Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:
Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց։
Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։