Հասարակություն

Որ  վիճակի վատթարացում լինի, հետո պիտի ասեք ներողություն․ Էրիկ Ալեքսանյան

Որ  վիճակի վատթարացում լինի, հետո պիտի ասեք ներողություն․ Էրիկ Ալեքսանյան

Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրատապ արտահերթ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։

Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ դատավարության երկրորդ փուլում առկա են բոլոր նախադրյալները իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։ Փաստաբանը դա հիմնավորեց նրանով, որ միջնորդության իրավական հիմքում պաշտպանական կողմը դատավարության յուրաքանչյուր փուլում կարող է ներկայացնել միջնորդություն, եթե ի հայտ գա այնպիսի հանգամանք, որը չի եղել նախկինում, կամ մինչ այդ չէր կարող հայտնի լինել։ 

Նշենք, որ պաշտպանական կողմը հայտարարություն էր տարածել, որ 30.05.2022 թվականին Աղվան Հովսեփյանը տեղափոխվել  է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկա հետազոտման և վիրահատական բուժման նպատակով։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։Դրանից հետո պաշտպանական կողմը դիմում էր ներկայացրել կլինիկայի տնօրենին՝ խնդրելով, որ իրենց տրամադրվի Աղվան Հովսեփյանի բժշկական ախտորոշումները և ընթացիկ էպիկրիզները։

Այսօրվա դատական հրատապ նիստին Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց սույն թվականի  28.06-ին ստացված  իր պաշտպանյալի ընթացիկ էպիկրիզները, որոնք, ըստ պաշտպանական խմբի,անհամատեղելի են իրենց պաշտպանյալի կալանքին։

«Մենք մեր ձեռքի տակ ունենք համապատասխան բժշկական փաստաթղթեր և օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստ, որ այդ առողջական վիճակը վատթարացել է։ Հետևաբար այս հանգամանքները վկայում են նրա մասին, որ ավելի մոտ է այն հավանականությունը, որ այդ երկարատև ժամանակը ի օգուտ մեզ չի խոսա։ Այդ դեպքում առողջական վիճակի պատասխանատվությունը, երբ դեպի  վատթարացման գնա, ո՞վ է կրելու՝ պարզ չէ՞, որ պետությունը։ Իսկ մեզ պե՞տք է այդպիսի իրավիճակ։ Հետո, երբ վատ լինի, պիտի ասեք ներողություն։ Դա նորմալ երևույթ չի։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ գնա մեռի, արի սիրեմ։ Ունեցել ենք այդպիսի մի քանի դեպքեր։ Բայց որպեսզի այս դիրքորոշումը չքաղաքականացնեմ,  չեմ  նշի, թե որ դատական գործերի մասին եմ խոսում։ Այո, ուշացված արդարադատության պատճառով ունեցել ենք նախադեպեր։ Դատարանը մերժել է՝ ասելով, որ ձևական ընթացակարգ կա, որը պիտի պահպանվի»,-ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որի եզրափակիչ մասը կհրապարակվի այսօր՝ 15.30-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image