ՔՊ-ականներն այնպես են սարսափում «Արցախ» կամ «Արցախի Հանրապետություն» բառերից, ինչպես թուրքը՝ խոզի մսից։ Դրա համար էլ երեկ նրանք թեեւ ներկայացան ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, սակայն ընդդիմացան ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ շեշտվում էր «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումն ու հիշեցվում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանը, իր խոսքում դոկտոր-պրոֆեսորական ոճով մի քանի անգամ կրկնելով «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, բառացի հայտարարեց, որ իրենք չեն կարող ընդունել մի հայտարարություն, որում տեղ գտած ձեւակերպումները համահունչ չեն իրենց վարած արտաքին քաղաքականությանը։ Իսկ երբ նրան հարցրինք՝ Լեռնային Ղարաբա՞ղ, թե՞ Արցախ, ժամանակին Արցախի մասին շերեփը ձեռքին ճառեր ասող Հայկ Կոնջորյանը, բառի բուն իմաստով, փախավ։ Ընդդիմությունն էլ, լավ իմանալով, որ այս իշխանություններն ուղղակի սարսափում եւ խրտնում են Արցախի հարցից եւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցումներից, ամեն անգամ էլի բերում՝ դեմ է տալիս մի նախագիծ, որը ոչ մի կերպ համահունչ չէ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարած հակաարցախյան պարտվողական քաղաքականությանը։
Ի վերջո, ՔՊ-ն երեկ միայնակ քննարկեց ու ընդունեց իր իսկ ներկայացրած հայտարարության անատամ տեքստը, որով իբրեւ թե դատապարտում են հարեւան Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններն Արցախի նկատմամբ։ Ընդդիմությունը չմասնակցեց ՔՊ-ի օրակարգով գումարված նիստին՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած հայտարարության նախագիծը ոչինչ չասող մի տեքստ է։ Ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը եւ գնացին կառավարության դիմաց իրենց խոսքն ասելու։ Ի դեպ, կառավարության մոտ կազմակերպված ակցիայի հեղինակն ու բանախոսը ՀՀԿ-ն էր` իր թեւերով:
ԱԺ նիստից հետո Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ՔՊ-ական պատգամավոր դարձած Դավիթ Առուշանյանին փորձեցինք Արցախի վերաբերյալ մի քանի հարց ուղղել։ Նա նախ ասաց, որ նոր է եկել Գորիսից, որտեղ իր գործընկերների հետ մեկնել էր նախապես պլանավորված այցի, ու սկսեց պատմել այնտեղ իր տեսածի մասին, թե ինչ անկոտրում ժողովուրդ են մեր հայրենակիցները։ Իսկ երբ հասանք Արցախին ու Արցախի կարգավիճակին, Առուշանյանի կա՛մ քաղաքական կապիտալը չբավարարեց, կա՛մ քաղաքական պատկանելությունը խանգարեց, որ մեր հարցին անկեղծ ու հստակ պատասխան տա։
«Սյունիքի մեր պատգամավորների հետ սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում ենք եղել, հետո` Գորիսում։ Այցը նախօրոք էր պլանավորված` սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղ գնալու, բայց երեկ տեղի ունեցած դեպքերի պատճառով մեր շատ համաքաղաքացիներ Գորիսում էին, այցելել ենք նաեւ իրենց, երկար զրույց ենք ունեցել»,- ասաց ՔՊ-ական Առուշանյանը։
- Ի՞նչ էին ասում նրանք։
- Ամենակարեւորը՝ կուզենայի արձանագրել, որ թե՛ երեխաների մոտ, թե՛ տարեցների մոտ առաջին ցանկությունը շտապ Արցախ գնալն էր, որը մեզ համար շատ ոգեւորիչ էր, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողությունները որեւէ ազդեցություն չեն թողնում թե՛ Արցախում բնակվող մանկահասակի մոտ, թե՛ տարեցի։
- Ձեզնից՝ որպես իշխանության, իրենք որեւէ պահանջ ունեի՞ն, որ այնպես անեք՝ իրենք կարողանան շուտ Արցախ հասնել։
- Մեզ էդ պահին անհանգստացնում էր իրենց սննդի ու կեցության հարցը, ամբողջը մարզպետարանը, կառավարությունը հոգացել էր, բոլորը հյուրանոցներում էին տեղավորված, դրսում մարդ չկար։ Առաջնահերթ խնդիրն էդ էր, առողջական խնդիրների հետ կապված հարցեր փորձեցինք ճշտել, փառք Աստծու՝ ամեն ինչ նորմալ էր, բնականաբար, շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանը սադրիչ գործողությունների է դիմել, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայում՝ խնդիրն օր առաջ լուծելու համար։
- Բայց դուք ջանք չգործադրեցիք, որպեսզի ձեր կողմից այսօր ընդունված հայտարարության տեքստում իրերն իրենց անուններով կոչեք եւ հասցեական ասեք այն, ինչը որ, օրինակ, ընդդիմությունն է նաեւ առաջարկում։
- Իսկ ի՞նչը հասցեական չէր, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների՞ մասը հասցեական չէր, Ռուսաստանին ուղղված կո՞չը հասցեական չէր, որ կատարեր նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, միջազգային հանրությանն ուղղված կո՞չը հասցեական չէր, ո՞րը հասցեական չէր։
- Հասցեական չէր այն, որ դուք չասացիք՝ Արցախը հայկական տարածք է եւ չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ այս իրավիճակում չի կարող ընդհանրապես որեւէ կերպ գոյատեւել Ադրբեջանի կազմում։
- Լաչինի միջանցքը փակելը նման հայտարարություն անելու հետ ի՞նչ կապ ունի։ Քանի երեկ տեսել եմ էն երեխաներին, որոնք ձգտում են րոպե առաջ էս պայմաններում Արցախ հասնելու, քանի տեսել եմ էն տարեցներին, Արցախը միշտ լինելու է, Արցախը միշտ ապրելու է։
- Որտե՞ղ է լինելու Արցախը, ի՞նչ կարգավիճակում։
- Արցախահայությունն ապրելու է Արցախում։ Մեր առաջնային խնդիրն արցախահայության անվտանգության ապահովումն է։
- Էդ անվտանգությունն ապահովում եք իրե՞նց հողում, Ադրբեջանի՞, Հայաստանի՞ հողում, թե՞ որեւէ այլ տեղ։
- Էն հողում, որտեղ բնակվում են արցախցիները։
- Իսկ Արցախը՝ որպես վարչատարածքային միավոր, ի՞նչ կարգավիճակ է ունենալու։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը, Արցախը Հայաստա՞ն է լինելու, մնալու է որպես Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ հայտնվելու է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով։
- Մեզ համար, էլի եմ ասում, առաջնային խնդիրն արցախահայության բնակվելն է Արցախում եւ անվտանգությունը։
- Իսկ Արցախի կարգավիճա՞կը։ Ինչո՞ւ եք դժվարանում այդ հարցին պատասխանել, պարոն Առուշանյան։ Մինչեւ 2018 թվականը Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին ամենաբարձրագոչ հայտարարություններն էր անում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, Արցախը չի կարող լինել այլ պետության կազմում։ Արցախը բազմիցս հայտարարել է, որ դա կարմիր գիծ է` իրենք երբեք չեն համաձայնելու Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակի: Դուք ի՞նչ եք ասում, ի՞նչ է փոխվել ձեր օրակարգում։
- Մեր օրակարգում որեւիցե բան չի փոխվել, էն, ինչ ուզում էի ասել, արդեն ասացի։