Հարցազրույց

Ուկրաինացիներին խաբեցին ամենանողկալի ձեւով

Ուկրաինացիներին խաբեցին ամենանողկալի ձեւով

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ է։

- Փետրվարի 24-ին լրացավ ռուս-ուկրաինական հակամարտության երրորդ տարին: Սպիտակ տունը լավատես է՝ պատերազմը կարող է ավարտվել հենց այս շաբաթ: Կիսո՞ւմ եք Թրամփի վարչակազմի այս լավատեսությունը:

- Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտի նման ակնկալիքներ ունենալը վաղաժամ է։ Բանակցությունները կարող են շարունակվել շաբաթներով, եթե ոչ՝ ամիսներով։ Կողմերը բանակցում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպիսիք են՝ տնտեսական համագործակցությունը եւ սպառազինությունների վերահսկումը, որտեղ հնարավոր է որոշակի առաջընթաց։ Հնարավոր է, որ կողմերը պայմանավորվեն որոշակի պատժամիջոցների վերացման, Արկտիկայում նավթի եւ գազի պաշարների համատեղ օգտագործման, Եվրոպայում սպառազինությունների սահմանափակման, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տեղակայման սահմանափակումների շուրջ։ Նրանք, հավանաբար, կքննարկեն Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը: Սակայն նրանց համար շատ դժվար կլինի Ուկրաինայի համար խաղաղ կարգավորում գտնելը։ Կա 4 շրջանների եւ Ղրիմի հարցը, որը ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չեն կարող զիջել։ Եթե Թրամփը համաձայնի դրան, նա կհայտարարվի դավաճան եւ պարտվող, ինչը նա չի կարող ընդունել։ Թրամփը կարող է համաձայնել չընդլայնել ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինայի չեզոքության երաշխիքներ տալ, սակայն Ուկրաինան չի համաձայնի այս պայմաններին, եւ Զելենսկին արդեն խոսում է եվրոպացիների հետ ԱՄՆ-ին որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր փոխարինելու մասին։ Չեզոքության ոչ մի երաշխիք հավերժ չի մնա. ինչպես Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեպքում, վաղ թե ուշ՝ այս հարցը նորից կհայտնվի, եւ Ուկրաինան կօգտագործի այս ժամանակը՝ վերազինվելու համար։

- Պատերազմի դադարեցման վստահեցումների ֆոնին խորանում է Թրամփ-Զելենսկի քաղաքական առճակատումը: ԱՄՆ նախագահն Ուկրաինայի ղեկավարին, ըստ էության, լեգիտիմ չի համարում. անվանում է առանց ընտրությունների բռնապետ եւ կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել:

- Ուկրաինայի իշխանություններին ու ժողովրդին խաբեցին ամենացինիկ, նողկալի ձեւով, 1 միլիոն կյանք զոհաբերելուց հետո ուկրաինացիներին ասել են, որ իրենց տված բոլոր խոստումները սուտ են։ Զելենսկու արձագանքը հասկանալի է. Թրամփը ցանկանում է ստիպել Զելենսկուն՝ ընդունել երկրորդական դերը բանակցություններում եւ գնալ զիջումների։ Նրա մերժումից հետո Թրամփի թիմը նրան մի կողմ շպրտեց, ինչպեսեւ սպասվում էր։

- Բացի այդ, Թրամփը, փաստացի, խոստովանել է, որ հակամարտության մեղավորը Ռուսաստանը չէ, այլ Կիեւի ու իր նախորդի՝ Բայդենի կառավարությունը: Որքանո՞վ է ողջամիտ այս պնդումը:

- Շատ ցինիկ է Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին մեղադրել տասնամյակների կեղծ խոստումների եւ մանիպուլյացիաների համար, որոնց արդյունքում նրանք դաժանորեն խաբվեցին։ Ավելի քան 1 միլիոն կյանք է կորել, եւ այժմ նրանց ասում են, որ ամեն ինչ իզուր էր։ Մեղքը պետք է վերագրվի այն քաղաքական գործիչներին, ովքեր որոշել են վերաբաժանել Եվրոպան, ստիպել ազգերին՝ ընտրել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, եւ խոստացել այն, ինչ նրանք չեն կարող իրականացնել:

- Ի դեպ, Զելենսկին սկզբունքորեն դեմ է ռազմական գործողությունների պայմաններում ընտրություններ անցկացնելուն: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը եւս աջակցում է ուկրաինացի առաջնորդի այս դիրքորոշմանը: Որքանո՞վ են զարգանալու Թրամփ-ԵՄ տարաձայնությունները Կիեւի հարցում:

- Եթե Զելենսկին համաձայնի ընտրություններին, հավանաբար կպարտվի, քանի որ նրա վարկանիշը ցածր է թվում։ Առանց այս ընտրությունների նա չի կարող լեգիտիմորեն որեւէ պայմանագիր ստորագրել, եւ դա օգտագործվում է նրան փոխարինելու համար։ Նրան կարող են հեռացնել ուժով, մեկ այլ մայդանով, կամ կարող է պարտվել ընտրություններում ավելի ազգայնական կուսակցությանը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես Ուկրաինայում իշխանության կգա ավելի հաշտարար կամ ավելի ռուսամետ կուսակցություն։ Կարող է լինել ճիշտ հակառակը. պատերազմը կարող է շարունակվել կամ դադարեցվել, հետո նորից բռնկվել։

- Կարծիք կա, որ ուկրաինական հակամարտության խաղաղ հանգուցալուծումից հետո ԱՄՆ նախագահն ավելի ակտիվորեն է զբաղվելու մեր տարածաշրջանով: Կարծիք կա, ինչպես Զելենսկու պարագայում, Փաշինյանի դեպքում եւս Վաշինգտոնը կտրուկ քայլերի կանցնի՝ նրա համար ոչ հաճելի հետեւանքներով: Արեւմտյան կուրս որդեգրած Փաշինյանի պահվածքը հավատ չի՞ ներշնչում Թրամփի վարչակազմին:

- Ցավոք, մենք ազդեցություն չունենք Թրամփի վարչակազմում։ Մեր հարցերը կլուծվեն մեր թիկունքում՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Անկարայի եւ Բաքվի միջեւ։ Նրանք կպայմանավորվեն Զանգեզուրի ապագայի շուրջ եւ կասեն, թե ինչ պետք է ընդունենք։ Գուցե մենք ստիպված լինենք ընդունել թուրքական կամ ռուսական վերահսկողությունը կամ համատեղ վերահսկողությունը այս երկրների կողմից։ Գուցե քննարկվում է ԱՄՆ խորհրդանշական ներկայությունը: Ամեն դեպքում, մենք չունենք դիվանագիտական ազդեցություն կամ արտաքին քաղաքականություն. այն ձախողեցինք։ Հիմա մենք ստիպված կլինենք դիմակայել հետեւանքներին։ Ինչպես միշտ է եղել մեր պատմության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image