Հասարակություն

Պարեկներն անգամ հայերեն չգիտեն, «զեկուցագիր» բառի մեջ 6 սխալ են անում

Պարեկներն անգամ հայերեն չգիտեն, «զեկուցագիր» բառի մեջ 6 սխալ են անում

Հայաստանում պարեկային ծառայության ստեղծումը համարվում է ոստիկանության համակարգի ամենաառանցքային բարեփոխումը, բայց չկա գեթ մեկ քաղաքացի, որը գոնե մի անգամ ռեալում կամ առցանց տեսած չլինի, թե ինչպես են այս նոր տիպի ոստիկանները հայհոյում, բռնության ենթարկում մարդկանց, խախտում վարորդների հետ շփման կարգը, դրսեւորում, մեղմ ասած, իրավապահին ոչ բնորոշ վարքագիծ: Պարեկ դառնալու համար բավարար է ունենալ միջնակարգ կրթություն եւ վեցամսյա հատուկ կուրսն ավարտելու վկայական, բայց ստանում են նրանք մոտ 400 հազար դրամ աշխատավարձ, ինչը բաժիններում աշխատող ոստիկանների նախանձն է հաճախ շարժում:

«Դա ամերիկյան ծրագիր էր՝ տեխնիկապես հագեցած ծառայություն ստեղծել, ժամանակակից պահանջներին համապատասխան: Պարեկներն իբրեւ թե 3 լեզու գիտեն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, բայց հարցրեք ցանկացած պարեկի՝ անգամ հայերեն չգիտեն: Հասարակ զեկուցագիր գրելուց «զեկուցագիր» բառի մեջ վեց սխալ են անում»: Մեր զրուցակիցը, որի ցանկությամբ  նրա անունը չենք հրապարակում, ոստիկանության մայոր է, մոտ 30 տարի եղել է ոստիկան, տեսել է Մարտի 1, 44-օրյա պատերազմից հետո վերապատրաստություն է անցել դատաբժշկական փորձաքննության գծով, երկար աշխատել է Կենտրոնի բաժնում: «Միեւնույն է, հայտնի չեմ, սովորական մայոր եմ,- ասում է,- ամեն ծառայություն իր նրբությունն ունի. բաժինը՝ իրենը, համայնքային ոստիկանությունը, հատուկ նշանակության գումարտակը՝ կարմիր բերետները, իրենը: Նրանք ստանում են բոլորից բարձր, որ իրենց երբ ուզեն, ասեն՝ սրանց ջարդելով տարեք, գան տանեն, պարեկայինը՝ իրենը: Հիմա սրանց բերեցին, ասեցին՝ փող առնել չկա, էսքան աշխատավարձ եմ տալիս, դուք պրոֆեսիոնալ մարդիկ եք, դուք վերջն եք, բաժնի աշխատողները տուպոյ են: Դրա համար նրանք 200 հազար են ստանում: Ո՞նց աշխատես սրանց հետ, դիմումս գրեցի, դուրս եկա»,- նկարագրում է մայորը:

Ի՞նչ ակնհայտ սխալներ են անում, օրինակ։ Հարցիս պատասխանում է. «Տարրական բան՝ զանգում եք «02», նշում եք, օրինակ, Մաշտոցի փողոց, էսինչ շենք: Առաջ մենք բնակարանն էինք նշում, մուտքը, երբեմն՝ նաեւ հարկը, տուպոյ մարդն էլ կգնար, կգտներ: Սրանց սպանության վայր ես ուղարկում` չեն գտնում: Մարդը րոպեն մեկ զանգում, ասում ա՝ ի՞նչ եղան ձեր ոստիկանները, արդեն մարդը սպանեց կնկան: Վթար էր լինում, ուղարկում էինք դեպքի վայր, լրիվ ուրիշ տեղ էին գնում, զանգում էին, ասում՝ ստեղ վթար չկա»: Ասում է ու անցնում ոստիկանների պաշտպանությանը: «Տեսեք՝ ղեկավարությունն ա մեղավոր: Չի տալիս պետական միջոցներ, բենզին ա լցնում համայնքային ոստիկանի մեքենան կամ բենզինի փող ա տալիս, ասում ա՝ գնա, քո ավտոն քշի: Բաժնում կա մի հատ հերթապահ մեքենա, բայց կարող է 10 րոպեում 15 ահազանգ լինի, ո՞ր մեկի հետեւից գնան: Իսկ մեքենան փչանում է, նույն թաղայինի վրա ա ծախսը»:

Ինձ հետաքրքիր է խցանումների հարցը, թե ինչու չեն կարողանում արագ բացել: Հարցը, ըստ մայորի, գրագիտությունն է: «Իրենց չեն սովորեցրել՝ պռոբկեն ոնց բացեն: Ասենք՝ կապ են տալիս, ասում են, օրինակ, Հայրենիք պռոբկա ա, Սեւանի փողոցի կողմից թուլացրեք: Բռնում, բոլորի թեւերը փակում ա, նա չի հասկանում, որ պետք է մի թեւը բաց թողնել, որ նոր ավելի վատ խցանում չլինի, ասում ես՝ բացի, ասում ա, լավ ա, թող կայնեն»:

Որպես բռնություններ լուսաբանող լրագրող՝ ուզում եմ իմանալ, թե ինչու են ոստիկանները հայհոյում, բռնության ենթարկում մարդկանց, երբ դրա անհրաժեշտությունը չկա, երբ մարդը խելոք «բերման է ենթարկվում»: Մեղավորն ազգն է՝ ասում է: «Մեր ազգը հանգստի սովոր չի, քաղաքացին մտածում ա, որ իրեն ամեն ինչ կարելի է, դիմացինը մարդ չի, ոստիկան ա: Կա էդ ատելությունը, ու մենք դա զգում ենք: Ես իշխանական միտինգների շատ եմ մասնակցել, Սերժի վախտով, Նիկոլի, Քոչի, դա չի փոխվել: Ես աշխատում էի կանգնել մեջները, ագրեսիվները կան` դրանց կողքը: Ասում էի՝ ես ստեղ կանգնած եմ, հրաման եմ կատարում, դու էլ քո ղեկավարի հրամանն ես կատարում, մենք էլ ենք քո ղեկավարի օրոք ծառայել, ես ծառայում եմ պետությանը: Ինձ անձամբ չվիրավորես, եթե վիրավորեցիր, եռակի անգամ կստանաս, ո՛չ իմ ղեկավարին կնայեմ, ո՛չ էլ՝ քո»: Մայորը պատմում է, որ ծեծ, ջարդ, հայհոյանք միշտ էլ եղել են, ուղղակի պարեկների արտոնություններն ավելի շատ են: «Պարեկն իրավունք չունի մեքենան կանգնացնել, խուզարկել: Մեքենան նույն տունն ա, դա ապօրինի մուտք ա: Առաջ ես, ոստիկան, բաժնի աշխատող, օրինակ, կամ թաղային օպերը նման բան անեինք, մեզ կդատեին: Նա առանց դատարանի որոշման, առանց ընթերակաների խուզարկելու իրավունք չունի: Էսօր անունը դնում են ուժեղացված ծառայություն, ինչ ուզում՝ անում են: Ասում են՝ ուժեղացված ծառայություն է, որը բանավոր հրաման է: Չկա գրավոր հրաման, կարող են չենթարկվել: Վաղը եթե գնացին դատարան կամ ՀՔԾ, ոչ ոք մեջքներին չի կանգնելու»,- ասում է զրուցակիցս՝ մոռանալով, որ վաղուց իրավապահների ահուսարսափ ՀՔԾ-ն չկա: 
Հիշում է իր զրույցը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ, երբ դիմում էր գրել: «Ինձ ճանաչելով՝ կանչեց բաժին, ասեց` ինչո՞ւ ես դուրս գալիս, ասեցի՝ հոգնել եմ էս ծառայությունից, էս մարդկանցից, չեմ կարող էս շրջապատով աշխատել»: Հարցիս` ոչ մի դրական փոփոխություն չի՞ տեսնում, մի բան նշեց՝ որ հիվանդանոցը ոստիկանություն ահազանգ է տալիս միայն այն ժամանակ, երբ «կրիմինալ կա»: «Եթե մարդն ընկել, ձեռքը կոտրվել է, կամ երեխայի քթի մեջ ուլունք է մտել, առաջ զանգում էին ոստիկանություն, ԱԱԾ, հիմա էլ չեն զանգում: Ցանկացած բժիշկ կարող է տարբերել կրիմինալը հասարակ վնասվածքից»:

Հարցրեցի, թե ինչ տպավորիչ դեպք է հիշում՝ պատերազմից հետո փորձաքննական կենտրոնում վերապատրաստվել է։ «Սպանվածների շորերն եմ հիշում: Երեխեք կային, որոնց մեջքից էին խփել: Երեւի հարձակման կամ նահանջի ժամանակ անկանոն կրակել են, իրար են սպանել»: Հարցին, թե եղե՞լ է դեպք, որ ծառայության ընթացքում ինքը մարդ ծեծած լինի, ասաց՝ այո, եղել է, ու հիշեց, թե ոնց է հարվածել երիտասարդ մի կնոջ, որն այնպես էր ծեծել իր 2-3 տարեկան երեխային, որը հիվանդանոցում շնչակտուր էր լինում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image