Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ
- Երեւանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը. Հայաստանում երրորդ երկրների ներկայացուցիչների հեռացում սահմանից, այսինքն` ԵՄ առաքելության դուրսբերում եւ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարում։ Միջազգային հանրությունը ողջունեց դա, Հայաստանում նոր կրքեր են բորբոքվել՝ ընդդեմ Փաշինյանի հերթական դավաճանական քայլի: Ինչպիսի՞ զարգացում ակնկալենք, եթե Բաքուն վերջնագրերի լեզվով է խոսում մեզ հետ:
- Սա խաղաղության պայմանագիր չէ, սա Հայաստանի ամենախայտառակ կապիտուլյացիան է, ավելի ծանր կապիտուլյացիա, քան՝ 2020 թվականին: Միջազգային հանրությունն ի՞նչ կարող է անել կամ ասել, երբ մեր հասարակությունը երկրորդ անգամ ընտրեց մի խմբի, որը մեզ տարավ պարտության, հանձնեց Արցախը եւ իրեն պահում է որպես սեփական ժողովրդի թշնամի, որը, կարծես թե, իր սեփական ժողովրդից վրեժ է լուծում: Ի՞նչ անի միջազգային հանրությունը, երբ մեր հասարակությունը որոշել է, որ իրեն հայրենիք պետք չէ, պետք է բարեկեցություն, սնունդ եւ փող: Իհարկե, միջազգային հանրությունն այս ամենը կողջունի, քանի որ Հայաստանում ռեալ շահեր չունի: Այստեղ հիմա տիրելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Միացյալ Նահանգները, ինչ-որ ձեւով կիսելու են իրենց ազդեցությունը Ռուսաստանի եւ, գուցե, Իրանի հետ: Բայց հիմնականում այս ուժերն են լինելու, իսկ հիմա բանակցություններ են գնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ուկրաինայի հարցով, եւ դրանից շատ բան է կախված լինելու մեր տարածաշրջանում: Ցավոք սրտի, մենք ոչ մի բան առաջարկելու չունենք ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ՝ Ռուսաստանին: Այս խայտառակ 7-ամյա քաղաքականության հետեւանքով մենք որեւէ սուվերենություն չունենք, եւ այստեղ ուրիշ երկրներն են որոշում մեր ապագան, ողջունում մեր կազմալուծումը եւ հանձնումը: Սա է հետեւանքն այն բանի, երբ դու փողոցից բերում ես անպատրաստ մարդկանց` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ մեր թշնամու կողմից բերված մի խումբ, որն իր ժողովրդին վերաբերվում է ատելությամբ եւ ժողովրդի գլխին բերում դժբախտություն՝ դժբախտության ետեւից:
- Թրամփի վարչակազմը ոգեւորությամբ արձագանքեց երկու կողմերի հայտարարությանը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը վերջին գրառմամբ երկու ուշագրավ շեշտադրում արեց: Նշեց բոլոր բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին՝ հայության համար այդքան ցավալի եւ կարեւոր թեմա շոշափելով, եւ տեղեկացրեց, որ Ալիեւի օգնականի հետ զրույցում նշել է, թե պետք է ավարտել այս համաձայնագիրը: Արդյո՞ք սա Վաշինգտոնի կողմից ակնարկ չէ՝ խաղաղության միանձնյա երաշխավոր լինելու մասին:
- Ողջունելի է, որ հայտարարություն է արվում, սակայն հարց է՝ ինչ ռեալ լծակներ ունի Միացյալ Նահանգները գերիներին ազատելու համար, քանի որ անցյալում եւս, Արցախի շրջափակման հետ կապված, նման հայտարարություններ արվել են, բայց դա որեւէ բանի չբերեց: ԱՄՆ-ն Հայաստանում որեւէ իրական շահ չունի, որեւէ ռեալ գործողությունների չեն գնալու, իրենց իրական դաշնակիցներն Իսրայելը, Ադրբեջանը եւ Թուրքիան են: Եթե այս հայտարարությամբ որեւէ հարց լուծվի, ողջունելի կլինի, բայց ես այդքան էլ մեծ հույսեր չունեմ, քանի որ Ադրբեջանը սովոր է անտեսել միջազգային հանրության կարծիքը: Պետք է ասել, որ նույն՝ միջազգային հանրություն ասածը, որպես այդպիսին, չկա, եթե, իհարկե, եղել է նախկինում՝ հաշվի առնելով վերջին օրերին սիրիական Լաթաքիայում տեղի ունեցած կոտորածները, դրանից առաջ՝ նաեւ պաղեստինցիների ցեղասպանությունը: Արեւմուտքը ոչինչ չարեց, ավելին, դեռ մի բան էլ՝ բերեց այս ահաբեկչին Սիրիայի իշխանության ղեկին: Այսինքն՝ որեւէ բարոյական դիրքորոշման մասին խոսելն անհնար է: Այս աշխարհում ամեն ինչ լուծվում է ուժով, եւ ԱՄՆ-ն Հայաստանում ոչ մի շահ չունի:
- Ուոլցի գրառման մեջ ուշագրավ է այն պնդումը, թե Ամերիկայի «ոսկե դարը» խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, մինչեւ դա իրականություն չդառնա։ Ինչ է, ամերիկյան «ոսկե դարաշրջանին» հայկական Արցա՞խն էր խանգարում:
- Ամերիկայի խաղաղության «ոսկե դարը» դուք հիմա տեսնում եք Եմենում, երբ ԱՄՆ-ն Իսրայելի պարտադրանքով հարձակվել է մի պետության վրա, որը փորձում էր զսպել եւ պատժել Իսրայելին՝ պաղեստինցիների ցեղասպանության համար: Դա է «ոսկե դարը», երբ Միացյալ Նահանգներն օգնում է իր դաշնակիցներին եւ կատարում իսրայելական լոբբիի պահանջը՝ հարձակվել Եմենի վրա եւ շարունակել պաղեստինցիների բնաջնջումը: Ինչ վերաբերում է Ուոլցի գրառմանը, մենք միշտ միամիտ ենք եղել եւ հավատացել ենք նմանօրինակ հայտարարություններին: Ցանկացած երկիր հետապնդում է իր շահերը, իսկ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերն Ադրբեջանն են, ադրբեջանական նավթն ու գազը, Իսրայելի լոբբին եւ Թուրքիան: Իսկ թշնամիներն են Իրանը, հնարավոր է՝ նաեւ Ռուսաստանը, պետք է սպասել, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի հարցով բանակցությունները: Հնարավոր է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնվեն, բայց իրենց դաշնակիցները մեր ռեգիոնում շարունակում են մնալ Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայելը: Միամիտ պետք չէ լինել:
- Փորձագետների համոզմամբ՝ Թրամփն այժմ գերազանցապես կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու, ինչպես նաեւ՝ Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու վրա: Այս համատեքստում Վաշինգտոնն ի զորո՞ւ է ետ պահել Թուրքիային եւ Ադրբեջանին հերթական արկածախնդրությունից, այդ թվում՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայից:
- Թրամփի վարչակազմն ունի մի քանի առաջնահերթ խնդիր. առաջինը՝ կատարել իսրայելական լոբբիի բոլոր կարգադրանքները: Եմենի հութիների վրա հարձակման մասին արդեն նշեցի՝ պաղեստինցիների բնաջնջման նպատակով: Երկրորդը՝ գուցե հարձակվել կամ ճնշել Իրանի կառավարությանը, քանի որ ԻԻՀ-ն միակ խոշոր պետությունն է մեր տարածաշրջանում, որն ընդդիմանում է Իսրայելի էքսպանսիային եւ պաղեստինցիների ցեղասպանությանը: Բնականաբար, Ուկրաինայի հարցը` Թրամփը չի ցանկանում այլեւս այնտեղ ամերիկացի հարկատուների միջոցներից գումարներ ծախսել: Նա ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծվի, բանակցություններ են ընթանում, սակայն շատ դժվար է տեսնել, թե առաջիկա մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում ինչպես կարող է այս կոնֆլիկտը հանգուցալուծվել, որովհետեւ սա շատ բարդ կոնֆլիկտ է, կողմերը ետ չեն կանգնում իրենց դիրքորոշումներից: Ետ էլ չեն կանգնի, եւ սա կարող է բերել ավելի լուրջ առճակատման: Սրանք են Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները, եւ, կրկնեմ` Թրամփի համար Հայաստանում առաջնահերթություններ չկան: