Հասարակություն

«Հրապարակ». 20-30 աշակերտ ունեցող դպրոցում ի՞նչ վարչատնտեսական մասի համակարգող

«Հրապարակ». 20-30 աշակերտ ունեցող դպրոցում ի՞նչ վարչատնտեսական մասի համակարգող

Իշխանությունը նոր հաս­տիքներով մեծացնում է առանց այդ էլ ուռճացած պետական ապարատը։ Նոր հաստիք է պետական հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողի հաստիքը, որոնց դպրոցներում կոչում են «դպրոցների 2-րդ տնօրեններ»։ Աշակերտների փոքր քանակ ունեցող, գյուղական դպրոցների տնօրեններն առանց հավելյալ ջանքերի կարող են ուսումնական գործընթացը ղեկավարելուց զատ, այդ կրթօջախների վարչատնտեսական հարցերը լուծել, ի՞նչ կարիք կար այդ գործառույթի համար նոր պաշտոններ սահմանելն ու նշանակելը։ 

Ներկայացնեմ փաստերով։ Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցների ավելի քան 1/3-ը՝ 28 դպրոց, ունի 100-ից պակաս թվով աշակերտներ։ Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցն ունի 13 աշակերտ, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը՝ 15, Լուսահովտի հիմնական դպրոցը՝ 28, Իծաքարի հիմնական դպրոցը՝ 29, Գոշի հիմնական դպրոցը՝ 34, Կիրանցի հիմնական դպրոցը՝ 37, Աղավնավանքի միջնակարգ դպրոցը՝ 37, Չինչինի միջնակարգ դպրոցը՝ 41, Խաչարձանի միջնակարգ դպրոցը՝ 49, Վարագավանի միջնակարգ դպրոցը՝ 50, Դեղձավանի հիմնական դպրոցը՝ 50, Լուսաձորի հիմնական դպրոցը՝ 51, Ջուջեւանի միջնակարգ դպրոցը՝ 53, Դովեղի միջնակարգ դպրոցը՝ 57, Հովքի միջնակարգ դպրոցը՝ 60 աշակերտ։ Երեւանի պետական հանրակրթական դպրոցների 1-2 դասարանի չափ աշակերտ ունեցող դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը շռայլություն է աղքատ Հայաստանի՝ նաեւ վարկերով ձեւավորվող պետբյուջեի հաշվին։ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներից քանիսո՞ւմ է նշանակված վարչատնտեսական մասի համակարգող։ Ի՞նչ  առաջնահերթությամբ եք դպրոցներում նշանակում վարչատնտեսական մասի համակարգող, ի՞նչն է պատճառը, որ մարզի փոքր, նորակառույց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգող եք նշանակել, իսկ մեծ, բազում խնդիրներ ունեցող դպրոցներում՝ ոչ»։ 

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներից 16-ում նշանակված է վարչատնտեսական մասի համակարգող: Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում նոր կարգով դպրոցի տնօրեն ընտրելուց հետո դպրոցում նշանակվում է վարչատնտեսական մասի համակարգող»: 

Հիմա տեսնենք, թե մարզպետարանի պատասխանը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ 2025թ․ հունիսի 30-ին մարզպետ Ղալումյանը որոշում է կայացրել Սուսաննա Փաշինյանին նշանակել Կիրանցի հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ մինչեւ այդ պաշտոնում մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։ Չնայած Փաշինյան ազգանվանը, Սուսաննա Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի ազգականը չէ, Կիրանցից հայտնում են, որ նա ընդամենը իշխանության կողմնակիցներից է։ Մինչ այդ՝ հունիսի 27-ին, մարզպետը որոշում էր կայացրել երկար տարիներ Կիրանցի դպրոցը ղեկավարած Վոլոդյա Բաբինյանին ազատել Կիրանցի դպրոցի տնօրենի պաշտոնից․ լուծել նրա հետ 2020թ․ հուլիսի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը, բայց նաեւ Վ․ Բաբինյանին անգործ չթողնել․ 2025թ․ հունիսի 30-ին նրան նշանակել է Կիրանցի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով աշխատանքային պայմանագիր։ Այս տարվա հուլիսի 31-ին լրացել է Բաբինյանի 62 տարին․ կենսաթոշակի անցնելու շեմին գտնվող Վ․ Բաբինյանին մարզպետը «պարգեւատրել» է 2024թ․ սեպտեմբերին բացված, 37 աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնով։ Իսկ դպրոցում նոր տնօրեն դեռ չի ընտրվել, սակայն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն արդեն նշանակվել է, ինչը հերքում է մարզպետարանի պատասխանում նշվածը։ Իսկ Վ․ Բաբինյանն այն մարդն է, որը Կիրանցի դպրոցում երկու ձեռքով, խանդավառված, բարեւում էր 2024-ին սահմանազատման անվան տակ միակողմանի, ապօրինի կերպով Կիրանց գյուղի 15 հեկտար հողերն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանին։ Կարծիք կա, որ 2026թ․ ԱԺ ընտրություններից առաջ «յուրայիններին» դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելով՝ իշխանությունը փորձում է նրանց միջոցով ընտրություններում իր համար որոշակի թվով ձայներ ապահովել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image