Փետրվարի 16-ին լրացավ «Հրապարակի» 16 տարին` մենք արդեն 16 տարի լույս ենք տեսնում: Մեր ընթերցողները շարունակում են շնորհավորել մեզ, բարեմաղթանքներ հղել: Այսօր ստացել ենք Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորանքը, որը խիստ պարտավորեցնող է եւ անչափ հաճելի:
«Հարգելի՛ տիկին Օհանյան,
Շնորհավորում եմ Ձեզ և «Հրապարակ» օրաթերթի բոլոր աշխատակիցներին թերթի 16-ամյակի առթիվ։
Գործունեության այս տարիների ընթացքում Ձեր լրագրողական թիմն անցել է իրադարձություններով լի ճանապարհ, և այսօր «Հրապարակ» օրաթերթն ունի ճանաչում՝ որպես կայացած լրատվական կազմակերպություն։
Կարևոր է «Հրապարակ» օրաթերթի հիմնարար գործառույթի նշանակությունն առ այն, որ մարդիկ հնարավորություն են ստանում պատկերացում կազմել, թե ինչպես են աշխատում հանրային մարմինները։ Դա իր հերթին տալիս է նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն։
Դուք այդ կարևոր նշաձողին կարողացել եք հասնել հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։
Վստահ եմ՝ շարունակելու եք հավատարիմ մնալ լրագրողական աշխատանքի առաքելությանը և շարունակելու եք պատվով հասնել հաջողությունների։
Մաղթում եմ, որ շարունակեք այդ անփոխարինելի առաքելությունը՝ ի նպաստ մեր երկրի հզորացման։
Հարգանքով՝ Արման Թաթոյան»։
