Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, և առաջարկել է փոխել քավորին։ Տեր Հայրը պարզաբանելով իր որոշումը՝ մանրամասներ է ներկայացրել ու նշել, որ Եկեղեցին ահաբեկիչների որջ համարող անձը կամ անձինք իրավունք չունեն մասնակցել եկեղեցական կարգով արվող որևէ արարողության, քանի դեռ քրիստոնյային ոչ վայել վարքագիծ են դրսևորում։
Հիշեցնենք՝ Նարեկ Գրիգորյանը Գեղարքունիքից ընտրված պատգամավոր է, որը մինչեւ պատգամավոր դառնալը, ըստ լուրերի, ձկնագողությամբ է զբաղվել, բանակից էլ ազատվել է ինքնավնասման միջոցով։ Նա ոչ միայն եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկներից է, այլեւ վերջին ժամանակները դարձել է ՔՊ ռմբարկուներից մեկը, խորհրդարանում հենց թեթեւ իրավիճակը լարվում է, նա կայծակնային արագությամբ բռունցքները պարզած սլանում է ընդդիմության կողմը։
Մենք մի քանի հարց ենք ուղղել պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, նա սկզբում համառում էր խոսել միջադեպի մասին՝ ասելով, որ նոր է Հայաստան վերադարձել, երեկոյան ծավալուն կանդրադառնա միջադեպին, այդուհանդերձ, մի քանի հարցի պատասխանեց։
-Պարոն Գրիգորյան, Ձեզ համար անսպասելի՞ էր, որ եկեղեցին այդպես կպատասխանի մարդկանց, ովքեր Եկեղեցու եւ նրա սպասավորների մասին ամենավերջին արտահայտություններն են արել եւ անում։ Իսկապես չէի՞ք սպասում։
-Դե, չէի սպասում, որ, օրինակ կլինի մեկը, ով Աստծու տանը գործունեություն ա անում, Աստծու խոսքը պետք ա տարածի եւ սատանայի կեցվածքով` եւս մեկ մարդու թույլ չի տա, որ դառնա քրիստոնյա, թեկուզ իրականում երեխու բախտը բերեց, որ չմկրտեց, սատանայի ձեռքով չկնքվեց։
-Տեր Հայրը պարզաբանել է, որ իր խնդիրը երեխայի հետ չէր, այլ ձեր՝ որպես իշխանության ներկայացուցչի, որը վարկաբեկում է հոգեւորականներին, Եկեղեցին ահաբեկիչների որջ է համարում, ուստի իրավունք չունեք մասնակցել եկեղեցական կարգով արվող որևէ արարողության, կնքահայր դառնալ։
-Իրանց համար, գիտե՞ք, ոնց ա, իրանք հանգիստ կարան սրբությունները փոխեն, առաջարկում էին քավորին փոխել, բայց քանի որ քավորը սրբություն ա, նորմալ մարդիկ սրբությունները չեն փոխում։ Օրինակ, բժիշկը, որ Հիպոկրատի երդում է տվել, ոնց որ գնաս ու ինքն ասի՝ ես էս կուսակցությունից մարդուն չեմ վիրահատում, լուրջ չի։
-Բայց չէ՞ որ դուք էլ մերժում եք Վեհափառին, նա ձեզ համար Կտրիճ Ներսիսյան է, եւ ինչպես Տեր Հայրն է հիշեցրել ձեզ, բոլոր քահանաներին վեհափառն է օրհնում, օծում, որ դառնում են հոգեւոր սպասավորներ։
-Նախ ես չգիտեի, որ իրանց Վեհափառն ա օծում, որովհետեւ Ռուսաստանում էլ կա մի հատ․․․էն մյուս Կտրիճը` Եզրաս ա, ինչ ա, բայց ինչ վերաբերում ա, մենք ասում ենք, ամուսնացյալ քահանաները մեր եղբայրներն են։ Չնայած էդ տերտերիկի մասնակցությամբ ես հետո տեսանյութ տեսա, չէի տեսել, ասում էր` պետք է ինձ թագավորի պես պահեք, չգիտեմ ինչ անեք, դրա համար եմ ասում, որ լավ էր չմկրտեց։
-Եթե իմանայիք, որ Վեհափառն է բոլորին օծում, չէի՞ք տանի մկրտության։
-Չէ, տեսեք, նույնիսկ վիդեոյում կա, ես ասում եմ, որ կապ չունի անունն ու անձը, ինքն ասում ա՝ մեզ վեհափառն ա օծել, ես էլ ասում եմ կապ չունի՝ ով ա օծել, դու ծառայում ես Աստծուն, իմ համար դու կարաս կնունք անես, բայց եթե ծառայում ես սատանային, իհարկե, չես կարա։ Ընդ որում՝ ինքը ուզում էր, որ մենք իրան համոզեինք, որ էդ արարողությունը անի, բայց երբ հասկացանք ինչի մասին է խոսում հենց մենք թույլ չտվեցինք, որ 40 օրական երեխուն սատանայի ձեռքով արարողություն անեին։ Շատ ու շատ քահանաներ կան, ովքեր Աստծուն են ծառայում, շատ ու շատերն էլ կան, որ Կտրիճին են ծառայում եւ բիզնես ոլորտում նրա մանրադրամներն են։
-Ի վերջո, մկրտություն տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ։
-Նախ սկզբից ինքը չէր թողնում մենք մտնենք եկեղեցի, հետո հասկացավ, որ ով արգելի Աստծո տուն մտնենք, դուրս կշպրտենք Աստծո տնից։ Մենք մտանք, աղոթեցինք, «Հայր Մեր»-ով սկսեցինք, բոլորս միասնաբար աղոթեցինք, երեխուն դուրս հանեցինք քառասունքից ու գնացինք մեր քեֆը շարունակեցինք։ Իսկ ինչ վերաբերում ա իրան ու իրա տիրոջը` Կտրիճ Ներսիսյանին, երեկոյան ես ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ։
-Դուք Աստծո տանը` եկեղեցում կրկին սպառնացել եք, որ Վեհափառին դուրս եք շպրտելու։
-Ես ասել եմ՝ սատանաներին ենք դուրս շպրտելու։
-Վեհափառի՞ մասին չեք ասել։
-Վեհափառն ո՞վ ա` Կտրիճ Ներսիսյա՞նը։ Դե էդ ամեն ինչը կպարզաբանենք, եթե հակառակը կպնդեն, կան նաեւ տեսանյութեր, էնպես չի, որ ըտենց հալած յուղի պես ոնց ասում են, ըտենց ա եղել։
-Դուք էիք որոշներին սպառնում, թե պետության համը բերանում կթողնեք, հիմա մարդիկ ձեր մասնակցությամբ միջադեպին արձագանքում են, թե` եկեղեցու համն էլ ձեր բերանում կթողնեն։
-Հանրությունը, հասարակությունը շատ լուրջ արձագանքներ է տալիս, կարող է մի թերթ, մի ֆեյք ինչ-որ բաներ գրեն, բայց հանրությունը հաստատ իր պատասխանը կտա։
-Չե՞ք համարում սա եկեղեցու ապտակը իշխանություններին։
-Եկեղեցին Աստծո տունն ա, ես սա համարում եմ սատանայի փորձը քրիստոնյաներին թույլ չտալ մտնել եկեղեցի եւ իրա ձախողումը։