«Հայ ժողովուրդը, որ դարեր շարունակ հետապնդվել է մահմեդականների եւ կոմունիստների կողմից իր հավատքի համար, կրկին դարձել է էթնիկ զտման օբյեկտ։ Հազարավոր հայեր թողնում են իրենց հայրենիքն ու ստիպված լինում հեռանալ իրենց տներից, սեփական երկրում համարվելով օտար»,- իր սոցկայքային էջում գրել է Միացյալ Նահանգներում Սուրբ Աթոռի նախկին նվիրակ, արքեպիսկոպոս Կարլո Մարիա Վիգանոն։
«Որտեղ է միջազգային հանրությունը, որ միշտ պատրաստ է ողջունելու մահմեդական զինապարտ տարիքի միգրանտներին, որոնք փախչում էին պատերազմական գոտիներից կամ էլ ֆինանսավորում էր պրոքսի պատերազմն Ուկրաինայում՝ ռուսական ներխուժման անվան տակ։ Որտեղ է զայրույթ հարուցող Բերգոլիոն /Խորխե Մարիո Բերգոլիո՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս/ ում կարծիքով՝ ոչ մի էթնիկ զտում տեղի չի ունենում։ Կոչ եմ անում միջազգային կառույցներին անհապաղ օգնություն եւ պաշտպանություն տրամադրել հայերին, բացելով մարդասիրական միջանցք նրանց ընդունման համար եւ նախեւառաջ՝ ձեռնարկելով անհետաձգելի դիվանագիտական քայլեր, որպեսզի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց տներ»։