Հասարակություն

«Հրապարակ»․ Երեք սպանված զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հաշտություն է առաջարկել կողմերին

«Հրապարակ»․ Երեք սպանված զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հաշտություն է առաջարկել կողմերին

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Գորիսից ոչ հեռու գտնվող Կոռնիձորի դիրքերում երեք զինծառայող մահացավ: Անմիջապես վարկած տարածվեց, թե դիրքում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, եւ մեր տղաները զոհվել են թշնամու կրակոցներից: Սակայն քննչական մարմինը շատ արագ հերքեց այս վարկածը՝ գործը «կոտրելով» երկու զինծառայողի վրա: Այսօր՝ դեպքից 4 տարի անց, հանցագործությունը բացահայտված չէ: Կոռնիձորի դիրքն էլ այլեւս չկա: Այդտեղ ադրբեջանցիներ են, մերոնք էլ 500 մետր հետ են գնացել՝ ամրապնդվելով բարձունքի վրա, իսկ այս խորհրդավոր գործով դատաքննությունը ձգվում է արդեն 3 տարի:

Տղաների մարմինները հրազենային տարբեր վիրավորումներով հայտնաբերվել էին զինվորական կացարանում: Ըստ քննիչների, նրանց ծառայակիցը՝ Ա․-ն, որն այդ օրը արթուն էր՝ հերթափոխի, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորել այն եւ կրակ բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ: Դրդողն էլ, ըստ այդ վարկածի, դիրքի ավագն է եղել՝ Ս․ Գրիգորյանը, որը, իբր, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է իրականացրել է Ա․-ի նկատմամբ: Քանի որ տղաները, մտնելով սենյակ, իբր ակամայից ականատես են եղել այդ սեքսուալ գործողություններին, դիրքի ավագը հրահանգել է Ա․-ին՝ սպանել նրանց, սպառնալով, թե ինչ-որ լուսանկարներ կուղարկի վերջինիս ծնողներին:

Այսօր քննիչների վարկածն ամբողջությամբ փլուզվել է: Փորձա­քննու­թյուններով ապացուցվել է, որ ոչ մի սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էլ չեն եղել, իսկ իբր շանտաժի առարկա լուսանկարում էլ Ա․-ն պատկերված է դիրքում քնած վիճակում: Հասկանալի է, որ նման լուսանկարի հրապարակման պահից ոչ ոք երեք հոգու չէր սպանի: Դրդապատճառ, ապացույցներ չկան, բայց սպանության եւ սպանության դրդելու համար մեղադրվող զինծառայողները՝ Ս․-ն եւ Ա․-ն, արդեն 4 տարի է՝ կալանքի տակ են:
«Դատարանն անցյալ նիստին՝ մարտի կեսերին, եւս 3 ամսով երկարացրել է կալանքը: Քննությունը շատ դանդաղ է գնում: Երկու ամիսը մեկ են նիստեր նշանակում: 3-4 տարի է՝ տղաս կալանքի տակ է, եւ ոչ մի վկայություն իմ տղայի դեմ չկա: Ամեն ինչ հերքվել է դատարանում, վկաների հարցաքննությունների ժամանակ, մեր դեմ ոչինչ չկա: Ինչո՞ւ են իմ որդուն պահում կալանքի տակ, հայտնի չէ: Նրան ոչ մի բանի համար են մեղադրում ու պահում կալանքի տակ»,- ասում է Հովիկ Գրիգորյանը:

Ըստ նրա, սպանության գիշերը որդին զանգել, ասել է իրեն, որ դիվերսիա է եղել: «Միանգամից նստեցի մեքենա, գնացի դիրք, բայց ոստիկաններն ասեցին, որ սպանություն է կատարվել: Իմ տղան ինձ ասաց, որ չի հավատում, որ Ա․-ն սպանած լինի զինվորներին: Բայց թե ինչ է կատարվել, իմ տղան չգիտի»: Պատմում է, որ Ս․-ն փորձել է փրկել տղաներից մեկին, որը վիրավոր է եղել, կանչել է կողքի գյուղից՝ մեքենա ունեցող իր ընկերոջը, փորձել է վիրավոր տղային տեղափոխել հիվանդանոց, բայց նա մահացել է ճանապարհին: Ս․-ն պատմել է հորը, որ Լեւոնը հասցրել է հարցնել՝ էս ի՞նչ կատարվեց, ես չեմ հասկանում, եւ ուշագնաց է եղել:

Ս. Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն արդեն 5 գանգատ է ուղարկել ՄԻԵԴ` Ս. Գ․-ին ապօրինի կալանքի տակ պահելու հարցով: Օրերս նա ստացել է ՄԻԵԴ միջանկյալ որոշումը, որով կողմերին հաշտություն են առաջարկել: «Կողմերը կառավարությունն ու մենք ենք: ՄԻԵԴ-ը մեզ հաշտություն է առաջարկել: Ժամկետը լրանում է մայիսի 5-ին: Մինչ օրս չունենք կառավարության արձագանքը»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա ՄԻԵԴ բողոքներից երեքը միավորվել են մեկ վարույթում: Կառավարությունը կարո՞ղ է մերժել ՄԻԵԴ առաջարկը: «Տեսականորեն, կարող է մերժել, բնականաբար, բայց պետք է շատ լավ հասկանա, որ հետագայում դա կարող է վերածվել վճռի: Էս վերջին երկու գանգատները, որոնք ուղարկել եմ, նույնպես միացել են այս գործին, համապատասխան գրությունները ՄԻԵԴ-ից ստացել եմ»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը: Նրա պահանջն այն է, որ անհապաղ ազատ արձակեն իր պաշտպանյալին:

Նա հաստատեց, որ վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ քննիչը ծեծի ենթարկելով է ցուցմունքներ կորզել զինծառայողներից: Ի՞նչն է պատճառը, որ ամեն գնով փորձում են այս տղաներին մեղադրել սպանության համար, ի՞նչն են ուզում քողարկել քննիչները: «Քննիչները ենթադրյալ հանցագործություն են բացահայտել: Սկզբնական վարկածն այն է եղել, որ դիվերսիա է եղել այդ դիրքում»: Դե թող ասեն, որ դիվերսիա է եղել: «Ինչպե՞ս կասեն, եթե մենք խաղաղության ենք գնում: Եթե այսօր կրակոցներ են տեղի ունենում սահմանին, որոնք ոչ մի ձեւով չեն արձանագրվում, համարում են, որ որեւէ մեկի դեմ ուղղված չի, դիվերսիան էլ կարող են համարել նման հեքիաթներ»,- պատասխանում է Լիպարիտ Սիմոնյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image