Հարցազրույց

1000 տարի հետո կսկսենք շինաշխատանքները, որոնք կարող են տևել ևս 1000 տարի

1000 տարի հետո կսկսենք շինաշխատանքները, որոնք կարող են տևել ևս 1000 տարի

Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ:

- Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված Մինսկի խմբի գործունեության հետ ինչպես կգնահատեք։

- Լավրովը ընդամենը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է իր գործունեությունը՝ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների նախաձեռնությամբ, բայց, իհարկե, քննարկել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Չի խոսվում աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով, կամ, ինչպես ինքն է նշում` ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների նախաձեռնությամբ գործունեությունը դադարեցված Մինսկի խմբի ձևաչափի վերաակտիվացման անհրաժեշտության մասին, չի օգտագործվում Լեռնային Ղարաբաղ տերմինը, չի օգտագործվում նույնիսկ ղարաբաղյան հակամարտություն տերմինը, ավելին` Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հետպատերազմյա բառի փոխարեն օգտագործում է հետկոնֆլիկտային բառը, ինչը փաստորեն նշանակում է, որ կոնֆլիկտ այլևս գոյություն չունի։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ շատ հաճախ հրապարակային հայտարարությունները, դիրքորոշումները և նույնիսկ պայմանավորվածությունները չեն արտացոլում իրական քաղաքականությունը։ Հետպատերազմական շրջանում, ինչպես Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը մի քանի անգամ շեշտել են հակամարտության չլուծված մնալու և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կարևորության մասին, ընդ որում նման հայտարարություններ հնչել են առանձին, նաև ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարությունների տեսքով, հատկանշական է նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ ստորագրված փաստաթղթի՝ ԼՂ-ի մասին միակ 24-րդ կետում քաղաքական-դիվանագիտական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ լուծման պահանջվածության փաստի արձանագրումը։ Ընդ որում վերջինիս համատեքստում կողմերը հաստատել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ Ռուսաստանը գործում է իր ազգային շահերի բավարարման մոտիվներով և Լավրովի կողմից օգտագործված բառամթերքն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Կան հարցեր, որոնց լուծմանը հասնելու համար Լավրովը Բաքվում պարզապես չի շոշափելու թեմաներ, կամ նույնիսկ օգտագործելու տերմիններ, որոնք կարող են արժանացնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը և խոչընդոտել այդ հարցերի լուծմանը։

- Ի՞նչ կլինի երբ ռուս խաղաղապահները լքեն Արցախը։

- Այո, ճիշտ հարցադրում այս պահի համար։ Դա շատ կարևոր հանգամանք է, որն անտեսել չենք կարող, դա ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն է Արցախում։ Առանց խաղաղապահ առաքելության Արցախ լինել չի կարող, բոլորը լքելու են, ովքեր էլ մնան՝ ցեղասպանվելու են։ Հենց այս հանգամանքն անուղղակի կերպով քաղաքական ազդեցության միջոց է հանդիսանում Արցախի իշխանությունների նկատմամբ և հենց այս հանգամանքի նկատառումներով է պայմանավորված նաև պաշտոնական Ստեփանակերտի բարձր ու սուբյեկտիվ գնահատականը խաղաղապահ առաքելությանը։ Ուստի որոշ առումներով պետք է ըմբռնումով մոտենանք Արցախի սուբյեկտիվ դիրքորոշումներին, սակայն, իհարկե, սա չի նշանակում, որ նման մակարդակով արված հայտարարությունը պետք է անարձագանք թողնել, քանի որ եթե ռուսական կողմին հաճոյանալու համար և' արտգործնախարարության, և' ԱԺ խմբակցությունների մակարդակով բողոքի նոտա ենք հղում Շարլ Միշելին՝ իր հայտարարության համար և արդյունքում ստանում նմանատիպ պատասխան Լավրովից, ապա առնվազն տրամաբանական չէ չարձագանքելը։ Միակ արձագանքը եղել է ՀՀ արտգործնախարարության խոսնակի մակարդակով, որը ընդամենը ի պատասխան ԶԼՄ ների կողմից հնչած հարցերի` ներկայացրել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի կողմից նախկինում արված հայտարարություններն ու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ ստորագրված փաստաթղթի՝ ԼՂ-ի վերաբերյալ միակ 24-րդ կետը։ Ինչը պատշաճ արձագանք որակել պարզապես չի կարելի։ Չկար արձագանք նաև խորհրդարանական ընդդիմության կողմից կազմակերպված դիմադրության շարժման կողմից, որոնք օրեր առաջ երեւանյան այցի ընթացքում Լավրովին փորձում էին հասկացնել, որ գործող իշխանությունները չունեն ՀՀ անունից բանակցելու լեգիտիմ մանդատ։

- Լաչինի միջանցքին զուգահետ նոր ճանապարհի կառուցման ծրագիրը ինչ է նշանակում, ինչ ժամկետում կգործարկվի։

Առաջին հերթին նախ պետք է հասկանանք, թե ինչ պայմանավորվածության մասին են խոսում, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետի երկրորդ պարբերության տրամաբանությունը նոր երթուղու շահագործման հստակ ժամկետներ չի սահմանում։ Ընդամենը ասվում է, որ առաջիկա երեք տարում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր։ Թող հաստատվի երթուղու կառուցման ծրագիրը, 1000 տարի հետո մենք կսկսենք շինաշխատանքները, որոնք կարող են տևել ևս 1000 տարի։ Բայց եթե խոսքը այլ` չհրապարակված փաստաթղթի մասին է, կամ՝ բանավոր պայմանավորվածությունների, ուրեմն գուցե և շուտով այլ երթուղի կլինի, ամեն դեպքում մի բան հստակ է, որ առանց նոր երթուղու շահագործման հանձնելու` գործող երթուղին չի կարող փակվել, իսկ մինչ այդ Բերձոր քաղաքը տեսականորեն հնարավոր է հանձնել միայն այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողությամբ սկսի քաղաքի շինարարական աշխատանքները։ Բնական է, որ այդ դեպքում Բերձորի հայ բնակչությունը ստիպված է լինելու լքել բնակավայրը։ Ինչ վերաբերում է նոր երթուղու կարգավիճակի փոփոխությանը, ապա եռակողմ համաձայնագրում՝ այն ևս գործելու է որպես միջանցք, ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողությամբ, սրա այլընտրանքը Արցախի հայաթափումն է լինելու։ Այսօր բոլոր հարցերում բանակցությունները տեղի են ունենում ռուսական և ադրբեջանական կողմերի միջև, եթե Ռուսաստանին պետք չէ առանց հայ Արցախ, ապա հավանաբար այդպես էլ կանի, բայց իրականում հենց այդ հայ բնակչության գոյությունն է հիմնավորում նրա ներկայության անհրաժեշտությունը, ուստի չեմ կարծում, որ Ադրբեջանը կկարողանա հասնել միջանցքում իր որևէ ներկայության դրական արդյունքի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image