Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե միջանցքը տրվի, նշանակում է, որ իրենք գալիս-ամրանում են Հայաստանի տարածքում

«Հրապարակ». Եթե միջանցքը տրվի, նշանակում է, որ իրենք գալիս-ամրանում են Հայաստանի տարածքում

Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջների ֆոնին իշխանությունները հրապարակ են նետել մի թեզ, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են միջանցքի գաղափարից, ավելին՝ Էրդողանը հայտարարել է, որ եթե հայերից չստանան, ապա Իրանի տարածքով կանցնի այդ միջանցքը։ Հարց է առաջանում․ իսկ ինչպե՞ս էին մինչ այս ադրբեջանցիները գնում Նախիջեւան, օդո՞վ, թե՞ գետնի տակով, որ հիմա նոր Իրանի տարածքով ճանապարհ կամ միջանցք են կառուցում։

Մեզ հետ զրույցում տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն ասաց, որ Իրանի տարածքով ճանապարհը 30 տարի առաջ է շահագործման հանձնվել։ «Այդ կապը 30 տարի է՝ կա, 1991-92 թվականներից այդ ճանապարհն աշխատում է, նոր բան չեն ասում։ Դա առաջին կարգի ճանապարհ է՝ 3 երթեւեկության գոտիով, ինչպես, օրինակ, Սիսիանի մեր ճանապարհը․ 3 մեքենա իրար կողքի կարող են գնալ, մեկը՝ հանդիպակաց, 2-ը՝ համընթաց, այդ ճանապարհը 1991-92 թվականներից աշխատում է, շատ բարձր կարգի ճանապարհ է։ Այնպես որ, նրանք ավտոմոբիլային ճանապարհի առումով նոր բան չեն ասում, եթե մտածում են երկաթուղի կառուցելու մասին, ապա այսօր ապրող ոչ մեկն այդ երկաթուղին չի տեսնելու կառուցված, շատ դժվար տեղանքներ են, ասում են՝ ասելու համար։ Եթե երկաթուղին կառուցում են, ապա մեծածավալ բեռների տեղափոխման խնդիր կա, իսկ Ադրբեջանից դեպի Թուրքիա, դեպի Եվրոպա եւ այլն, գոնե մոտ ապագայում ես մեծածավալ բեռ չեմ տեսնում։ Չինաստանից Եվրոպա չի գնա, որովհետեւ հիմա ոչ թե աճում է Չինաստանից շրջանառությունը, այլ՝ նվազում է։ Այնպես որ, դա մի քիչ մեզ վախեցնելու կամ շահագրգռելու տարբերակ է, պետք է դրան շատ իմիջիայլոց նայել»,- պատասխանեց նախկին նախարարը։

Քոչինյանին հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են «Զանգեզուրի միջանցք» պահանջում, երբ Իրանով կապն արդեն ունեն, ինչո՞ւ է Ադրբեջանի ու Թուրքիայի համար այդ հարցն այդքան սկզբունքային։ «Ինչպե՞ս է ութոտնուկն իր ճանկերը գցում․․․, եթե միջանցքի ձեւով այդ ճանապարհը տրվի, ապա դա նշանակում է, որ իրենք գալիս-ամրանում են Հայաստանի տարածքում, իսկ եթե տարանցիկ ճանապարհ է, ապա ուզում է՝ թուրքը գնա այդ ճանապարհով, ուզում է՝ պարսիկը գնա, ով ուզում է՝ գնա։ Հիմա եթե այսօր իրանական մեքենան գալիս է Հայաստանի տարածքով, տարանցիկ գնում է Վրաստան, Ռուսաստան կամ մեկ այլ տեղ, այդտեղ ոչ մի բան չկա, չէ՞, գալիս մեզ մոտ վառելիք են լցնում, մեզ մոտ սնվում են, հյուրանոց են գնում եւ այլն, որոշակի վճարումներ են կատարում եւ այլն։ Տարանցիկ ճանապարհը ձեռնտու է, միջանցքը՝ ոչ։ Միջանցքը նշանակում է, որ ուրիշինն է։ Նրանց մեր տարածքով միջանցք տալն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է»,- պատասխանեց Քոչինյանը։

Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ «խաղաղության պայմանագրի» դրույթներից մեկն էլ վերաբերում է «անկլավներին»։ Եթե Տավուշի մարզի 3 «անկլավները» Փաշինյանը հանձնում է, դա նշանակում է, որ Հայաստան-Վրաստան ճանապարհը դադարում է գործել։ «Եթե քարտեզը բացեք, Իջեւանից Նոյեմբերյան ենք գնում, հետո հասնում ենք Բագրատաշեն։ Եթե անկլավները տրվեն, ապա այդ ճանապարհը կտրվում է։ Այսինքն՝ մենք պետք է նոր ճանապարհ կառուցենք՝ շրջանցող, կամ էլ ընդհանրապես այդ ճանապարհից չենք օգտվում»,- ասաց Քոչինյանը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ նոր ճանապարհ կառուցելը հե՞շտ բան է․ տեղանքը, ֆինանսական միջոցները թույլ տալի՞ս են։ Քոչինյանի խոսքով՝ ավելի կարեւոր խնդիրը տարածքների կորուստն է․ «Տեղանքը համեմատաբար դժվար չէ, անտառային է եւ այլն, կարելի է կառուցել, բայց երբ դուք ձեր ճանապարհը սահմանից հեռացնում եք, ասենք՝ 5 կմ տարաք խորք, նշանակում է, որ դուք տարածք կորցրիք, չէ՞․ այդ ճանապարհից անդին, դեպի իրենց կողմ, մնում է առանց օգտագործելու, մարդիկ անասուն էլ չեն տանում էդտեղ։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ճանապարհն այստեղով անցնի, թե՝ 3 կիլոմետր ձախ կամ աջ, այլ խնդիրն այն է, որ երբ ճանապարհը տեղաշարժում եք, ճանապարհ եք կորցնում։ Առանց այն էլ մի տարածք չունենք, էս եղածից էլ էս մեկը չօգտագործենք, էն մեկը չօգտագործենք, այդ տեսակետից են մեր կորուստները։ Հետո՝ արդեն կառուցված ճանապարհ ունենք, չէ՞, եթե դուք նորն եք կառուցում, այդ նորի համար ծախսեր եք անում, փոխանակ այդ նորի վրա ծախսեր անեք, կարող եք եղած ճանապարհներից մեկը նորոգել կամ շատ ավելի կարեւոր ճանապարհ կառուցել։ Պատկերացրեք՝ տանը Դուք մի պահարան ունեք, շատ էլ լավ պահարան է, դա չեք օգտագործում, գնում մեկ ուրիշն եք առնում։ Փող է, չէ՞, ծախսվում, պահարանի փոխարեն կարող եք սեղան առնել։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ անկլավների հարցը չլինի։ Դրան գումարած՝ այդ տարածքները, որոնք իրենք անկլավ են համարում, անցած 30 տարիների ընթացքում այդտեղ մարդիկ են ապրում, տնտեսություն են ստեղծել, հո միայն ճանապարհի խնդիրը չէ՞»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image