Հասարակություն

Բաքվում Վենսը անդրադառնալու է հայ ռազմագերիների հարցին

Բաքվում Վենսը անդրադառնալու է հայ ռազմագերիների հարցին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում՝ ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու ռազմավարական «Թրամփի երթուղին», որը Վաշինգտոնը դիտարկում է Հարավային Կովկասում առևտրի, էներգետիկայի և ազդեցության վերաձևավորման առանցքային գործոն։

Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ այցի շրջանակում կենտրոնանալով տարածաշրջանում առևտրի, ներդրումների և ենթակառուցվածքների վրա։ Այցի առանցքում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP), այն նախատեսում է 43 կիլոմետրանոց ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի Հայաստանի տարածքով, որը Ադրբեջանը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ՝ միաժամանակ բացելով նոր՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արևելք–արևմուտք առևտրային ուղի: Տարանցիկ այս երթուղին մաս է կազմում խաղաղության համաձայնագրի, որը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև և նպատակ ունի վերջ դնել երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը:

Չնայած, որ մի շարք փորձագետներ մեծ հույսեր չեն կապում Վենսի այցի հետ, ավելին՝ այն համարում են զոտ պրոտոկոլային քայլ, ոչ ավելին, իշխանական շրջանակներն արդեն մի քանի օր է ցնծության մեջ են։ Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ»-ի  հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է․

«Անկեղծ ասած՝ ես անկախ ամեն ինչից կարևորում եմ Վենսի այցը, ես ունեմ լավատեսություն, եթե չասեմ՝ տեղեկություններ այն մասին, որ Բաքվում Վենսը անդրադառնալու է հայ ռազմագերիների հարցին։ Իհարկե, որոշ շրջանակներ վստահ տեսակետներ են հայտնում, որ Վենսի այցից հետո, կամ հենց այդ ընթացքում գերիները վերադարձվելու են, ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, սակայն ես անձամբ այդ կարծիքին չեմ, սակայն Վենսը Թրամփի խոսքի վրա հենվելով, որ քրիստոնյա գերիները պետք է ազատ արձակվեն, Բաքվում խնդիրը բարձրաձայնելու է։ Գրեթե վստահ եմ դրանում։ Եվրոպացի իմ գործընկերները ինձ վստահեցրել են, որ օրակարգում կա գերիների հարցը։ Ես հասկանում եմ, որ այս այցը օգտագործվելու է նաև Թրիփի հետ կապված ամերիկյան շահերը սպասարկելու համար, բայց մենք, կարծես, այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացած իրավիճակում ասում ենք՝ գոնե մի փոքր հաջողություն արձանագրենք։ Գոնե ռազմագերիների հարցը լուծենք։ Առաջիկա օրերին վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյաին ևս ցմահ ազատազրկման են դատապարտելու, քանի որ նրան մեղսագրվող հանցանքները մի քանի անգամ ավելի շատ են, քան Արայիկ Հարությունյանինը, Բակո Սահակյանինը և այլն։ Մայսին էլ ԵՄ-ն, Արևմուտքը Ռուսաստանի ինդադու ամեն ինչ անելու են, որպեսզի որոշ հարցեր լուծվեն։ Նրանք անպայման Ադրբեջանի վրա ճնշում են գործադրելու։ Ես չգիտեմ, թե դա ինչ գնով է լինելու, բայց լինելու է։ Ասում են, որ օրինակ Արցախի քաղաքական էլիտային ստիպելու են խնդրագրեր գրել և այլն։ Ես այս դետալների մեջ չեմ ուզում մտնել, ինձ համար կարևորն այն է, որ հայերը վերադառնան Հայաստան։ Ինչ վերաբերում է Նիկոլի իշխանությանը, ապա նրանց նպատակը մի բան է՝ այս բոլոր պրոցեսները օգտագործել հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ՝ հօգուտ իրենց»։

Հ․Գ Նկատենք նաև, որ Վենսի այցի օրակարգի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել, սակայն լուրեր են շրջանառվում, որ նա ոչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելելու, ոչ էլ Հայ առաքելական եկեղեցի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image