2016 թվականին «Լուսակն» հրատարակչությամբ լույս ընծայվեց ազգությամբ ռուս ամերիկացի արձակագիր Վլադիմիր Նաբոկովի «Երկեր» ընդարձակ հատորը (612 էջ), ռուսերենից թարգմանությունը՝ Արմեն Հովհաննիսյանի: Հատորը հրատարակության է պատրաստել Հ. Կ. Մելիք-Վրթանեսյանը, տիտղոսաթերթին՝ գիրքը ներկայացնող խորագրում ասվում է․ «Գրքում ընդգրկված գործերը հայ հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի վերջին թարգմանություններից են: Նկատառում - Բնագրի ռիթմը՝ յուրահատուկ մեղեդին ու դադարները, բառիմաստային շեշտերն անկորուստ փոխադրելու համար, որոշակիորեն պահպանվել է հեղինակի յուրահատուկ գրելաոճին բնորոշ կետադրությունը»:
Անշուշտ, աներկբա են թարգմանական արվեստում Արմեն Հովհաննիսյանի ներդրած ավանդն ու ակնառությունը: Հիշենք թեկուզ Իսկահակ Բաբելի «Հեծյալ բանակը», «Օդեսյան պատմվածքները» շարքի թարգմանությունները: Ահա՝ բաբելյան լեզվի մանվածքները, բիրտության ներքո քողազերծված նրա լեզվահեւքերի նրբին լուսավորումը, որը փոխանցվել է, ինչ-որ առումով տակավին կառուցվել ու վերստեղծվել բոլորովին նոր լեզվաշխարհում՝ հայերենում:
Կամ՝ 20-րդ դարի ռուս արձակի ձեւի եւ տարողության խիզախ նորարարներից մեկի՝ Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպի թարգամանությունը, որի դիպաշարն ու անօրինակ պոետիկան պարզապես տողից տող են գոյանում. վեպ, որտեղ տողերի լռությունն ու առիթմիան հայտնագործման դավանանքին են հպատակվում միայն: Ամեն քայլափոխի ոչ միայն որոնել, փոխակերպել կամ ստանալ, այլեւ վերստին հայտնագործել լեզուն. ներքուստ, թերեւս, սա է կամենում նաեւ Վլադիմիր Նաբոկովի բնագիրը, եւ որին էլ հավատարիմ է մնում Արմեն Հովհաննիսյանը:
Վլադիմիր Նաբոկովի «Երկեր» հատորում զետեղված են բեռլինյան շրջանի վեպերից՝ «Հուսալքություն»-ը (1934), «Մահապատժի հրավեր»-ը (1936) եւ «Ուրիշ ափեր»-ը: Վերջինը գրվել է անգլերեն, ապա՝ 1953 թվականին, հեղինակային շարադրմամբ վերապատմվել է ռուսերեն: Հետագայում Նաբոկովը վերադարձել է այս ստեղծագործության անգլերեն տարբերակին, փոփոխել է, ընդլայնել այն, ապա հրատարակել 1966 թվականին՝ «Հիշողություն, խոսիր» վերնագրով:
Անդրադառնալով «Ուրիշ ափեր» եւ «Հիշողություն, խոսիր» գրքերին՝ Նաբոկովը քանիցս պնդել է, որ դրանք բոլորովին տարբեր ստեղծագործություններ են՝ ենթարկված խորքային ձեւափոխումների: «Ուրիշ ափերի» ռուսերեն հրատարակության նախաբանում Նաբոկովը գրում է․ «Անցնելով ուրիշ լեզվի՝ այդկերպ ես հրաժարվում էի ոչ թե Ավվակումի, Պուշկինի, Տոլստոյի - կամ Իվանովի, դայակիս, ռուսական հրապարակախոսության - մի խոսքով, ոչ ընդհանուր լեզվից, այլ անհատական արենակից խոսվածքից:
Յուրովի արտահայտվելու բազմամյա սովորությունը թույլ չէր տալիս նոր ընտրած լեզվում բավարարվել դաջվածքներով, - ե՛ւ առաջիկա վերամարմնավորման հրեշավոր դժվարությունները, ե՛ւ կենդանի, ձեռնասուն էակից բաժանվելու սարսափը նետեցին ինձ մի վիճակի մեջ, որի մասին հարկ չկա ծավալվելու. ասեմ միայն, որ որոշակի մակարդակի հասած եւ ոչ մի գրող ինձնից առաջ դա չի ճաշակել» (էջ 363):