Հասարակություն

«Հրապարակ». Հրեշավոր ծրագիրը «հաղթական ավարտին» հասցնելու համար հիմա էլ «Հրապարա՞կն» է խանգարում

«Հրապարակ». Հրեշավոր ծրագիրը «հաղթական ավարտին» հասցնելու համար հիմա էլ «Հրապարա՞կն» է խանգարում

2018-ից հետո մամուլի ու մասնավորապես hraparak.am-ի դեմ իշխանությունների ու հարակից շրջանակների կողմից բազմաթիվ հարձակումներ են եղել։ Նախ, այսպես կոչված, «հեղափոխականներն» ու իշխանական ֆեյքերն էին հարձակվում «Հրապարակի» վրա, որովհետեւ անսովոր էր, որ իրենց որեւէ մեկը քննադատում է: Իսկ երբ նոր իշխանությունները հարմարվեցին իրենց աթոռներին, սկսեցին օրենսդրական փոփոխություններով մամուլը ճնշել: Մամուլի դեմ պայքարի առաջնագիծ մղվեցին տարատեսակ սորոսական ՀԿ-ներն ու դրանց կից «մեդիա»-ները, որոնք ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջեր էին արգելափակում, ստատուսներ գրում լրագրողների ու խմբագիրների դեմ, սակայն մամուլը դա էլ հաղթահարեց։ Հիմա, փաստորեն, նոր գործիքակազմ են հայտնագործել. վերջին երկու օրերին hraparak.am-ը չէր աշխատում։ Մեր կայքն աննախադեպ հարձակման է ենթարկվել հազարավոր այփիներից` մոտ 1,5 միլիարդի մուտք են ապահովել կարճ ժամանակահատվածում, եւ այդ հեղեղը շարունակվել է մոտ 40 ժամ: Մեր կայքի հզոր պաշտպանական համակարգը դրան չդիմացավ, անգամ սերվեր փոխելն ու լրացուցիչ միջոցառումներն արդյունք չտվեցին:

Բայց մեր ընթերցողները «Հրապարակի» խմբագրությունն էին «ռմբակոծում», թե երբ է գործարկվելու մեր կայքէջը: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, ով մեր ակտիվ ընթերցողներից է, նշեց, որ առաջին «կասկածյալը», բնականաբար, նրանք են, ում վերաբերել է «Հրապարակի» նյութերի մեծ մասը։ «Ընդհանրապես, որեւէ երկրում, որեւէ հասարակության մեջ առավելապես ընդդիմադիր հրապարակումներ ունեցող լրատվամիջոց հայտնվում է թիրախում, առաջին տարբերակն այն է, որ այդ թիրախավորողները պետք է լինեն նրանք, ում մասին այդ ամենը գրվում է, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչները։ Այս իշխանությունների պարագայում լրատվամիջոցների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքն ազատ խոսքի նկատմամբ բազմաթիվ դրսեւորումներ ունի, օրինակ՝ 5-րդ ալիքի տնօրենի ձերբակալում, Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատիրոջ ձերբակալում, ով մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը 2 անգամ եթերազրկում են, Հ2-ին՝ եթերազրկում։ Դեպքերը բազմաթիվ են, իսկ համացանցն ու Յութուբն էլ բաց են մնացել, որ մարդիկ այնտեղ խոսեն, եւ իրենք ձերբակալվեն: Այսինքն՝ որեւէ մեկը Յութուբում տեսանյութ տարածի կամ Ֆեյսբուքում մի գրառում կատարի ու ձերբակալվի։ Այսօրվա քաղբանտարկյալների գերակշիռ մասը ոչ մի այլ գործողություն չի իրականացրել, բացի կարծիք արտահայտելուց։ Դե՝ պարզ է, որ այդ կարծիքն արտահայտող եւ գեներացնող, ընդ որում՝ մեր լրատվական դաշտի առանցքային լրատվականներից մեկը, որը հանդես է գալիս միաժամանակ մի քանի ուղղություններով, այսինքն՝ տպագիր ձեւաչափում, ե՛ւ էլեկտրոնային լրատվություն տրամադրելու ձեւով, ե՛ւ յութուբյան հեռուստաալիքի միջոցով, ապա ակնհայտ է, որ դրա նկատմամբ թիրախավորված վերաբերմունք պետք է լինի իշխանական շրջանակների կողմից, էլ չասեմ, որ սովորական մարդիկ նման գործողություններ անելու ֆիզիկական ու տեխնիկական դժվարություններ ունեն»,- ասաց Ղազարյանը։

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանն էլ նշեց, որ մամուլին հայտարարված պատերազմում իշխանությունները չեն հաջողի, ինչպես ոչ ոք չի հաջողել․ «Խոսքի ազատությունից սարսափողներն ուզում են, որ «Հրապարակը» եւ բոլոր հրապարակները լռեն, բայց դա նրանց չի հաջողվի, ինչպես չի հաջողվել որեւէ ճիվաղի»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում առաջարկեց հետ նայել։ «Եկեք փորձենք ժամանակագրական առումով մի փոքր հետ գնալ ու տեսնել, թե 2018 թվականից այս կողմ ինչեր են տեղի ունեցել։ Նախ՝ ազատ խոսքի ուղղակիորեն սահմանափակման համար մի շարք օրենքներ են ընդունել՝ «ծանր վիրավորանքի» այդ տխրահռչակ օրենքը, որը հետագայում ճնշման տակ չեղարկվեց, ակնհայտ թիրախավորումներ հիմնականում կին լրագրողների նկատմամբ՝ ՔՊ-ական պաշտոնյաների կողմից, հանրությանը հետաքրքրող հարցեր հնչեցնող լրագրողների նկատմամբ ատելության խոսքի կազմակերպված արշավների իրականացում, լկտի պահվածք, վիրավորանքներ, հարձակումներ տարբեր խմբագրությունների վրա՝ «hayeli.am»․․․ այլ թիրախավորումներ խոսքային մակարդակում՝ տարբեր ՔՊ-ական պաշտոնյաների կողմից, հայցեր լրատվամիջոցների դեմ, որոնք միտված են, բառիս բուն իմաստով, լրատվամիջոցներին սնանկացնելուն, մասնավորապես՝ 168 ժամ-ի եւ Դավիթ Սարգսյանի դեպքը, մի շարք օրինագծեր, որոնք անուղղակիորեն ազդում են անկախ մամուլի ֆինանսավորման աղբյուրների վրա, եւ այս իրադարձությունը նույն համատեքստում կարելի է դիտարկել։ Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես բռնապետության հաստատման դրսեւորում է, եւ զարմանալի չէ, որ փողով վարձու լրագրող աշխատած մարդու իշխանության պարագայում պիտի ճնշումներ լինեն ազատ մամուլի վրա»,- ասաց Մամիջանյանը։

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի խոսքով՝ մեծ ջանք պետք չէ գործադրել՝ հասկանալու համար, թե ում է ձեռնտու լրատվամիջոցի դեմ հարձակումը․ «Բնականաբար, «Հրապարակը» ներկայիս իշխանությանը ոչ հաճո նյութեր է հրապարակել, դրանից ավել էլ ի՞նչ լիներ։ Այսօր դա է չափորոշիչը․ ով այսօրվա իշխանության սրտով գրառումներ չի անում, անմիջապես դառնում է կիզակետ եւ քարկոծման թիրախ։ Իմ կարծիքով՝ դա է պատճառը, ուրիշ բան չկա, ակնհայտ է ներկայիս իշխանության վարքը նման իրավիճակներում»։

«Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի համար էլ հստակ է, թե ով կարող է ԶԼՄ-ի դեմ հարձակում գործել եւ ինչու։

«1. Նա, ով ամբիոն բարձրացրեց Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին, եւ ո՛չ ոք չհամարձակվեց կամ չուզեց բամփել պժգալի ու սրբապիղծ այդ քայլի հեղինակի երկրակործան-ծախու գանգին:
2. Նա, ով 44-օրյայի թեժ շաբաթներին Լուգանսկի օդանավակայանի վնասված շենքի նկարը հանրությանը մատուցեց որպես «Գյանջայի «հօդս ցնդած» օդանավակայան», եւ ընդդիմադիր ԶԼՄ-ներից զատ, ո՛չ ոք ծպտուն չհանեց ու չթքեց դրա անբարո մռութին:
3. Նա, ով երկիրը լցրեց արյան գետերով, դարձրեց մեծ գերեզմանոց, բայց շատ երիզորդներ դրան դեռ «պարոն վարչապետ»-ով են դիմում:
4. Նա, ով ընդամենը շաբաթներ առաջ 120 հազար մարդու դարձրեց գաղթական, բայց դեռ շարունակում է քարշ տալ իր անիմաստ ու անպետք գոյությունն ու հակահայ եղկելի քայլերով ապականել մեր ամեն րոպեն, մեր կյանքը:
5. Նա, ով համապատասխան ուժերի ուղղորդմամբ շարժման մեջ դրեց դիվային մի մեխանիզմ, որը գործում է մեր պետության գոյության, ազգային արժեքների, հայի ազգային ինքնության ու լինելության դեմ: Հրեշավոր այդ ծրագիրը «հաղթական» ավարտին հասցնելու ճանապարհին անսեռ-անազգ ու անհայրենիք այս արարածի ոտքը պարբերաբար դեմ է առնում… 
Չէ՛, ո՛չ քարին, ա՞յլ…չորրորդ իշխանությանը: Այս անգամ հանդիպեց «Հրապարակը»: 
Ի՞նչ պետք է անել… 
Գեղական կարգով խոչընդոտել ընդդիմադիր լրատվամիջոցի գործունեությունը` լռեցնել:
ՀՀ-ի կառավարման լծակի առջեւ կանգնած այս «սերիական մարդասպանի» փողոցային բառապաշարով ասած՝ պետք է տալ չորրորդ իշխանության, տվյալ պարագայում` «Հրապարակի» «վզակոթին» ու կաշկանդել ազատ խոսքը: Փորձում է լրատվամիջոցները դարձնել, ինչպես կասեր ռուսը՝ мальчик для битья!
Չի՛ ստացվելու:
Չի կարողանալու լռեցնել ո՛չ միայն «Հրապարակը», այլեւ իր հրաժարականն ու դատապարտումը պահանջող հրապարակները: Արցախը ծախածին սպասում է Վաթեռլոոն, իմա՝ մայրամուտը: Չեմ կասկածում»,- ասաց Մելիքսեթյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image