2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ բոլորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին դավաճանության մեջ, իսկ ինքը թաքնվել էր բունկերում, պարզ էր, որ հարկավոր էր լիցքաթափել իրավիճակը։ Եվ Փաշինյանը բունկերից դուրս գալով՝ որոշեց մեղայականով հանդես գալ եւ խոստումներ տալ, որ 6 ամսվա ընթացքում շտկելու է իրավիճակը։ Եվ հենց 18-ին էլ Ֆեյսբուքում հրապարակեց գործողությունների 6-ամսյա ճանապարհային քարտեզ։ «Այս միջոցառումների իրագործումն անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց նա։
Իսկ մեկ շաբաթ անց՝ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում նորից խոսեց ճանապարհային քարտեզի իրականացման կարեւորության մասին, որը կազմված էր 15 կետից։ Սակայն վեց ամիս անց հասարակությունն արձանագրեց, որ Նիկոլն իր խոստումներից գրեթե ոչ մեկը չի կատարել, այսինքն՝ դա հերթական թոզփչոցին էր, որով ուզում էր ժամանակ շահել՝ ժողովրդի ցասումից խուսափելու համար։
Անցել է արդեն 2 տարի, եւ մենք որոշեցինք նորից անդրադառնալ այդ 15 կետին, թե որ կետն է իրականություն դարձել եւ ինչ չափով։
1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:
- Հենց առաջին կետը միանգամից խոսում է այս ճանապարհային քարտեզի սնանկության մասին։ Այս երկու տարվա ընթացքում պարբերաբար խոսվեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն այլեւս գոյություն չունի, եւ չնայած համանախագահող երկրների գործադրած որոշ ջանքերին, որ վերակենդանացնեն Մինսկի խմբի ձեւաչափը, Ադրբեջանն ամեն ինչ արեց դրա տապալման համար, եւ հիմա բանակցություններն ընթանում են փաստացի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ ձեւաչափով, որտեղ Հայաստանը, մեծ հաշվով, որեւէ դերակատարում չունի։ Իսկ Արցախի կարգավիճակի մասին գնալով ավելի քիչ է խոսվում՝ ավելի շատ խոսվում է Արցախը վերջնական հանձնելու եւ այն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Եվ այդ մասին արդեն բացահայտորեն խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները։
2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
- Պատերազմից երկու տարի անց արցախցիների միայն մի մասն է վերադարձել Արցախ եւ ապահովվել բնակարաններով։ Հակառակը՝ շարունակում են հանձնվել Արցախի որոշ բնակավայրեր, որոնք պատերազմից հետո մնացել էին մեր տնօրինության տակ, եւ շարունակում են տեղահանվել արցախցիներն իրենց բնակավայրերից։ Վերջինը օգոստոսին հանձնված Բերձորը, Աղավնոն ու Սուսն էին։ Այսինքն, այս կետն էլ չի իրագործվել՝ վերաբնակեցման փոխարեն Արցախը շարունակում է հայաթափվել։
3. Զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:
- Այս երեք կետերն այս կամ այն չափով իրագործվել են, չնայած կան նաեւ բողոքներ ու դժգոհություններ։
6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
- Չնայած այս ընթացքում մի քանի անգամ խումբ-խումբ գերիներ են վերադարձվել Հայաստան, սակայն Բաքվի բանտերում դեռեւս շարունակում են մնալ հայազգի մարդիկ, կան անհետ կորածներ։ Եվ 2 տարի անց «շուտափույթ պարզաբանում» բառերն առնվազն ստախոսության տպավորություն են թողնում, քանի որ այս իշխանությունները վաղուց արդեն մոռացել են գերիների մասին եւ ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։
7. Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:
- Սա կենացային մակարդակի հիպոթետիկ խոստում է, որի իրականացված լինել-չլինելը չափելի չէ, կարող ենք համարել, որ այս կետը մտցվել է քարոզչական նպատակով։
8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:
- Թե ինչ պայմաններում են հայ զինծառայողները շարունակում իրենց ծառայությունը պատերազմից հետո՝ դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան։ Բայց եթե «Զինված ուժերի բարեփոխումներ» ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Արցախից հայկական զորախմբի վերջնական դուրսբերումը կամ 24 միլիոնով ծառայությունից ազատելը, ապա ցավով արձանագրենք, որ այս կետը կամաց-կամաց «իրականություն» է դառնում։ Իսկ իրականում 2 տարում բանակը կազմալուծել են, զինվորականությանը կամազուրկ դարձրել։
9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:
- Սա պոպուլիստական կետ է, որը ոչ մի կապ չունի ՀՀ կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կորոնավիրուսն ինչպես ընկավ մեր գլխին, այնպես էլ մի օր պիտի հաղթահարվեր կամ դառնար մեր կյանքի անբաժան մասը, ինչը եւ եղավ։
10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
- Տնտեսական ակտիվության ցուցանիշները, ինչ խոսք, բավականին բարձր են այս տարի, բայց սրանում եւս Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության ներդրումը զրոյական է։ Աշխարհաքաղաքական իրողությունները, ռուս-ուկրաինական պատերազմը եւ այլ գործոններ նպաստեցին, որ որոշ ոլորտներում աշխուժություն նկատվի։ Թեեւ սա բարձր գնաճ բերեց, որը խփել է մեր ժողովրդի գրպանին, իսկ տնտեսական ակտիվությունից օգտվել է մի փոքր խավ եւ պետական բյուջեն ու պարգեւավճարներ ստացող ՔՊ-ն։
11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
- Սա եւս կենացների շարքից է՝ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե դրանք որ ծրագրերն են եւ ինչպես են ակտիվացել։
12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ «Կուսակցությունների» մասին նոր օրենքի ընդունում:
- Այս կետի իրագործումը որեւէ կապ չունի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի հետ, դա միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի անձնական շահերի սպասարկման համար է մտցվել, եւ ոչինչ չի արվել այս ուղղությամբ։
13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
- Այս ուղղությամբ քայլեր կատարվել են՝ իշխանություններին կամակատար մի քանի դատավոր է նշանակվել, իսկ ապօրինի գույքի բռնագանձման մի քանի շոուներ են բեմականացվել։
14. Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
- Այս կետն իրագործվել է միայն սորոսական կազմակերպությունների մասով։ Քաղաքացիական հասարակությունից ամբողջովին կտրված եւ հազարավոր ոստիկաններով իրեն մարդկությունից մեկուսացրած Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հանդիպում է որոշ կեղծ ընդդիմադիր ուժերի կամ իրեն կցված անհատների հետ, իսկ իրական քաղաքական, լրատվական դաշտի հետ նա մշտական պատերազմի ու թշնամանքի մեջ է։
15. Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:
- Սա նույնպես անիմաստ կետ է։ Բավական է հիշել, թե ինչպիսի հայհոյանքներով ու վանկարկումներով են Նիկոլ Փաշինյանին դիմավորել եվրոպական երկրներում սփյուռքի մեր հայրենակիցները, եւ ինքն ինչպես է ամենահայտնի սփյուռքահայ գործիչներին զրկել Հայաստան մուտք գործելու հնարավորությունից, եւ իր սփյուռքի հանձնակատարի դեմ ինչ հայտարարություններ են արել ամենամեծ՝ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները։ Իհարկե, ինչ-որ սփյուռքահայերի հետ «կոնսուլտացիաներ» արվում են՝ Փաշինյանի կնոջ հիմնադրամի համար գումարներ կորզելու նպատակով։
Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը հերթական մանիպուլյացիան եւ թոզփչոցին էր՝ ժողովրդին ուղղված։