Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները հեշտացնելու գործընթացի մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ։
Այդ մասին գրել է Human Rights Watch համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին ստիպված լքել է Ղարաբաղը։
«Տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարգելու մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները․ Բաքուն պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիտորինգի անկախ առաքելությունը:
Ադրբեջանի գործընկերները պետք է դրդեն միջազգային դիտորդական առաքելությանը՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի առջև ծառացած պայմանների մասին և բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը»-, գրում է Human Rights Watch-ը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ գործընկեր կառավարությունները պետք է նաև խնդրեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար
«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը, - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը և հավելել,-«Բոլոր կողմերի վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»:
Human Rights Watch-ը Հայաստանի սահմանին հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղից փախած 14 անձանց և 7 ընտանիքի հետ. ինչպես նաև 12 մարդասիրական աշխատողների, բժշկական անձնակազմի, հայ պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցչի հետ։
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանին կոչ է արել «բարի կամք դրսևորել՝ ներառյալ միջազգային իրավունքի հարգումը՝ պաշտպանելու Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հրապարակայնորեն նշել է, որ ինքը «իր միջազգային գործընկերների հետ միասին հանձնառու է միջազգային առաքելությանը Լեռնային Ղարաբաղում՝ հավելելով, որ տարածաշրջանի ժողովուրդը պետք է կարողանա վստահ լինել, որ իրենք միայնակ չեն»,- ասվում է հրապարակման մեջ։
«Սեպտեմբերի 24-ից ավելի քան 100.000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ տարածաշրջանը, փաստորեն, ժամանակավորապես լքելով: Ղարաբաղում մնացած մարդկանց թվում կան տարեցներ և շատ հիվանդներ, որոնք կամ չեն ցանկացել, կամ չեն կարողացել փախչել։ Զանգվածային փախուստը հաջորդել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումներին, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողությունը վերականգնելն էր։ Հաջորդ օրը հայտարարվեց կրակի դադարեցման մասին, որին հաջորդեցին նախնական բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ Այնուհետև անկլավի դե ֆակտո իշխանությունները համաձայնեցին լուծարվել»,-մանրամասնում է Human Rights Watcհ-ը։