Հասարակություն

«Հրապարակ». Անչափահասները մոլորվե՞լ են, թե՞ առեւանգվել

«Հրապարակ». Անչափահասները մոլորվե՞լ են, թե՞ առեւանգվել

Մինչ վարչապետի աթոռին սոսնձված Փաշինյանը, պաշտոնի լիազորություններից բխող բանուգործը թողած, փորփրում է հոգեւորականների անձնական կյանքն ու անկողինը, Ադրբեջանը հերթական շռնդալից ապտակն է հասցնում փաշինյանական «խաղաղության օրակարգին»՝ Սյունիքում գերեվարելով երկու անչափահաս տղայի:

Ահազանգն առաջինը հնչեցրել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ Ֆեյսբուքում գրելով, որ գիշերը ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ գերեվարել են 2 երիտասարդի։ Ահազանգից անմիջապես հետո «Հրապարակ»-ի հետ զրույցում Արավուս գյուղի վարչական ղեկավարի գրասենյակը տեղեկությունը հաստատել էր: Ավելի ուշ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) եւ Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թ. հունիսի 6-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետեւանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։

Պարզվում է՝ գիշերվա ժամը 1-ի սահմանում տղաները ձիերի հետեւից են գնացել, մոլորվել, հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ մինչ այս պահը հետ չեն վերադարձվել։ Սա այն է, ինչ պատմում են գյուղացիները: Իսկապե՞ս մոլորվել են, թե՞ ադրբեջանցիները նրանց առեւանգել են՝ դժվար է ասել: Փաստն այն է, որ Փաշինյանի անողնաշար քաղաքականության արդյունքում ադրբեջանական դիրքերն այնքան են մոտեցել հայկական գյուղերին, որ սահմանամերձ դարձած որեւէ գյուղի բնակչի ֆիզիկական անվտանգությունն այլեւս երաշխավորված չէ: Ամիսներ շարունակ կրակի տակ հայտնված Սյունիքի գյուղերի բնակիչները նաեւ ադրբեջանական գերության մեջ հայտնվելու սպառնալիքի տակ են:

Պատահական համընկնո՞ւմ էր, թե՞ Բաքվի դիրքորոշման վերահաստատում այն, որ ՀՀ քաղաքացիների գերեվարման փաստը հաջորդեց ԱԳ նախարար Միրզոյանի՝ նախօրեին արած խոստովանությանը, թե գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցում Ադրբեջանի հետ «կառուցողական խոսակցություն չի ստացվում»: «Գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցերը Հայաստան-Ադրբեջան մեծ օրակարգի կարեւոր մաս են։ Ցավոտ մաս են։ Երեւի այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»,-լրագրողներին իրենց ձախողման մասին խոստովանել էր Միրզոյանն ու նշել, որ «վերջինը COP-ի շրջանակներում մեծ փոխանակությունն էր»` 23-ի վերջին։ Ձախողակ նախարարը հույսը դրել է «խաղաղության փաստաթղթի», վրա, որը եթե լինի, ըստ Միրզոյանի, ավելի բարենպաստ միջավայր կապահովվի հումանիտար հարցերի լուծման համար: Բաքուն էլ երկար սպասեցնել չտվեց՝ գերեվարելով երկու անչափահասին:

«Կարծում եմ՝ փաստերը պետք է շատ մանրամասն ուսումնասիրվեն, այստեղ բացառված չէ թե՛ առեւանգման վարկածը, թե՛ մոլորվելու հետեւանքով ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվելը: Հստակ է, որ կողմերի միջեւ կա պայմանավորվածություն, որ մոլորված քաղաքացիական բնակիչները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, նրանք, միջազգային իրավունքի ներքո, չեն կարող ունենալ գերու կարգավիճակ, չեն կարող տարվել փակ հաստատություններ, եւ նրանց անձնական ազատությունը սահմանափակելու իրավական որեւէ հիմք չկա: Կարծում եմ՝ եթե ադրբեջանական կողմը ժամերի, օրերի ընթացքում ազատ չարձակի եւ իրենց բնակավայր չվերադարձնի այս տղաներին, նոր կարող ենք խոսել գերեվարման միտումնավոր քաղաքականության մասին եւ հանգել այն հետեւության, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է լուծել հայ պատանդների խնդիրը, այլեւ պլանավորված գործողություններ է ձեռնարկում՝ նոր դեպքեր ունենալու, գերեվարվածների թիվը մեծացնելու նպատակով»,- «Հրապարակ»-ին ասում է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով արավուսցիների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու փաստին:  

Մեր զրուցակիցը շեշտում է՝ գերեվարվածների թիվը Բաքվի համար լրացուցիչ լծակ է՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ իր ազդեցությունը մեծացնելու համար: Սահակյանի խոսքով, 2020 թվականից հետո նման միջադեպեր եղել են նաեւ Արցախում, եղել են դրական արձանագրումներ, երբ մոլորված քաղաքացիները ռուս խաղաղապահների միջոցով վերադարձվել են, եւ գերեվարման փաստը կանխվել է, բայց եղել են նաեւ դեպքեր, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից կարճ ժամանակ անց, երբ ադրբեջանական կողմի օպերացիայի արդյունքում գերեվարվել են խաղաղ սահմանն անցնող քաղաքացիներ, որոնց մի մասը մինչ այս պահը դեռեւս հայրենադարձված չէ:

«Չսխալվելու նպատակով, կարծում եմ, տեղին կլինի սպասել 1-2 օր, որից հետո արդեն կարելի է հստակ վերաբերմունք ձեւավորել՝ այդ դեպքի հետ կապված: Ինչ վերաբերում է գերիների վերադարձի խնդրին, այն այս պահի դրությամբ բացարձակապես դարձել է քաղաքական խնդիր, եւ դրա լուծումը պայմանավորված է խաղաղության գործընթացով: Ինքնուրույն բանակցային ձեւաչափերով գերիներին վերադարձնելն ուղղակի քաղաքական ճանապարհով հնարավոր չէ, եւ քանի դեռ ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղաշարժեր չեն արձանագրվել, Ադրբեջանի կողմից կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում որեւէ անձի ազատ արձակում հնարավոր չէ»,- արձանագրեց Սիրանուշ Սահակյանը:   

Այս խաղի կանոնները, ինչպես կարծում է մեր զրուցակիցը, հստակ գիտակցում են նաեւ ՀՀ իշխանությունները, այդ մասին տեղյակ են նաեւ միջազգային գործընկերները, ու թեեւ մարդու իրավունքների տեսանկյունից որոշակի տեղաշարժեր կան, մարդու իրավունքներով զբաղվող կառույցները կոչ են անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին, բայց երկկողմ հարաբերությունների դինամիկան այլ բան է ցույց տալիս՝ այս պահին Ադրբեջանի կողմից գերիների եւ պահվող անձանց ազատ արձակումն իրատեսական չէ, որովհետեւ այն քաղաքականացվել է, եւ Ադրբեջանը նրանց ազատ չարձակելու հստակ դիրքորոշում ունի: 

Մինչեւ արավուսցի անչափահասների՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվելը, հաստատված է, որ Բաքվում անազատության մեջ 23 հայ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց նկատմամբ Բաքուն շինծու ու բեմականացված դատավարություններ է իրականացնում: Գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ բռնի անհետացման 80 դեպք կա, սակայն Բաքուն չի ընդունել նրանց՝ գերության մեջ գտնվելու հանգամանքը, թեեւ այդ մասին վկայող փաստական հիմքերն առկա են:

ՀԳ․ Նյութը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկություն տարածվեց, որ անչափահաս տղաները վերադարձվել են գյուղ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image