Մշակույթ

Հո Հայոց ցեղասպանության մասին գիրքը չի՞ դնի կրծքին, Էրդողանի գոհարներն է շարել սրտին

Հո Հայոց ցեղասպանության մասին գիրքը չի՞ դնի կրծքին, Էրդողանի գոհարներն է շարել սրտին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արտահայտած մտքերին՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Ծավալուն հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը քննադատել է վարչապետին եւ կոչ արել ավելի զգուշավոր լինել իր խոսքերում։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի վարչապետը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ:
Իր ծավալուն հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը շեշտում է՝ վարչապետ Փաշինյանի հարցադրումները մարտահրավեր են նետում Հայոց ցեղասպանությանը՝ որպես հաստատված պատմական փաստի։ Վարչապետի խոսքերը Լեմկինի ինստիտուտը դիտարկում է վտանգավոր, քանի որ դրանք սպառնում են «համարձակություն հաղորդել Հայաստանի հարեւաններին՝ ընդդեմ Հայաստանի»։

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման եւ մարդկային անվտանգության ինստիտուտը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք էլ ավելի են արձագանքում թուրքական ժխտողական խոսույթներին։ Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, այդ թվում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի եւ հայ գիտնականների կողմից, կանգնում ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին եւ ստեղծում աշխարհաքաղաքական վտանգավոր դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետությանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ Լեմկինի ինստիտուտի՝ «1939-ին ցեղասպանության պաշտոնական ճանաչման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե այն պատճառով, որ իրադարձությունն ինքնին անհասկանալի էր կամ անհայտ, այլ այն պատճառով, որ իրավական, հայեցակարգային եւ ինստիտուցիոնալ շրջանակ նման վայրագություններն ամբողջությամբ նկարագրելու եւ անդրադառնալու համար դեռեւս գոյություն չուներ: Նույնիսկ Հիտլերը՝ ինքը, գիտեր Հայոց ցեղասպանության սարսափի մեծության մասին՝ այն նմանեցնելով դեպի արեւելք էքսպանսիայի իր ծրագրերին»։ Լեմկինի ինստիտուտն առանցքային է համարում այն փաստը, որ «ցեղասպանություն» եզրը ստեղծվել է միայն 1943 թվականին, միաժամանակ նաեւ հորդորում է․

«Վարչապետ Փաշինյանին խնդրում ենք ավելի զգույշ լինել իր լեզվի նկատմամբ։ Նրա անորոշ հռետորաբանությունը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաստատված փաստերը, ոչ մի արդյունավետ նպատակի չի ծառայում եւ չի օգնում Հայաստանի շահերին»։  

Պատմաբան Միքայել Մարտիրոսյանի դիտարկմամբ, Փաշինյանի հայտարարությունները երբեք հենց այնպես չեն արվում, հավանաբար, ինչ-ինչ պարտավորություններ ունի, ուստի «ուզում է խաղաղության իր սխեմայի մեջ տեղավորել նաեւ Հայոց ցեղասպանության թեման, իսկ եթե ինքն ուզում է պարզել, թե ինչ է եղել 1915-ին, կամ ինչպես է դա տեղի ունեցել, դրա համար կան հազարավոր գրքեր, բավական է դրանցից մեկը վերցնի ու կարդա։ Էլ չասեմ, որ Հայաստանում կա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հայ պատմաբանները, եւ ոչ միայն նրանք, վաղուց ապացուցել են, թե ինչպես է տեղի ունեցել 1915-ը։ Այստեղ քննարկման խնդիր չկա ընդհանրապես։ Անգամ եթե ես ասեմ, որ այստեղ քննարկման թեմա կա, ուրեմն կլինեմ Հայոց պատմությունն ուրացող մեկը, ավելի ուրացող, քան ինձնից առաջ եղածները։ Ես միտումնավոր ինձ վրա եմ բերում օրինակը, որովհետեւ հազարավոր մարդիկ իրենց կյանքը, եռանդը, ջանքերը ներդրել են այդ գործում, որն այսօր ապացուցելու կամ քննարկելու կարիք չունի։ Հիմա ինչի՞ համար են այդ հայտարարությունները, ծածկադմփո՞ց են ուզում անել իրենց ՔՊ-ի «սատելիտներով»։ Իսկ թե ինչու 1930-ականներին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ եւ այլն․․․, դրանով անուղղակիորեն հարվածում են Ռուսաստանին, դե՝ Արեւմուտքին խոստացել են, որ Ռուսաստանին պետք է այստեղից հանեն, ու ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Մինչդեռ 30-ական թվականներին «ցեղասպանություն» եզրույթ եղե՞լ է, որ օգտագործեին․․․ այդ ժամանակ դրա համարժեքն է օգտագործվել՝ մեծ եղեռն, ոճրագործություն, որը նույն բանն է։ 1919-ին, երբ Կոստանդնուպոլսում սկսվեց երիտթուրքերի դատը, այդ ժամանակ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին եւ մյուսներին այդ մեղադրանքն է առաջադրվել, որ իրենք հայ ժողովրդի նկատմամբ եղեռն են իրականացրել։ Դրա մասին փաստում է դատարանի որոշումը, որը քննարկելու բան չէ եւ վերջնական է»,- ասում է պատմաբանն ու անթույլատրելի համարում Հայոց ցեղասպանության թեման իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելը։

Ինչ վերաբերում է Լեմկինի ինստիտուտի խիստ հայտարարությանը, ասում է․ «Չմեռանք ու տեսանք, թե ինչպես է Լեմկինի ինստիտուտը հայ ժողովրդին պաշտպանում Հայաստանի վարչապետից․․․, հասկանո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում, ու վատը հենց դա է։ Իսկ այդ ինստիտուտը հո հենց այնպես չի՞ ստեղծվել, դա հեղինակավոր կազմակերպություն է՝ ամբողջ աշխարհում ընդունված, որտեղ լուրջ մարդիկ են նստած, եւ այդ ինստիտուտի տված տեղեկանքներով մարդիկ դիմում են դատարաններ, դատեր են շահում»։ Մեր զրուցակիցը նկատում է, որ բոլոր այս հայտարարությունները միտված են Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, այդ թվում, այսպես կոչված՝ խաղաղության ծրագրի մեջ։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը չպետք է լինեն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն, պատմաբանը նկատում է․ «Այդ ե՞րբ է եղել առաջնահերթություն որ, չի էլ եղել ոչ մեկի ժամանակ, Հայաստանի կառավարությունները ջանք չեն էլ ներդրել, որ ինչ-որ պետություններ ճանաչեն։ Դա եղել է ավելի շատ պառլամենտական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության շնորհիվ, առաջին հերթին՝ սփյուռքահայ համայնքների ճնշման տակ։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե Փաշինյանը ցեղասպանության մասին իր թեզերը որտեղ է առաջ քաշում՝ Ցյուրիխում՝ սփյուռքահայ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ կտրուկ շրջադարձ է անում ու սփյուռքահայերին ասում է՝ գործ չունեք սրա հետ, որովհետեւ դրանից մենք ոչ մի օգուտ չունենք։ Դա էլ երեւի Էրդողանին է խոստացել, գիրքը դրել էր, չէ՞, կրծքին ու նկարվել, հիմա հո Հայոց ցեղասպանության մասին գիրքը չի՞ դնի սրտին, Էրդողանի գոհարներն է շարել սրտին եւ դրա համար նման բաներ է խոսում ու հայտարարում»։ Մ․ Մարտիրոսյանն ավելի շատ նեղսրտում է, թե ինչպես է հայ ժողովւրդը հանդուրժում այդպիսի հայտարարություններ անողին։

«Դու պետության առաջին դեմքն ես, քեզանով է կողմնորոշվում քո երկրի արտաքին քաղաքականությունը, հարաբերությունները հարեւանների հետ, մի հատ թափ տուր քեզ, զգաստացի, բառերդ չափավորի, մտքերդ կանոնավորի, այդ ի՞նչ խոսք է ու պահվածք։ Շատ վատ է, երբ հայ մարդը կարող է քաղաքական նպատակների համար օգտագործել ցեղասպանության հարցը»։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նկատել էր, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը։ «Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը եւ դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը», Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը, Կարսի պայմանագրի ճանաչումը, Անկախության հռչակագրի փոփոխությունը եւ այլն։ Կապիտուլյացիան թերեւս ունի տեսական եւ գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են, տեխնիկայի եւ ժամանակի հարց է։ Թուրքիայի ներկայացրած նախապայմանները եւ Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլյացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։ Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության եւ այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։ Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքնության եւ այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից՝ վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ»,- մասնավորապես նշել էր Մելքոնյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image