Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, անցած ամիս տեսակապով խոսել է ամուսնու հետ:
«Տեսակապով ենք Վիգենին տեսել անցած ամիս, նա ավելի հարմարված տեսք ուներ։ Ինձ պատմեցին, որ Վիգենը նույն բանտում է, սակայն տեղափոխվել է ավելի հարմար սենյակ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց տիկին Լինդան։ Նա նշեց, որ ամուսնու վիճակն ավելի լավ էր, քան նախորդ անգամ, նույնիսկ մի քիչ քաշ էր հավաքել։
Վիգենն իրենից հագուստ է խնդրել։ «Իր հագուստը բաժանել էր մյուս բանտարկյալներին, երբ իմացել էր, ու շուտով Հայաստան է վերադառնալու գերիների խմբի հետ, ու, փաստորեն, առանց հագուստ էր մնացել։ Նա ինձնից նոր հագուստ խնդրեց, իր սիրած ուտելիքներից եւ մեր նկարներն է խնդրել»,- ասաց կինը։
Կարմիր խաչի աշխատակիցները Վիգենի կնոջը տեղեկացրել են, որ նա որեւէ առողջական խնդիր այս պահի դրությամբ չունի։ Բայց Վիգենը խնդրել է կնոջը՝ իրեն ուղարկել նաեւ դեղեր, որոնք նա ստանում է Կարմիր խաչից։
Այժմ Լինդան սպասում է ամուսնու ամսվա վերջին հեռախոսազանգին` այս ամիս դեռեւս նամակ կամ որեւէ լուր չի ստացել նրանից։ Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունն էլ էր որոշել օգնել Վիգեն Էուլջեքջյանին: Վիգենի կնոջ հետ կապ է հաստատել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պաուլա Յակուբեանը, ով Վիգենի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Լիբանանի վարչապետին։ Դեռեւս նորություններ չկան, սակայն Լինդան շարունակում է հուսալ ու հնարավորինս հանրայնացնել ամուսնու հարցը։ Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանին գերեվարել էին ադրբեջանցիները` Շուշիի մոտ, երբ նա նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից անմիջապես հետո գնացել էր իրերը Շուշիից վերցնելու։