Պատերազմից հետո օդում պտտվում է դավաճանության թեման։ Դավաճան են անվանում վարչապետի պաշտոնին նստած Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ-ն է բազմաթիվ մարդկանց բռնում եւ հայտարարում, որ նրանք դավաճանությամբ են զբաղվել, այդ մարդկանց խոստովանություններն են հրապարակվում։ Եւ ամբողջ երկիրը քննարկում է, թե ինչպես են 200 դոլարի, օծանելիքի ու պայուսակի դիմաց ոմանք թշնամուն վաճառում նրանց հետաքրքրող նյութեր, ֆեյսբուքյան պրոֆիլների միջոցով պայմանավորվածություններ ձեռք բերում եւ գործարքի գնում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Ինչն է ստիպում այս մարդկանց նման հրեշավոր արարքներ կատարել, գնալ նման քայլերի՝ վտանգելով իրենց երկիրը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք գնդապետ Կորյուն Եղիազարյանի հետ։
- Իրենք արդեն իսկ իրենց կյանքով մեկ, իրենց ազգով-տակով դատապարտված մարդիկ են։ Նույնիսկ, եթե իրենց հասանելի չափով նստեն- հելնեն, էլի կորած մարդիկ են և ապագա չունեն։ Գլխի մեջ որդ կա, որդը էդ պահին իրար է գալիս ու ամեն ինչի ընդունակ են։ Որոշեց, որ շիշը պիտի պատուհանից դուրս շպրտի, պոչը իրարա գալիս ու շիշը շպրտում է դուրս։
- Տեղեկատվության փոխանցումն, ըստ էության, կատարվել է սոցիալական ցանցերի միջոցով, վոթսափ կամ վայբեր հավելվածների միջոցով։ Ինչո՞ւ չի վերահսկվում այս ամենը։
- Այդ սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհի հերն են անիծել։ Ոչ միայն հայրենիք, այլև ընտանիք և այլ հարցեր են խառնել ու խճճել իրար։ Այսքան անդաստիարակ ու անսուրբ մարդ որտեղի՞ց հայտնվեց այս երկրում, չեմ հասկանում։
- Լավ, ի՞նչը կարող է դրդել նրանց 200 հազար կամ ավել դրամի, պարֆյումի դիմաց հայրենիք դավաճանել, թշնամուն հայտնել տեղեկություններ, որոնց վտանգում են մեր երկիրը եւ ինքը՝ դավաճանը նույնպես կարող է տուժել։
- Չնայած, նրան, որ տնտեսական ծանր վիճակում ենք գտնվում, այնուամենայնիվ, չեմ կարող արդարացնել և պնդել, թե՝ հանուն ընտանիքի բարօրության են գնացել այդ քայլին։ Ես չեմ ուզում մտնել իրենց դրության մեջ և չեմ էլ ուզում պատկերացնել։ Սոված սատկեին էլ այդ քայլին չպիտի գնային։ Մտածում եմ, որ պատերազմից հետո կարար տենց բան լիներ։ Պատերազմն ամեն առումով մեզ շատ հետ գցեց։ Օրինակ, այս վերջին դեպքը՝ սպան, որ բռնվել է, ես հաստատ գիտեմ, որ այդ աստիճանի վատ վիճակում չէր լինի։ Հաշվի առնելով իրենց աշխատավարձի չափը՝ կարող էր իր ընտանիքի հոգսերը հոգար՝ գազի, էլեկտրաէներգիայի, հացի փող։ Օրինակ, այս դեպքերն ի նկատի ունեմ՝ բարձրաստիճան զինվորականներին, չեմ հասկանում ինչի՞ են գնում այդ քայլին։ Եղել են պայմանագրային, կիսապայմանագրային զինծառայողներ, որոնք կարային այդ քայլին գնային, բայց ընդհանրապես սպաների արարքին ես չեմ կարողանում որևէ գնահատական տալ։ Իրենք երդում են տվել երկրի առաջ, անկախ ամեն ինչից իր արժանապատվությունը սպան պիտի պահի, ցանկացած իրավիճակում։ Ինձ համար զարմանալի է ու ցավոտ, ես չեմ կարողանում հասկանալ ու պատճառներ գտնել։ Երեք պատերազմի եմ մասնակցել, ունեցել ենք լեգենդար կռվողներ՝ գեներալներ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Մանվել Գրիգորյան կամ Մոնթե, այս կարգի մարդկանց մոտ մենք ամաչել ենք պատերազմից անգամ խոսել, որովհետև իրենց արածն ավելի՝ շատ-շատ մեծ է եղել։
- Միևնույն է, մի օր պիտի կանգնեն արդարադատության առաջ։ Մի՞թե մյուսների համար դաս չի լինում, որ զերծ մնան նման քայլերից։ Որ հիշեն, որ հայ են ու պետք է ծառայեն միմիայն հայրենիքի համար։
- Սա բոլորիս հայրենիքը չի՞։ Ցանկացած իրավիճակում մենք պետք է՝ այո, հայրենիքին ծառայենք։ Ամեն ձև պիտի աշխատենք, որ հայրենիք պահենք։ Այսօր կռիվ չունենք ու պետք է աշխատենք, որ այս վիճակից դուրս գանք։ Եթե որևէ մեկը չի ուզում աշխատի ու պատճառ է բռնում այսօրվա ղեկավարությանը, ես դրան դեմ եմ։ Պիտի բոլորս գիշեր-ցերեկ աշխատենք։ Եթե ես այսօր որևէ մեկից խռովեմ՝ իմ ծառայությունն ընդհատեմ, ուրեմն դուրս է գալիս, որ ես իմ երդումը կամ իմ պարտքը իմ երկրի նկատմամբ թերի եմ անում։ Իրենք ամիսը 1000 դոլարին համարժեք աշխատավարձ են ստանում, ստանում են նաև պարգևավճարներ, բայց արի ու տես իրենց նմանները հանուն մի 200 հազար դրամի հայրենիքի հերն են անիծում։ Մարդը բարձրագույն է ավարտել, սովորել է, աշխատել է, իր գործը սովորեցրել է զինվորներին։ Ցանկացած սպա օրինակ է իր զինվորի համար։ Բա, ո՞նց են գնացել այդ քայլին, ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Այս վերջին երեք տարվա մեջ երկու անգամ աշխատավարձ է բարձրացել, չհաշված մեկումեջ էլի պարգևատրումներ ենք ստանում։ Այսօր ստեղծված են այնպիսի պայմաններ, որ իրենց ընտանիքի մինիմալ խնդիրները լուծելի լինեն։ 200.000 դրամը ո՞նց են հայրենիք դավաճանողները փոխարինել իրենց պապերի, տատերի, ապագա սերունդների արյան հետ։ Նրանք ախր հայրենիք չեն դավաճանել է, այլ՝ իրենց արյունն են ծախել թուրքին։ Դա նույնն է, ինչ մարդ գնա ինքնասպանություն գործի։ Այո, դավաճանությունը ինքնասպանություն է։ Ինքն իրա հարազատ երեխաների հերն էլ է անիծել, այդ երեխաները չեն կարողանալու վաղը չէ մյուս օրն ասեն, որ այսինչ մարդու երեխեն ենք, կամ թոռը։
- Ի՞նչ պատիժ պիտի սահմանվի նման դավաճանների համար, որ նմանատիպ դեպքերն այլևս բացառվեն մեր երկրում։
- Շատ ծանր իրավիճակ է նրանց մոտ, ովքեր որ այդ դավաճանության վրա բռնվել են, չեմ կարծում, որ մեղմացուցիչ պատիժ կլինի ու չի էլ լինելու։ Ժամանակին գնդակահարություն կար, և հարյուր տոկոսով դրանց էդ էր հասնում։ Գոնե այս պահին ցմահ դատապարտվեն, իրենց համարել է լավ։ Իրենք չեն կարող հասարակության մեջ դուրս գան, ապրեն, բարգավաճեն, զարգանան։ Ինչ ուզում է լինի՝ մեկին 5 տարի տան, մյուսին՝ 7, միևնույն է՝ նրանք իմ ու քո կողմից դատապարտված են ցմահ ազատազրկման։