Անկախ Հայաստանում էլ պահպանվել է խորհրդային տարիներին բնորոշ պետական պարգեւներ, մրցանակներ հանձնելու արարողակարգը, եւ սովորաբար պարգեւներ ու մրցանակներ են տրվում իշխանությունների նկատմամբ բարյացկամ կամ լոյալ վերաբերմունք ցուցաբերած արվեստագետներին։ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե չպե՞տք է արդյոք վերանայվի այդ կարգը։
«Դուք միավորում եք երկու տարբեր խնդիր։ Մի դեպքում՝ պետական մրցանակները պե՞տք է մնան, թե՞ ոչ, երկրորդ դեպքում՝ այդ մրցանակները բաշխվել են ոչ արդարացի եւ ոչ ըստ արժանվույն։ Պետական մրցանակները Խորհրդային միությունը չի հորինել, այդ մրցանակները միշտ եղել են։ Ժամանակին եղել են թագավորի պարգեւներ, Պատվո լեգեոնի շքանշան։ Բոլոր երկրներն էլ ունեն իրենց պետական մրցանակները։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ պետությունը որեւէ մեկին հասարակությանը, ժողովրդին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար շնորհում է պարգեւ։
Ի՞նչ է պարգեւը։ Բոլոր անհատներն ունեն հասարակական ճանաչման խնդիր։ Եվ արդարացի կլինի, որ պետությունը, հասարակությունը ճանաչեն մարդկանց մատուցած ծառայությունները։ Այդ իմաստով ես բոլորովին դեմ չեմ պարգեւներին։ Եթե մարդը տարիներով անխոնջ աշխատել է կամ մեր ազգային գիտությունը, մշակույթը հասցրել է ինչ-որ մակարդակի, ինչո՞ւ չստանա այդ պարգեւը։ Այլ հարց է, թե այդ մրցանակները ինչ սկզբունքով են շնորհվում։ Դա կարելի է վերանայել, ստեղծել հանձնաժողով, չափորոշիչները փոխել։ Ասենք՝ չլինի ժողովրդական կամ վաստակավոր արտիստ, լինի ուրիշ կոչում։ Բայց ճանաչումն, անշուշտ, պետք է»,- մեզ հետ զրույցում նշեց Նազենի Ղարիբյանը։