Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը դեռ իր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար նշանակվելուց կարճ ժամանակ անց, մարտի կեսերին, աշխատանքային այց կատարեց Մոսկվա եւ հանդիպեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը ներկա էր եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոլանյանը։ Կարապետյանին այն ժամանակ հաջողվել էր հանդիպել նաեւ ՌԴ առաջատար ԶԼՄ-ների խմբագիրների եւ ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
Քանի որ Վլադիմիր Կարապետյանը փորձառու դիվանագետ է, ակնհայտ է, որ նրա այցերի ու հանդիպումների նպատակը վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, նոր իշխանությունների գործունեությունը արտերկրում ներկայացնելն է, հատկապես առաջատար ԶԼՄ-ների հետ համագործակցությունը եւ կապերն ամրապնդելը։
Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք առաջիկայում ընդլայնելու է իր այցերի եւ հանդիպումների աշխարհագրությունը, նախատեսվո՞ւմ են հանդիպումներ հետխորհրդային երկրների այլ առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, թե՞ ոչ։
«Ունենք համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են այդ հանդիպումներով։ Մասնավորապես արտգործնախարությունը եւ դեսպանություններն են զբաղվում նման հանդիպումներով, բայց ես էլ իմ մասով եմ նպաստում դրան։ Ես ունեմ երկու հրավեր։ Մեկը ՌԴ նախագահի խոսնակն էր, օրերս էլ Վրաստանի վարչապետի խոսնակից էի հրավեր ստացել։ Ինձ համար դա շատ կարեւոր այց էր։ Կար հնարավորություն՝ ծանոթանալու, երկրորդը՝ համադրելու մեր աշխատանքը՝ հաշվի առնելով կապը, որն առկա է Վրաստանի եւ Հայաստանի վարչապետների միջեւ։ Ես առիթ ունեցա հանդիպելու նաեւ արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, որոնց հետ մանրամասն քննարկեցինք երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, համագործակցության տարբեր ասպեկտներ։ Հանդիպում ունեցա լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների հետ։ Այդ հանդիպումը փակ էր, բայց կոչված էր հնարավորինս մանրամասնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Հանդիպում ունեցա նաեւ համայնքի հետ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այս պահին որեւէ այլ երկրից այցի կոնկրետ առաջարկություն չի ստացել, միաժամանակ չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է, որ լինեն այցեր։
Հարցին, թե հնարավո՞ր է համագործակցություն նաեւ Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Չեմ մտածել, չեմ բացառում»։