Դեկտեմբերի 15-ի կիրակնօրյա սուրբ պատարագին Մայր Աթոռը կիսադատարկ էր։ Ցավալի պատկեր։ Սուրբ պատարագի իմաստն ու խորհուրդը կարծես հայ ազգի համար վերջին պլան է մղվել, մինչդեռ եկեղեցին դարեր ի վեր եղել է հայի տունը բոլոր իմաստներով։ Թվում էր, թե Մայր Տաճարի վերաօծման արարողությունից հետո մարդկանց հոսքը մի քանի անգամ կմեծանա, սակայն այսօրվա տեսարանը այլ բանի մասին էր վկայում: Ինչո՞ւ մարդիկ եկեղեցի չեն գնում, պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած ժամանակի սղությունից, մինչեւ ավելի խորքային՝ հոգեւոր ունայնություն։ Փորձեցինք պատճառները հասկանալ հոգեւոր տեսանկյունից։ Տեր Արամ քահանա Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սուրբ պատարագին մասնակցողները եւ հաղորդություն ստացողները իրապես քիչ են, եւ սա ունի իր պատճառները։
«Իհարկե, զորավոր համայքներ կան, որտեղ հավատացյալները շատ են, բայց այդ առումով մենք շատ հեռու ենք ակնկալած արդյունքից, երկար ճանապարհ պիտի անցնենք, մեր ժողովրդին աստիճանաբար սուրբ հաղորդության խորհրդի շուրջ բերելու։ Շատերը կարծում են, թե եկեղեցին միայն մոմ վառելու տեղ է, բավարար է միայն մոմ վառել եւ վերջ։ Սակայն եկեղեցական ծուխը ձեւավորվում է սուրբ հաղորդության շուրջ։ Մոմավառություն, մատաղ եւ այլ արարողությունները միայն բարեպաշտական արարողություններ են, որ կոչված են մեր հոգեւոր կյանքը խանդավառելու»,-նշեց տեր հայրը։