Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ հովանու ներքո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներում ձեւավորել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ»։ Այդ «ճանապարհային քարտեզը», ըստ Փաշինյանի, արտահայտված է Գրանադայում հոկտեմբերի 5-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում։ Այս հայտարարությունը ուշագրավ է, որ հնչեցվել է Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որով Կրեմլի ղեկավարը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները։ Չենք անդրադառնա Փաշինյանի ներկայացրած «ճանապարհային քարտեզի» բովանդակային մանրամասներին, առհասարակ Շիմոնիտեի հանդիպման ընթացքում Փաշինյանի խոսքում տեղ գտած բավական ինտրիգային ծալքեր ունեցող հատվածներին։
Մեզ համար ուշագրավ է այն, որ այս հայտարարությունը հնչում է կարծես ի պատասխան Վլադիմիր Պուտինի առաջարկի, հղելով այն մեսիջը, թե «մենք մեր հարցերը կլուծենք նաեւ առանց ձեզ»։ Ուզենք թե չուզենք, սակայն հայ-ռուսական հարաբերություններում առկա ներկայիս աննախադեպ լարվածության պայմաններում, երբ դեռ երկու օր առաջ Փաշինյանը Եվրախորհրդարանի ամբիոնից հակառուսականության հերթական դոզան էր արտաբերում իր ելույթում, հենց սա ենք հասկանում։ Եւ ապա, զարմանալի է այն, որ Երեւանը չափազանց կարեւորում է Գրանադան։ Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու Գրանադայի գագաթնաժողովի մասին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկի վերլուծականը, որտեղ այդ գագաթնաժողովը ընդհանուր առմամբ համարվել էր ձախողված՝ նաեւ հենց այն պատճառով, որ նախատեսված հնգակողմ հանդիպումը Ղարաբաղյան օրակարգով, չէր կայացել Ադրբեջանի մերժման հետեւանքով։ Մենք չէ, այլ հենց եվրոպացիներն են դա արձանագրել։ Հետեւաբար, տաօրինակ կամ տարակուսելի է առնվազն, որ Երեւանում Գրանադան համարում են ինչ որ կարեւոր հանգրվան։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ոչ այդ գագաթնաժողովի քառակողմ հանդիպումը Ղարաբաղյան օրակարգով, առանց Ադրբեջանի մասնակցության, ոչ ընդունված հայտարարությունը մեծ հաշվով որեւէ արժեք չի կարող ներկայացնել (որքան էլ Փաշինյանն անձամբ կամ նրա թիմակիցները, փորձեն հակառակն ապացուցելու համար տարատեսակ մանիպուլյացիաների եւ ճամարտակությունների դիմել) զուտ այն պատճառով, որ Ղարաբաղյան օրակարգի այսպես ասած՝ առանցքային շահառուներից մեկն հանդիսացող Ադրբեջանը դրան չի մասնակցել։
Ավելին, Ադրբեջանի ղեկավարը բավական ծաղրական կերպով է մեկնաբանել այդ գագաթնաժողովը, Փաշինյանի՝ նման ջանասիրությամբ դրանց մասնակցությունն ու Ղարաբաղյան թեմայով կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունը։ Շարունակելով Գրանադայից Երեւանի՝ տարակուսելի կառչածության թեման, նշենք, որ ոչ վաղ անցյալում Երեւանը ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով հայտարարում էր, որ կարեւորը խաղաղությունն է, իսկ թե այդ խաղաղությունն ամրագրող փաստաթուղթը որտեղ է ստորագրվելու՝ Մոսկվայում, Բրյուսելում թե այլ քաղաքում էական չէ, եւ խաղաղության հասնելու հարթակներն էլ չպետք է դիտարկել հակոտնյա դիրքերից։ Եթե իրոք այս ամենն ասելիս Հայաստանի իշխող թիմը եղել է անկեղծ, ապա տրամաբանական էր, որ Գրանադայի՝ չենք վարանի ասել՝ ֆիասկոյից հետո, Փաշինյանը պետք է գնար Բիշքեկ։ Սակայն նա դա չի անում։ Դրա փոխարեն, ըստ էության մերժելով Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Բիշքեկում հնչեցրած առաջարկը, հայտարարում է ԵՄ հովանու ներքո հայ-ադրբեջանական խաղաղության ինչ որ «ճանապարհային քարտեզի» առկայության մասին։ Ստացվում է, որ տեսականորեն թեեւ Փաշինյանը հայտարարում է, թե «որեւէ վեկտոր չի փոխում», սակայն գործնականում շարունակում է շարժվել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը անշրջելի կետին մոտեցնելու ուղղությամբ, ամեն կերպ ռուսական որեւէ ջանք չեզոքացնելով՝ հնչեցնելով այնպիսի հիմնավորումներ, որոնք ճիշտ այն նույն «նեղացած հարսի» հետ կապված որակման շրջանակում են տեղավորվում, որպիսին նրան պատկանող թերթի վերլուծականում Պուտինի պահվածքն էր գնահատվել։