«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:
- Զելենսկին դիմեց ուկրաինացիներին եւ խոստովանեց, որ երկրի պատմության մեջ ամենադժվարին ընտրության առջեւ եք, այժմ երկրի վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում, եւ հիմնական գործընկերոջը՝ ԱՄՆ-ին կորցնելու ռիսկ կա։ Ո՞վ է ճնշում, հենց Վաշինգտո՞նը:
- Ինչպես պարզ դարձավ, 28 կետերը Կրեմլի նախաձեռնությունն են, որը նրանք որոշել են առաջ մղել Թրամփի թիմի մի մասի միջոցով՝ շահագործելով նոր դիվանագիտական հաղթանակների նկատմամբ ԱՄՆ նախագահի շահագրգռվածությունը եւ Զելենսկու թիմի թուլությունը՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Իր ներկայիս տեսքով ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ երկրի ապագայի մասին մտածող որեւէ ուկրաինացի քաղաքական գործիչ չի ստորագրի այս փաստաթուղթը:
- Զելենսկին նաեւ նշել է, որ ուկրաինացիները «պողպատից են, բայց նույնիսկ ամենաամուր մետաղը կարող է կոտրվել»։ Իսկապե՞ս իրավիճակն այդքան օրհասական է:
- Ուկրաինայի նախագահը կարող է ավելի լավ իմանալ, բայց նման ամբարտավան հայտարարությունները չեն արտացոլում հասարակության մեջ տիրող իրավիճակը: Ուկրաինացիները չունեն կապիտուլյացիայի մտադրություն: Սա շատերի համար ակնհայտ է:
- Բացի այդ, նա քաղաքական ուժերին կոչ է արել՝ դադարեցնել ներքին պայքարը եւ միավորվել։ Կոռուպցիոն խայտառակ սկանդալի ֆոնին, որտեղ հենց նախագահի մերձավորներն են ներգրավված, դա ինչպե՞ս է ընկալվում Ուկրաինայի հասարակության կողմից:
- Այսօր Ուկրաինայում ակտիվ քաղաքական պայքար չկա. կան անկախությունից ի վեր ամենամեծ կոռուպցիոն սկանդալի հետեւանքներ: Պատերազմի ժամանակ համաքաղաքացիներից գողանալը դիակապտություն է, եւ կարծում եմ, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասն այդպես է ընկալում դա:
- Զելենսկին նաեւ տեղեկատվական վերահաս ճշնման մասին է ակնարկել. ի՞նչ նկատի ունի, Կրեմլի քարոզչական արշա՞վը:
- Ես ճնշման որեւէ ակնարկ չնկատեցի: Եթե Զելենսկին խոսում է «կրեմլամետ արշավի» մասին, թող նա կրկին լսի Մինդիչի եւ նրա հանցակիցների միջեւ զրույցների ձայնագրությունները, որտեղ նրանք խոսում են «Մոսկվայում գտնվող երկսենյականոց բնակարանի» մասին:
- Թրամփը նշել է, որ Ուկրաինայի համար պատրաստված խաղաղության պլանը կարող է փոփոխվել, բայց վերջնարդյունքը պետք է լինի խաղաղությունը: Երբ հարցրել են, թե ինչ կլինի, եթե Զելենսկին մերժի, պատասխանել է. «Այդ դեպքում նա կարող է շարունակել պայքարել այնքան, որքան կարող է»։ Կա՞ երկիմաստություն:
- Թրամփը պարզապես սիրում է լողալ փառքի մեջ, նրան քիչ է հետաքրքրում դրա ծագումը։ Նրա գործողություններն արդեն իսկ նվազեցրել են Ռուսաստանի՝ որպես ագրեսորի կարգավիճակը, եւ, ինչպես ենթադրում են նրա հայտարարությունները, նա հետաքրքրված է պատերազմի ավարտով, այլ ոչ թե արդար խաղաղությամբ։
- Ուկրաինային ի՞նչ է սպասվում՝ հաշվի առնելով Զելենսկու աննախադեպ հոռետեսությունը, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Կիեւի միջեւ նախատեսված խորհրդակցությունները:
- Պատասխանը շատ պարզ է. Ուկրաինան չունի կապիտուլյացիայի ենթարկվելու մտադրություն։ Եվ սա պետք է ակնհայտ լինի բոլորին։