Հարցազրույց

ՍԴ-ում գործի քննությունը ցույց տվեց, որ իշխանությունը չունի ժողովրդի վստահությունն այնքան, որքան ցույց է տալիս

ՍԴ-ում գործի քննությունը ցույց տվեց, որ իշխանությունը չունի ժողովրդի վստահությունն այնքան, որքան ցույց է տալիս

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը՝ մերժելով քաղաքական 4 ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։ Զրուցել ենք «Հայաստան» դաշինքի անդամ, ՍԴ-ում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի հետ։

- ՍԴ դիմելիս կարծես հույս ունեիք, որ բարձր դատարանը ձեր պահանջներից գոնե երրորդը՝ մանդատները բաշխելու նոր կարգ սահմանելու որոշում կընդունի, սակայն ՍԴ-ն ամբողջությամբ մերժեց։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը, եւ ո՞րն է ձեր հետագա անելիքը։

- Հաշվի առնելով, որ ՍԴ-ում ես եմ ներկայացրել մեր դիմումը, կխոսեմ այդ շրջանակներում միայն, իսկ հետագա ավելի լայն գնահատականների տեսանկյունից եւ անելիքների մասով «Հայաստան» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։ Երբ մենք ներկայացնում էինք խնդիրները՝ հաշվի առնելով, որ դրանցից մի խմբի վերաբերյալ կար վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այսինքն՝ դրանք ոչ թե իրավական խնդիրներ էին, այլ՝ փաստեր, այս տրամաբանությամբ սահմանադրական արդարադատություն ակնկալելը տրամաբանական եւ ողջամիտ էր՝ զուտ ելնելով այն հիմնավորումներից եւ հիմքերից, որոնք տեղ էին գտել դիմումում։ ՍԴ-ում քննության ընթացքն ինքնին բացասական սպասումների հիմք եւս չէր տալիս, որովհետեւ դատավորներից շատերը, իսկապես, դիպուկ եւ կարեւոր հարցեր էին տալիս, բայց մեկ հարց կար, որը որոշակի մտահոգություններ էր առաջացնում, եւ ես մի քանի անգամ նիստերի ընթացքում դրանց անդրադարձել եմ։ Դա ներկայացված միջնորդությունների քննության հարցն էր, այստեղ լուրջ հարց էր առաջանում՝ ինչպե՞ս պետք է ՍԴ-ն հասցնի միջնորդությունները լուծել եւ դրական լուծման դեպքում ինչպե՞ս պետք է հասցնի ծանոթանալ դրանց։ Արդեն վերջին դատական նիստին ՍԴ-ն մերժեց բոլոր միջնորդությունները։ 

Նույնիսկ 109 հազար քաղաքացիների վերաբերյալ մեր այն պնդումը, կհիշեք՝ չաշխատող անձնագրերի, որը թույլ է տալիս մեզ պնդել, որ այդ մարդկանցից շատերն առհասարակ ՀՀ-ում չեն եղել, բայց իրենց փոխարեն եղել է ստորագրություն։ Մենք խնդրել էինք, որ ԱԱԾ-ի ՍԵԿՏ համակարգով նշված տեղեկությունը ճշտվեր՝ հերքելու համար մեր այդ պնդումը, բայց մերժեց մեր միջնորդությունը։ Իսկ ՍԵԿՏ համակարգը թույլ է տալիս պարզելու՝ տվյալ անձը երբ է մուտք գործել ՀՀ եւ երբ է դուրս եկել։ Ուշագրավ է, որ 2017 թվականին ընդդիմադիր խմբակցություններին թույլտվություն էր տրվել՝ հասանելիություն ունենալ այդ համակարգին եւ ստուգել։ Ողջամիտ բացատրություն չտրվեց, թե ինչու ՍԴ-ն մերժեց այդ միջնորդությունը՝ այն պարագայում, երբ հենց իրենք պետք է շահագրգռություն ունենային, որպեսզի վերջնականապես հաստատեին կամ հերքեին դա։ Դա արդեն անհանգստացնող ազդանշան էր։ Դրանից բացի, անհասկանալի է խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակացույցը․ ամսի 17-ին, երբ արդեն մնում էին հաշված ժամեր գործընթացի ավարտին, բայց ՍԴ-ից որեւէ տեղեկություն չկար, մեկ էլ երեկոյան 9-ին որոշումն է հրապարակվում։ Այս բոլոր ազդակների համակցումն արդեն իսկ կասկածների հիմք է տալիս։ Այո՝ սկզբում դրական էինք տրամադրված, բայց ունեցանք այն, ինչ ունենք։

- Իսկ ինչո՞ւ այդպես եղավ։

- Թույլ տվեք այսպես բնորոշեմ՝ ՍԴ-ն չունեցավ խիզախություն՝ արձանագրելու մեր ներկայացրած հիմքերը, փաստերը, բայց փաստերն անհերքելի են, վարչական դատարանի կողմից ընդունված վճիռն անհերքելի է, ԿԸՀ նիստի ընթացքում մեր հիմնավորումներն ընդունելն անհերքելի են՝ ՍԴ որոշումը որեւէ բան չի կարող փոխել։

- Այդուհանդերձ, փաստ է, որ իշխող թիմը կունենա մանդատների 3/5-ը եւ ինչ նախագիծ ուզենա, կընդունի՝ առանց ընդդիմության, հիմա ընդդիմության մանդատները վերցնելու հարցն է կարեւոր։

- ՍԴ որոշմանը նույնիսկ այդ կոնտեքստում պետք է մոտենալ խիզախության, Սահմանադրության գերակայության ապահովման կամքի բացակայության լույսի ներքո, այլ տրամաբանություն չկա։ 3/5-ի վերաբերյալ դուք հիշո՞ւմ եք՝ մեր հիմնավորումը հենց Սահմանադրության նախագծի հիմնավորումն էր, ոչ թե մեր մեկնաբանումը, որի գերակայության ապահովման պարտականությունը ՍԴ-ինն է։ Ի դեպ, դա մեր պահանջներից էր, մյուսների մասով եւս կարող եմ ասել, որ իրականում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն այնպիսի ծավալի խոցելիություն ուներ, այնպիսի զանգվածային ընտրախախտումներ կային, որ ողջամիտ ելքն այն էր, որ ընտրությունների արդյունքները պետք էր անվավեր ճանաչել։ Բայց ՍԴ-ն խուսափեց սահմանադրական արդարադատությունից, խիզախություն չդրսեւորեց՝ նկատի ունենալով, հավանաբար, այն մթնոլորտը, որն ունենք՝ վենդետաներ, մատներ կտրել, ձեռքեր կտրել։

- Դուք տպավորություն ունեք, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումնե՞ր են գործադրվել։

- Մթնոլորտն ինքնին այնպիսին էր, որ ճնշումներից զերծ մնալը մեծ խիզախություն էր պահանջում։ Չմոռանանք, որ ՔՊ-ին ներկայացնում էր արդարադատության նախարարը, այն նույն նախարարը, որը ՍԴ կազմը փոխելու նախաձեռնություն էր ներկայացրել եւ հաջողել այդ հարցում։ Կարծում եմ՝ սա եւս հոգեբանական մակարդակում պետք է գնահատականի առարկա դառնար։
Մամուլում հրապարակումներ կան, որ ՍԴ որոշումը միաձայն չի եղել, եւ առնվազն ոչ բոլորն են կիսել այդ մոտեցումը։

- ՍԴ դիմած «Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ ՍԴ որոշումը վիճարկելու է ՄԻԵԴ-ում. դուք ունե՞ք նման մտադրություն։

- Դիմել-չդիմելու հարցը կքննարկվի դաշինքում, ինքս իմ կարծիքն ունեմ, ընկերներս իրենց կարծիքն ունեն, այնպես որ՝ եկեք չշտապենք։

- Նախկինում նման դիմումները ՄԻԵԴ-ում քննվել են 7-8  տարի անց, այս պատճառո՞վ եք կամուկացի մեջ։

- Ամենամեծ խնդիրներից մեկը ՄԻԵԴ-ում, այո, այն է, որ քննությունները շատ երկար են տեւում, եւ երկրորդ՝ ՄԻԵԴ-ը վերջին տարիներին անհասկանալի վարքագիծ է դրսեւորում։ Եվրոպական դատարանը երբեք անդրադարձ չէր կատարել կալանքը վերացնելու հարցին, դիտարկում էր, որ եթե կալանքն իրավաչափ չէ, իրավունքի խախտում է, բայց բոլորովին վերջերս, ինչ է, թե անձի ազգանունը Նավալնի էր, եւ գործը վերաբերում էր ՌԴ-ին, ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրեց, որ պետք է կալանքը վերացնել, անձինք ազատ արձակվեն։ Սա որոշակի անհանգստության տեղիք է տալիս, բայց վերջնական կքննարկենք հարցը եւ կներկայացնենք մեր դիրքորոշումը։

- Կարո՞ղ ենք այլեւս փակված համարել սահմանադրական ճանապարհով պայքարի էջը, որը, փաստորեն, չհանգեցրեց իշխանափոխության, եւ ձեր հաջորդ քայլերը, գործողություններն այլ տիրույթում են լինելու։ 

- Կարող եմ հետեւյալն ասել՝ ՍԴ-ում գործի քննությունը, այո, ավարտվեց, բայց դա ցույց տվեց մի բան՝ այս իշխանությունը ժողովրդից այն ծավալի վստահություն, որը ցույց է տրվում, չի ստացել, որ այս ընտրությունների կեղծիքների մակարդակն այնպիսին է, որ ԿԸՀ որոշումը պետք է անվավեր ճանաչվեր, եւ այս պրոցեսն ի ցույց դրեց այդ հիմքերը, եւ հանրությունը տեսավ դա։ Այլ գործողությունների, մոտեցումների մասին, կրկին պետք է ասեմ՝ դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։

- Այս իրավիճակում, երբ սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել, մեծ հաշվով, հնարավոր չէ, որքանո՞վ է նպատակահարմար մանդատները վերցնելը, խորհրդարանում գործունեություն ծավալելը։ Ի՞նչ կարող եք փոխել ձեր 29 մանդատով, դուք կխոսեք, իշխանությունն իր մեծամասնությամբ օրենքներ կընդունի, ինչպես դուք եք ասում՝ երկիրը կհանձնի, ու կավարտվի ամեն բան։

- Եկեք ես այդ հարցերին չպատասխանեմ, կլինի հայտարարություն, եւ դուք մանրամասն կտեղեկանաք մեր դիրքորոշումների մասին։

- Եթե որոշեք, որ խորհրդարան եք գնում, անձամբ Դուք վերցնելո՞ւ եք մանդատը, լուրեր կան, որ բարձր վարձատրվող աշխատանք ունեք եւ չեք ուզում խորհրդարան գնալ։

- Այդ հարցի վերաբերյալ էլ դեռ դաշինքում քննարկում կունենանք, եւ ավելի ուշ կներկայացնեմ իմ դիրքորոշումը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image