ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Դանիայում ՀՀ դեսպանատան փակման շուրջ ստեղծված շահարկումներին։ «Մենք բազմիցս ենք ասել, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում, եւ դրանցից է նաեւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացումը։ Այդ համատեքստում պետք է դիտարկել Դանիայի դիվանագիտական ներկայացուցչության միավորումը Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության հետ։ Այնտեղից էլ կլինի Հայաստանի ներկայացվածությունը տարածաշրջանում»,- ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ արվելու են այնպիսի քայլեր, որոնք նպաստելու են մեր դիվանագիտական ներկայացվածության աշխարհագրական ընդլայնմանը։
Արտաքին քաղաքական հարցերում, ըստ Աննա Նաղդալյանի, կա լիակատար համակարգում վարչապետի եւ արտգործնախարարի միջեւ։ Աննա Նաղդալյանը նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու է ՀՀ արտգործնախարարը, որքանով տեղյակ է՝ մասնակցելու է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը։ Եվ եթե լինի նման հանդիպում, ապա, ըստ նրա, համակարգված կտեղեկացնեն։
«Թուրան» գործակալության տնօրենի՝ Հայաստան կատարած այցին անդրադառնալով՝ ԱԳՆ խոսնակը նշեց, որ նա եկել է համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո, լրագրողական գործունեություն ծավալելու նպատակով։ Հունաստան-Մակեդոնիա բանակցություններին էլ են հետեւել ԱԳՆ-ում եւ կարծում են, որ դա կարող է երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության ուղիներ բացել։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Բելառուսի նախագահը պատրաստակամություն է հայտնել այցելելու Հայաստան, ե՞րբ կլինի դա, Աննա Նաղդալյանն արձագանքեց․ «Մենք մշտական կապի մեջ ենք Բելառուսի մեր գործընկերների հետ, Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում։ Այդ հարցի ուղղությամբ մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական աշխատանքները, եւ հստակ ժամկետների առումով հստակ բան ասել չեմ կարող»։
Աննա Նաղդալյանը շահարկումների շարքից է համարում նաեւ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին» դրույթը։ Նա հիշեցրեց, որ այդ դրույթն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, եւ այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Լրագրողներից մեկի հարցին, թե հայկական կայքերի աշխատանքը խափանված է ՌԴ-ում, ի՞նչն է պատճառը, երբ կկարգավորվի աշխատանքը, ԱԳՆ խոսնակը պատասխանեց․ «Խնդրի էությունից տեղյակ ենք, դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է պատկան մարմինների հետ։ Որքան տեղյակ եմ՝ այսօր խնդիրը մասնակիորեն լուծվել է։ Դա իր մեջ նաեւ տեխնիկական բնույթ է պարունակում»։