են, եւ, ուրեմն, փորձում է այսպիսով իրավիճակը սրել, որ հետո արդարանան, թե, տեսեք՝ ռազմավարական գործընկերներն իրենց պարտավորությունները չկատարեցին, դրա համար էլ ունեցանք նման իրավիճակ»։
Այս իրավիճակը, մեր զրուցակցի խոսքով, հիշեցնում է 2020 թվականի նախապատերազմական շրջանը։ Զոլյանը մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանների նկատմամբ է ոտնձգություններ անում (համարում է, որ Արցախն իր պատասխանատվության գոտին է), սակայն ԵՄ դիտորդները որեւէ կերպ չեն արձագանքում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններին, թեպետ այդ առաքելությամբ են տեղակայվել մեր սահմաններին․ «Եվրոպական կառույցները կարծես թե համաձայն են այս իրավիճակին, որ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ չի կատարել, հակառակ դեպքում նման լռություն ԵՄ ժանդարմների կողմից չէր լինի»։
Զոլյանը համոզված է, որ Ադրբեջանի պահանջները գնալով էլ ավելի են մեծանալու Հայաստանից ու Արցախից, եւ դրա պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են․ «Եթե դու Արցախի ինքնավար մարզը ճանաչում ես Ադրբեջանի կազմում եւ ընդունում ես, որ 1991 թվականից դա եղել է Ադրբեջանի տարածք, ապա լրիվ անհասկանալի է այդ տարածքի դերակատարությունը, Ռուսաստանի դերակատարությունը, նաեւ՝ Հայաստանի պարտավորությունները: Ստացվում է` 91-ից Հայաստանն ագրեսոր է եւ զավթել է Ադրբեջանի տարածքը, ու խնդիրներ կարող ենք ունենալ, երբ Ադրբեջանը դիմի դատարան։ Ես բազմիցս եմ տարակուսանք հայտնել, որ մինչեւ հիմա Փաշինյանն ու թիմակիցները չեն անդրադարձել Ալմա-Աթայի հռչակագրի վավերականությանը` գոնե այն մասով, որ, լավ` Հայաստանը ճանաչել է, բայց 91 թվականին Ադրբեջանը չեղարկել է իր ստորագրությունը, Մութալիբովի ստորագրությունը չեղարկվել է։ Ավելին՝ Ադրբեջանն անգամ մեր 29 հազարը չի ճանաչում, դու ինչո՞ւ ես ճանաչում»։
ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին հարցրինք՝ կա՞ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վտանգ։ «Վտանգ միշտ կա, հիմա՝ նույնպես», եւ հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իր կարծիքը, որ եթե Ադրբեջանը չկարողանա բանակցություններով վերցնել իր «երազած» ճանապարհը՝ Զանգեզուրի միջանցքը, դա անելու է ռազմական ճանապարհով։